Վճարիր կամ չքվիր

Ինչու Բաքվի լողափերը մայրաքաղաքի հպարտությունը չդարձան

Ծովը դեռ լողափ չէ: Սակայն Բաքվի բախտը բերել է. այն շրջապատված է գրեթե 100 կիլոմետր ծովափով: Ըստ կոպիտ հաշվարկների՝ այդ տարածքի գրեթե կեսը լողանալու համար հարմար ափեր են, և ոչ թե մանրաքարով կամ խխունջներով, այլ մանր ոսկե ավազով պատված: Հայտնի բրազիլական Կոպակաբանա լողափն այստեղ 15 անգամ կտեղավորվեր: Արդյունքում՝ առափնյա գոտին կարող էր մայրաքաղաքի հպարտությունը դառնալ, սակայն նման բան տեղի չի ունեցել:

Բաքվի “լողափային ավաններից մեկը Բուզովնան է: Ապշերոնյան թերակղզուն բնարոշ ամառանոցներ՝ քարե ցանկապատեր խոշորատերև թզենիների շքում, շուրջբոլորն ավազն ավելի շատ է, քան ասֆալտը, բակերում խաղող, հաղարջ, երբեմն էլ զաֆրան է աճում: Ավտոբուսի վերջին կանգառը մզկիթի մոտ է, իսկ այնտեղից պետք է ոտքով գնալ: 15 րոպե քայլում ենք շինարարական աղբի կողքով, և արդեն լողափին ենք:

Դեպի ձախ “օբյեկտներով” [Բաքվում ընդունված փոքր ձեռնարկությունների ժարգոնային անվանումը] լողափն է: Դա նշանակում է, որ ջրից մոտ 15 մետր հեռավորության վրա ռեստորան է՝ պարզունակ մի կառույց պատշգամբով, իսկ դրա առջև և շուրջը՝ եղեգից խցիկներ կամ անձրևանոցներով սեղաններ: Սեղան կարելի է վարձակալել 3-7 դոլարով: Ընդ որում, դուք կարող եք պառկել ձեր գորգին “օբյեկտից” ազատ 5 մետր լողափին: Սա Բաքվի լողափի լավագույն տարբերակն է՝ հաշվի առնելով գին-որակ հարաբերակցությունը: Այստեղ աղբն ամեն առավոտ հավաքում են:

“Օբյեկտով” լողափից դեպի աջ այսպես կոչված “վայրի լողափն” է: Այդ տարածքը ոչ ոքի չի պատկանում, պատված է աղբի մի քանի շերտով: Ժամանակ առ ժամանակ կամավորները Ֆեյսբուքով պայմանավորվում են, մաքրում վայրի լողափի մի հատված, սակայն այն կրկին աղբով է լցվում լույսի արագությամբ:

Եվ երրորդ տարբերակը՝ մասնավոր լողափն է: Այն “քաղցր” կյանքի՝ բոլոր կողմերից ցանկապատած օազիս է՝ լողավազանով, հանդերձարաններով, սրճարաններով, ռեստորաններով ու բարերով: Վճարեք մուտքի համար, շեզլոնգները ստացեք անվճար:

Վճարովի լողափից բացի, առափնյա տարածքն արգելափակում են հյուրանոցները, որոնք նույնպես իրավունք ունեն սեփական լողափ ունենալ, և տեղի “ֆեոդալների” շքեղ առանձնատները:

 

Ինչ են ասում մարդիկ

Սումգաիթ քաղաքաի բնակիչ Քյմարան Ալիև. “Ողջ կյանքում ընտանիքով հանգստացել ենք Նովխանա ավանի լողափում, այնտեղ ամառանոց ունեինք: Իսկ այժմ այդ հատվածից անվճար չեմ կարող օգտվել: Մի քանի անգամ փորձել եմ համոզել անվտանգության աշխատակիցներին, ովքեր հսկում են մուտքը, բայց ապարդյուն: Ասել եմ, որ դա ապօրինի է, որ կբողոքեմ Գործադիր իշխանությանը, իսկ նրանք ասում են. «Ում ուզում ես բողոքիր, իսկ այժմ կա՛մ վճարիր, կա՛մ հեռացիր, – ասում է Սումգայիթի բնակիչ Քյամրան Ալիևը:

Ամառանոցում հանգստացող Լեյլա Սուլեյմանովա. “Մեր Փիրշագի ավանում լողափի մուտքը դեռևս անվճար է, իսկ մեքենայով այնտեղ մուտք գործելու համար պետք է վճարել: Ծովափի ռեստորանի սեփականատերերն այնտեղ ավտոկայանատեղի են սարքել, և դա սեփական մեքենայով լողափ հասնելու միակ ճանապարն է, – պատմում է մեկ այլ բնակիչ Լեյլա Սուլեյմանովան:

Նրա խոսքով, անվտանգության աշխատակիցները մուտքի համար գումար են պահանջում՝ առանց որևէ փաստարկ լսելու: “Երբ ասացի, որ Գործադիր իշխանություն կզանգահարեմ, սկսեցին ծիծաղել, – պատմում է նա:

Սևիլ Հասանովա, Բաքվի բնակիչ. “Մենք ամառանոց չունենք, և, անկեղծ ասած, ես նախընտրում եմ այլ երկրների լողափում հանգստանալ: Այնտեղ և սպասարկումն է ավելի լավ, և ավելի մաքուր է, և ավելի էժան է ստացվում ի վերջո»:

Ինչ են ասում պաշտոնյաները

Բաքվի ԳԻ առևտրի և ծառայույթունների մամուլի ծառայության ղեկավար Ալիաբբաս Բագիրովի խոսքով, գործարարներն իրավունք չունեն գումար վերցնել լողափ մտնելու համար և իրավունք ունեն գումար վաստակել միայն գույքը վարձով տալու կամ ծառայություն մատուցելու դիմաց:

“Ի դեպ անվճար է նաև մեքենայով լողափի տարածք մուտք գործելը: 2013թ-ի մայիսի 21-ի N179 հրամանում ասվում է, որ լողափերի մուտքերի մոտ արգելապատնեշներ տեղադրելն արգելված է:

Հետևաբար կայանատեղիի համար գումար վերցնելը խախտում է, ինչպես և լողափի մուտքի համար գումար պահանջելը: Ընդ որում, այս կանոնը վերաբերում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր լողափերին”, – ընդգծեց Բագիրովը:

Եթե այնուամենայնիվ մուտքի համար գումար են պահանջել, Բագիրովը խորհուրդ է տալիս դիմել Առևտրի և ծառայությունների դեպարտամենտ, գործում է թեժ գիծ՝ (012) 566-83-71: 

Ինչ է ասում օրենքը

Դեռևս 2003թ-ին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը հրաման էր ստորագրել, համաձայն որի արգելվում էր ցանկացած շինարարությունը 130-մետրանոց առափնյա գոտում՝ բացառությամբ պետական նշանակության կառույցների: Իսկ 2016թ-ի հունվարի 15-ին Իլհամ Ալիևը օրենք ստորագրեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին. առանց ԳԻ պատկան մարմնի որոշման առկայության դեպի ծովափ ելքի սահմանափակման համար ֆիզիկական անձինք 4000 մանաթի չափով տուգանք կվճարեն, պաշտոնատար անձինք՝ 8000, իրավաբանական անձինք՝ 40 000:

Ի դեպ, եթե պետական սեփականությունը (իսկ լողափերը պետական սեփականություն են համարվում) պաշտոնյաները վաճառում են մասնավոր անձանց, օրինակ, ռեստորանների սեփականատերերին, նրանց ազատազրկում է սպասվում՝ 2 և ավելի տարի:

Այսպիսով, ադրբեջանական օրենսդրությունը հանգստացողների կողմից է:

Նյարդային շունն ու հոգատար փրկարարները

Հիգիենայի և համաճարագաբանության հանրապետական կենտրոնը ամեն տարի Շիխովոյի լողափը (Բաքվից մոտավորապես 10 կմ  դեպի հարավ) հայտարում է լողալու համար ոչ պիտանի: Այսօր, լողափնյա սեզոնի առաջին օրը՝ հունիսի 15-ին, այս հայտարաությունը կրկին հնչեց: Ջրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, և բնապահպանները զգուշաացնում եմ այս մասին քաղաքացիներին:

Սակայն սա չի խանգարում շիխովյան լողափերի սեփականատերերին շարունակել աշխատել: 

Քաղաքի ծովափնյա հյուսիսիային հատվածում, Մարդաքյան և Բիլգյա գյուղակների լողափերում ջուրը շատ ավելի մաքուր է, շնորհիվ մոդուլային մաքրման կայանի:

Սովորաբար Շիխովոյի լողափ կարելի է մեկնել ավտոբուսով, սակայն այսօր ճանապարհը փակ է. «Ֆորմուլա-1»-ին են պատրաստվում: Տաքսու վարորդը հարցնում է՝ վճարովի լողափ տանի՞, թե՞ անվճար: Պատասխանում ենք, որ սկսելու ենք անվճարից:

Ճանապարհը բարձրանում է ծովի երկայնքով, շրջանցելով Բիալովի բլուրը, որի վրա մասշտաբային շինարարություն  է ընթանում: Քամին բլրից մանր սպիտակ փոշու ամպեր է բերում: Ձախից՝ ծովի մոտ, շարքով կանգնած են հյուրանոցներն ու ռեստորանները: Այդտեղ են վճարովի լողափերը: Մուտքավճարի մասին հարցին տաքսու վարորդը վախեցած գլուխն է շարժում. նա այնտեղ իհարկե չի գնում: Եվ վերջապես, ձախ կողմում սկսվում է ոչ մեծ քարե ցանկապատ, որից այն կողմ երևում է «վայրի լողափը»:

Ցանկապատի վրայով հաջորդ հատված անցնելու փորձի ժամանակ փրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք իրենց դիտակետում ստվերի տակ նստած են, սկսում են բղավել, որ այնտեղ չի կարելի գնալ: Համակրելի հանգստացող մի կին, որն արդեն լավ սև արևայրուք ունի, բացատրում է, որ մյուս լողափին շուն կա, որը շուտով պետք է ձագեր ունենա, այդ պատճառով էլ այնտեղ չի կարելի գնալ, շունն ագրեսիվ է: Բացի այդ, մեզ է մոտենում ԱԻՆ աշխատակիցն ու իր հերթին բացատրում, որ անգամ եթե շները մեզ ձեռք չտան, միևնույն է,  ափով մենք չենք կարող անցնել մասնավոր լողափեր, քանի որ այնտեղ ցանկապատ է:

Մենք դուրս ենք գալիս ճանապարհ, որպեսզի հաջորդ լողափ հասնենք «օրինական» ճանապարհով: Մեր ճանապարհին է հայտնվում «Դելֆին» ռեստորանը, որը լողափ չունի, փոխարենը այն հենց ափին է և պատված է այն նույն ցանկապատով, որին, ըստ ԱԻՆ աշխատակցի, մենք պետք է հանդիպեինք:

Մի փոքր ավելի հեռու «Էլդորադո» ռեստորանն է: Այստեղ կարելի է մի թեյնիկ թեյ և մուրաբա ստանալ 6 մանաթով (մոտ 3,5 դոլար): Իսկ լողափն առանձին ձեռնարկություն է, և այնտեղ պետք է սեղանի վարձակալության համար 10 մանաթ ($6) վճարել:

Մեր հետաքրքրվածությունը գնացուցակով մատուցողն ընկալում է որպես բծախնդրություն, և ակնհայտ դուրը չի գալիս: Նա խիստ տոնով հարցնում է. «Իսկ ո՞րտեղից եք»: Քամին այնպիսին է, որ հաստ սփռոցը, որն ավելի շատ նման է մահճակալի ծածկոցի, քիչ է մնում քշի-տանի սեղանից:

Մնացած լողափեր գնալու իմաստ չկա, որովհետև երկու բան մենք փարձնական կերպով պարզեցինք. այստեղի ջրերում աղիքային ցուպիկի առկայությունը չի կանգնեցնում ոչ հանգստացողներին, որ հաստատությունների տերերին. լողափն անհասանելի է, քանի չես վճարել:

Նոր ի՞նչ կա

Այս տարի Ադրբեջանում 21 նոր լողափ կբացվի. այսպիսի հայտարարություն է արել մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը: 12 նոր լողափ կլինի Բաքվում, մնացածներն՝ Ադրբեջանի շրջաններում: Նոր լողափերից 6-ը մասնավոր կլինեն, 6-ը՝ հանրային, սակայն դեռևս պարզ չէ, թե որքանով այս նորարարությունը կհատվի ծովափային գծի հասանելիության օրենքի հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում