«Դա ամենամեծ բեմն է, որի վրա երբևէ ներկայացված է եղել վրացական գրականությունը» " />

Վրաստանը՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում: Ինչո՞ւ է դա կարևոր

«Դա ամենամեծ բեմն է, որի վրա երբևէ ներկայացված է եղել վրացական գրականությունը»

Շարունակվում է Ֆրանկֆուրտի գրքի 70-րդ տոնավաճառը: Վրաստանը դարձել է գրական այդ կարևոր միջոցառման պատվավոր հյուրը:

Հոկտեմբերի 10-14-ին Վրաստանն արտասահմանյան հյուրերի առջև կներկայանա լայն գրական և մշակութային ծրագրով: Այս օրերին Ֆրանկֆուրտում մի քանի հարյուր վրացական գիրք կցուցադրվի, որոնք լույս են ընծայվել արտասահմանում: Այդ թվում 300 նորագույն թարգմանություն: Տոնավաճառին վրացական գրականությունը կներկայացնի 72 հեղինակ:

Վրացի և այլազգի գրականագետները նշում են, որ սա ամենամեծ բեմն է, որտեղ երբեևէ ներկայացված է եղել վրացական գրականությունը:

_____________________

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառն անցկացվում է յուրաքանչյուր տարի հոկտեմբերին: Դա աշխարհի ամենակարևոր պրոֆեսիոնալ իրադարձություններից մեկն է այն մարդկանց համար, որոնք ներկայացված են գրքի ինդուստրիայում: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր երկրներից այստեղ են գալիս գործակալներ, հրատարակիչներ, քննադատներ, գրողներ, թարգմանիչներ, պատկերազարդողներ, գրադարանավարներ ու, բնականաբար, հասարակ ընթերցասերներ։ Տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում, գործնական հանդիպումներ, վարպետաց դասեր, կապեր են հաստատվում և նախանշվում են ապագայի պլաններ:

Յուրաքանչյուր տարի տոնավաճառին ցուցադրվում է մինչև 400 հազար գիրք, այն այցելում է մինչև 300 հազար հյուր:

Բացի այդ, տոնավաճառն ավանդաբար հատուկ հյուր է ունենում՝ մի երկիր, որը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում:

2018թ-ին ֆրանկֆուրտի պատվավոր հյուրը Վրաստանն է: Դա մեծ հնարավորություն է երկրի համար՝ աշխարհն իր գրականությանն ու մշակույթին ծանոթացնելու համար:

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին պատվավոր հյուրի կարգավիճակ ստանալը հեշտ գործ չէ: Այդ խնդրի վրա աշխատանքը սկսվել է դեռ 2010թ-ին:

Georgia Made by Characters (Վրաստանը՝ նկարագրված այբուբենով) վրացական ծրագրի հայեցակարգը, մի կողմից, հիմնված է բացառիկ վրացական այբուբենի և բացառիկ դպրության, մյուս կողմից՝ վրացական էության և կերպարների վրա:

Ֆրանկֆուրտի տոնավաճառում վրացական տաղավարը 1800 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Այստեղ ներկայացված են վրացական այբուբենի տառերի ձևն ունեցող քանդակներ և պարունակվում են նկարներ, մեջբերումներ, պատմվածքներ, որոնք այցելուներին ծանոթացնում են վրացական մշակույթին:

Ֆրացական տաղավարը Ֆրանկֆուրտում: Լուսանկարը՝ մշակույթի նախարարության

Տաղավարը բաժանված է յոթ տարբեր տարածքների: Դրանցից մեկում հյուրերը կարող են ավելի լավ ծանոթանալ վրացական այբուբենի յուրաքանչյուր տառին. պլոտերը (գրաֆիկական արտապատկերող սարք) նրանց աչքի առջև կգծագրի և բացիկի վրա կտպի ընտրված տառը: Եվս մեկ տարածք հատկացված է աուդիո- և վիդեոնյութերին. այստեղ հյուրերը կարող են լսել, թե ինչպես է հնչում վրացերեն խոսքը:

Ընդհանուր առմամբ, վրացական այբուբենը, որը 2016թ-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել, այս տարվա ֆրանկֆուրտյան տոնավաճառի գլխավոր հերոսն է դարձել: Այս օրերին վրացերեն տառեր կարելի է տեսնել ոչ միայն տոնավաճառին, այլ նաև Ֆրանկֆուրտի մետրոյում.

Վրացական այբուբենի պատկերներով պոստերներ Ֆրանկֆուրտի մետրոյում

Մինչև հոկտեմբերի 14-ը վրացական տաղավարում հավաքած երկու բեմերում արտասահմանյան ընթերցողների հետ կհանդիպի 72 վրացի հեղինակ: Արտասահմանցի հյուրերը կարող են ծանոթանալ վրացական գրականությանն ու մշակույթին, լսել վրացերեն խոսք, ծանոթանալ “Մագնում” գործակալության լուսանկարիչների՝ Թբիլիսիի մասին ցուցահանդեսին:

Լուսանկարն՝ Ազատություն ռադիոկայանի

Լուսանկարն՝ Ազատություն ռադիոկայանի

Տաղավարում վրացական գրականության մինչև 300 նորագույն թարգմանություն-հրատարակություն է ցուցադրված, որոնք լույս են ընծայվել Վրացական գրքի ազգային կենտրոնի աջակցությամբ, ինչպես նաև մինչև 600 գիրք Վրաստանի մասին, որոնք հրատարակվել են արտասահմանյան հրատարակչությունների կողմից տարբեր լեզուներով:

__________________

Ամենամասշտաբային գրական պլատֆորմներից մեկում որպես հատուկ հյուր հանդես գալը Վրաստանի և վրացի գրականագետների համար բազմաթիվ հնարավորություններ է բացում:

Առաջին հերթին, աճում է այժմ արտասահմանում ամրապնդվող վրացական գրականության լսարանը. վրացական գրքերը կթարգմանվեն այլ լեզուներով:

Գրող Ակա Մորչիլաձեն տոնավաճառի բացմանը հայտարարեց, որ այդ առումով վրացիները մեծ առավելություն ունեն:

«Դարեր շարունակ մենք շատ ենք թարգմանել, հատկապես՝ արևելյան լեզուներից, քանի դեռ կարողացել ենք, քանի դեռ խաղաղություն է եղել: Մեր գրքերը ոչ ոք չի թարգմանել: Մենք կարդացել ենք ամեն ինչ, իսկ դուք մեզնից ոչինչ չեք կարդացել: Պատկերացրեք, թե ինչ առավելություն է դա»:

 

Ֆրանկֆուրտը կարևոր պլատֆորմ է ոչ միայն մշակութային կամ գրականության, այլ նաև քաղաքականության տեսանկյունից:

Տոնավաճառի բացմանը ներկա էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը նշել է, որ «Վրաստանը որպես Ֆրանկֆուրտի տոնավաճառի պատվավոր հյուր, վերադարձել է եվրոպական ընտանիք»:

Ֆրանկֆուրտի տոնավաճառում ներկայացված է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորի» մատենագիր բացառիկ հրատարակությունը: Գրքի թանկարժեք կազմը վրացի քանդակագործ Գուջի Ամաշուկելիի աշխատանքն է: Լուսանկարում՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Վարչապետի մամուլի ծառայություն

Արարողությանը ելույթ է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը հայտարարել է, որ «ուրախ է, որ դեպի Եվրոպա ձգտող և եվրոպական արժեքները կիսող Վրաստանը տոնավաճառի պատվավոր հյուրն է»:

Գերմանալեզու վրացի գրող Նինո Խարատիշվիլին իր հուզառատ ելույթի մեծ մասը տոնավաճառի բացմանը նվիրել է այն թեմային, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից, և մարդիկ հակամարտության գոտում ազատ տեղաշարժի իրավունք չունեն.

«Այսպես կոչված վրաց-ռուսական սահմանին՝ Ցխինվալիի շրջանում, որը Վրաստանի մասն է, սակայն վերահսկվում է Ռուսաստանի կողմից, որտեղ ռուսական փշալարը յուրաքանչյուր շաբաթ կրճատում է Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը, մարդ է ապրում, որը, մի օր իր տանը զարթնելով, հայտնվել է օկուպացված տարածքում»,պատմել է Նինո Խարատիշվիլին ֆրանկֆուրտյան ամբիոնից:


Կարդալ ավելին JAMnews-ում