Վերջին տվյալները Եվրոպայում վրացի միգրանտների թվի մասին " />

Վրաստանը խստացնում է օրենսդրությունը․ Եվրոպայում ապաստան ստանալու համար միջնորդելը կպատժվի

Վերջին տվյալները Եվրոպայում վրացի միգրանտների թվի մասին

Գերմանիա։ Այստեղ միգրանտներ են բնակվում։ REUTERS/Ina Fassbender

Վրաստանի իշխանությունները պլանավորում են խստացնել այն անձանց հանդեպ օրենքը, որոնք փորձում են ապաստան ստանալ արտասահմանում։ Նախագծի համաձայն՝ պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն ապօրինի միգրանտներն, այլև միջնորդները։ Ինչի՞ մասին է վկայում 2018թ-ի վիճակագրությունը։ Եվ ի՞նչ է ապօրինի միգրանտներին հորդորում արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

__________________

Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ապօրինի միգրացիային նպաստող կամ ապաստան ստանալու անհիմն հայտ ձևակերպելուն օգնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքի առաջ։

Դեպի Եվրոպա՝ ապաստանի հետևից․ ի՞նչ է սպառնում առանց վիզայի ռեժիմին

Եվրոպայի միգրանտները տուն՝ Վրաստան, ավելի շատ փող են ուղարկում, քան նրանք, ովքեր Ռուսաստանում են աշխատում

Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Թամար Խուլորդավան ասում է, որ օրինագծի անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Վրաստանից մեկնած միգրանտների թիվը զգալիորեն աճել է։

Ո՞ւմ է վերաբերելու նոր նախաձեռնությունը

Մի քանի օր առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Վրաստանի իշխանությունները պլանավորում են պատիժ մտցնել այն անձանց համար, ովքեր Եվրոպայում ապօրինի են գտնվում և օգնում են այնտեղ հիմնվել իրենց ընկերներին և հարազատներին։

Խուլորդավան պնդում է, որ դա ապատեղեկատվություն է։ Նրա խոսքով՝ օրինագծի նպատակը միայն նրանց պատասխանաության ենթարկելն է, ովքեր դրամական փոխհատուցման դիմաց նպաստում են ապօրինի միգրացիային՝ կեղծ փաստաթղթեր են պատրաստում, ապաստան փնտրողի կարգավիճակ ստանալու համար անհիմն հայտեր են ներկայացնում։

2018թ-ի վիճակագրությունը

2018թ-ին Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներում ապաստան ստանալու համար 17 հազար 980 հայտ են ներկայացրել, ասված է ԵՄ «Եվրոստատ» վիճակագրական ծառայության հայտարարությունում։ Դա 11 տոկոսով պակաս է, քան 2017 թ-ին։ Սակայն Վրաստանի պես փոքր երկրի համար, սա էլ է զգալի թիվ։

2018թ-ին Վրաստանի քաղաքացիներն առավել հաճախ են փորձել ապաստան ստանալ Գերմանիայում (161 885 մարդ), Ֆրանսիայում (110 500 մարդ), Հունաստանում (65 000 մարդ)։ Հաշվետվության համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր երկրներից ԵՄ երկրներում փորձել է ապաստան ստանալ 580 845 մարդ։ Այսպիսով, Վրաստանից դիմածները կազմել են այդ թվի երեք տոկոսը, իսկ երկիրը համապատասխան ցուցակում տասներորդ տեղն է զբաղեցրել։ Ընդ որում, կան պետություններ, որոնց հանդեպ Վրաստանը քաղաքացիների կողմից ապաստան ստանալու առումով զգալի տեղ է զբաղեցնում առաջին տասնյակում։ Դա Ֆրանսիան է, Իռլանդիան, Չեխիան, Դանիան, Լիխտենշտեյնը։

Վրաստանի արտգործնախարար․ իզուր տոմսեր մի գնեք

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին, մեկնաբանելով վիճակագրական տվյալները, կոչ է արել համաքաղաքացիներին իզուր փող չծախսել և ժամանակ չվատնել Եվրոպայում ապաստան ստանալու վրա։

«Դա բացարձակապես դատարկ գործ է, քանի որ Եվրոպայի երկրների մեծ մասը Վրաստանը պաշտոնապես որպես անվտանգ երկիր է ճանաչում։ Միայն մի քանի երկիր է մնացել, որոնց հետ մենք ակտիվորեն աշխատում ենք։ Դիմում եմ մեր հասարակությանը․ ԵՄ երկրներում ապաստան ստանալու ցանկացած փորձ դատապարտված է, հավանականությունը զրոյական է։ Պարտքերի մեջ մի ընկեք դրա համար, ապարդյուն տոմսի վրա փող մի ծախսեք․ դա փողի անհարկի ծախս է»,հայտարարել է Զալկալիանին

Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներն օգտվում են առիթից, որ որոշ երկրներում ապաստան ստանալու հայտերի դիտարկման գործընթացը երկար է։ Զալկալիանին հաղորդել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է այդ երկրների հետ նամն հայտերի ուսումնասիրման ժամկետը կրճատելու համար, որպեսզի ոչ ոք հարցի բարեհաջող լուծման առթիվ պատրանքներ չունենա։

Առանց վիզայի ռեժիմը վտանգվա՞ծ է

Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավայի խոսքով՝ օրենսդրությունը խստացվում է եվրոպական պետությունների հորդորով։

«Առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր․․․ Չկան այնպիսի համաձայնագրեր, որոնք ստորագրվեն առանց որևէ պայմանի։ Տվյալ փաստաթղթի ստորագրմանը նախորդել են բանակցություններ։ Գոյություն ունի առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմ, և դրա գործարկումն ամբողջությամբ Եվրամիության հայեցողության տակ է», — հայտարարել է նա։

Խուլորդավան ասում է, որ միգրանտների թվի ավելացումը կարող է սպառնալիքի տակ դնել Վրաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզայի ռեժիմը։

Օրինագիծը կոմիտեներում լսումներ է անցնում։ Հաջորդ փուլը խորհրդարանի լիագումար նստաշրջանն է։ Իսկ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի ընդունումից 15 օր անց։

Սա առաջին օրենսդրական փոփոխությունը չէ, որն ընդունում է Վրաստանի խորհրդարանը վիզային ռեժիմի ազատականացումից հետո։ Օրինակ, անցյալ տարի փոփոխություններ են ընդունվել, որոնք զգալիորեն բարդացրել են ազգանվան փոփոխման ընթացակարգը։

• Վրաստանի և ԵՄ միջև առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թ-ի մարտի 28-ին։ 2017թ-ի մարտից մինչև դեկտեմբեր առանց վիզայի ռեժիմից Եվրոպա մեկնելիս օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի։  

•  Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմը գործարկելու ու այն վերանայելու, եթե Վրաստանը չկատարի այդ ուղղությամբ իր վրա վերցրած պարտավորությունները։ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ, չնայած որոշակի խնդիրների առկայությանը, առանց վիզայի ռեժիմին տվյալ փուլում ոչինչ չի սպառնում։

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը, որոնք Եվրոպայում մնալու հնարավորություն են փնտրում, որպես իրենց գործողությունների գլխավոր պատճառ նշում են գործազրկությունը հայրենիքում։ Վրաստանի բավականին շատ թվով քաղաքացիներ են Եվրոպա մեկնում բուժվելու, ինչը վկայում է Վրաստանի առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին։

Եվրոպայի երկրների համար լուրջ խնդիր են վրացական քրեական տարրերը՝ կազմակերպված հանցավորությունն, ինչպես նաև մանր գողության և կողոպուտի դեպքերը։ Հատկապես ծանր է այդ առումով իրավիճակը Գերմանիայում։ Այդ պետութան ներկայացուցիչներն անցյալ տարի հատուկ Վրաստան էին եկել՝ Վրաստանի ներքին գործերի նախարարից պահանջելու գործուն միջոցներ ձեռնարկել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում