Ինչպե՞ս հաղթահարել գործազրկությունը հարավային Օսիայում " />

Հարավային Օսիային վարորդներ և պահակներ պետք են: Իրավաբաններ ու տնտեսագետներ՝ ոչ

Ինչպե՞ս հաղթահարել գործազրկությունը հարավային Օսիայում

 

«Ես վաղ եմ ամուսնացել: 24 տարեկանում արդեն 4 երեխա ունեի: Ապագա ամուսինս, ի հեճուկս իմ կամքի, ընկերների հետ առևանգել է ինձ: Նրանք յոթն էին, դիմադրությունն անօգուտ էր: Այդ պատճառով էլ ամուսնուս հետ հարաբերություններս չդասավորվեցին հենց սկզբից: Նա հաճախ խմում էր, մենք բաժանվեցինք»:

Զինաիդա Զասևան այժմ 53 տարեկան է, նա հավաքարար է աշխատում:

«Երեխաների հետ մենակ մնալով՝ ես եկա տպագրատուն և աշխատանք խնդրեցի: Դա շատ հարմար էր. առավոտյան անել ամեն ինչ և հետո ազատ լինել: Ես կարող էի երեխաներին հոգ տանել, սկսեցի նաև տանը պատվերով բրդյա ներքնակներ կարել: Ես դրանք այժմ էլ եմ կարում, դրանք միշտ պետք են մարդկանց: Եթե ինքս եմ բուրդը գզում, լվանում և չորացնում, 250О ռուբլի [մոտ $45] եմ վերցնում, եթե պարզապես կարում եմ՝ 1000 ռուբլի [մոտ $17]»:

Այս պատմությունը շատ կարևոր է հոդվածի համար, որում փորձ է արվում հստակություն մտցնել Հարավային Օսիայի ամենասուր խնդիրներից մեկում՝ գործազրկությունում:

JAMnews-ը մարդկանց հարցեր է ուղղել. ի՞նչն է լավ՝ սովորե՞լ, թե՞ միանգամից աշխատել: Եվ եթե սովորել, ապա ի՞նչ մասնագիտություն, որպեսզի հետագայում հնարավոր լինի լավ աշխատանք գտնել և կարիերա կառուցել:

Այս հարցի պատասխանը, որը տվեց Զինաիդան, տիպիկ էր.

«Ես չեմ կարծում, որ մեր ժամանակներում կարևոր է բարձրագույն կրթություն ստանալ: Իսկ դիպլոմը կնոջն ընդհանրապես պետք է որպես օժիտ: Մեզ մոտ դժվար է հաստատություններում աշխատանք գտնել, իսկ գործարանները չեն աշխատում: Մենք ինքներս պետք է մեզ համար աշխատանք ստեղծենք»:

Վիճակագրություն

Գործազրկության վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն կա, սակայն այն բավականին անօգնական է, և դժվար է դրա վրա հիմնվել:

Հիմնվելով վերջին՝ 2015թ-ի հոկտեմբերի մարդահամարի տվյալների վրա՝ կարելի է ենթադրել, որ Հարավային Օսիայում այսօր ապրում է մոտ 30 հազար աշխատունակ մարդ: Նույն 2015թ-ին զբաղվածության ծառայությունում հաշվառման է կանգնել 2829 մարդ, նրանցից միայն 34-ին են օգնել աշխատանք գտնել:

 

2016թ-ին հաշվառված գործազուրկների թիվը հասել է 4 064 մարդու: Նրանցից աշխատանք են գտնել միայն 67-ը:

Սակայն այս թվերը չեն կարող վիճակագրություն համարվել, քանի որ շատ ոչ ճշգրիտ են:

Մինչև 2007թ-ը գործազուրկներին ամսական 46 ռուբլի գործազրկության նպաստ էր վճարվում, դա այն ժամանակվա տվյալներով մոտ 2 դոլար էր: Հետո նպաստն ընդհանրապես չեղարկեցին: Եվ քանի որ ծառայության կողմից աշխատանքի տեղավորվածների թիվը միշտ չնչին է եղել, մարդիկ ընդհանրապես կորցրին ցանկությունը ժամանակ ծախսելու որպես գործազուրկ գրանցվելու վրա:

Այնպես որ, այս վիճակագրությունն իրական պատկեր չի տալիս: Եվ մնում է միայն հիմնվել սեփական դիտարկումների և տարբեր զրուցակիցների գնահատականների վրա: Այդ աղբյուրների հիման վրա արված եզրակացությունները հետևյալն են. 

• Առանց աշխատանքի է այսօր բնակչության մոտ 20%-ը:

• Հաստատություններում աշխատողների միջին աշխատավարձը 13 500 ռուբլի [մոտ $ 230] է:

• Մնացածների համար միջին վաստակը կազմում է 11 500 ռուբլի [մոտ $ 195]:

• Հարավային Օսիայում ամենամեծ պահանջարկ ունեցող աշխատանքը հավաքարարն է և պահակը, մասնավոր բիզնեսում՝ վարորդը (ինչպես նաև պահակը): Այդ դերում Հարավային Օսիայում հաճախ կարելի է լավ կրթություն ունեցող մարդկանց տեսնել, իսկ երբեմն էլ՝ որևէ պետական կառույցում լավ աշխատանքային փորձ ունեցողի: Նոր աշխատանքն ավելի մեծ վաստակ է բերում:

Հարավային Օսիայում ամենաքիչ պահանջարկն ունեն տնտեսագետներն ու իրավաբանները

Հենց այս երկու մասնագիտություններն էին ցխինվալցիները JAMnews-ի հետ զրույցում հաճախ անվանում «անպետք»:

Ալեքսանդր Կուլումբեգովը (անունը փոխված է) ասում է, որ ափսոսում է, որ ժամանակ է ծախսել և ավարտել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: «Մասնագիտությամբ որևէ աշխատանք այդպես էլ չգտա, բոլոր տեղերը զբաղված են», – ասում է նա:

Հիմա նա որոշել է փոխել իր մասնագիտությունը. ընդունվել է Ցխինվալի քոլեջներից մեկը՝ «շինարարական հարդարման աշխատանքների վարպետ» մասնագիտությամբ:

Այդ քոլեջում տարածված մասնագիտություններն են շինարարությունն ու շենքերի շահագործումը, կարը, ճանապարհային և շինարարական մեքենաների սպասարկումը, էլեկտրականության հետ կապված ամեն ինչ և այլ նման մասնագիտություններ:

Բավականին հայտնի է նաև խոհարարի/հրուշակագործի մասնագիտություն սովորեցնող ֆակուլտետը: Ինչպես JAMnews-ին ասել են քոլեջի ուսանողները, այդ մասնագիտության խնդիրն այն է, որ Հարավային Օսիայի ռեստորաններում և սրճարաններում աշխատանքի են վերցնում խոհարարների՝ նրանցից դիպլոմ չպահանջելով: «Եթե կանոնները պահպանվեին, այդ ֆակուլտետում մեծ պահանջարկ կլիներ», – ասում էին դպրոցում սովորող երիտասարդները:

Աշխատատեղերը քիչ են, սակայն շատերը մի քանի աշխատանք են համատեղում

Լյանա Թեդեևան շրջակա միջավայրի պահմանման մասնագետ է, աշխատում է բնակչության զբաղվածության վարչությունում: Ասում է, որ գործազրկությանը կարող է հավասարեցվել և հակառակ իրավիճակը, երբ մարդիկ աշխատում են 2 կամ նույնիսկ երեք քիչ վարձատրվող տեղ՝ փորձելով ապրելու գումար վաստակել:

«Աշխատանքը կարող են համատեղել նրանք, ովքեր ժամավճարով են աշխատում, օրինակ, մանկավարժները, երգիչները, պարողները, գիտնականները: Սակայն երբ մարդ միաժամանակ աշխատում է մի քանի տեղ, նա ֆիզիկապես «վազվզում է» մի աշխատանքից մյուսին ողջ օրվա ընթացքում: Այդ դեպքում մարդն իր գործը չի կարող որակյալ անել», – ասում է Լյանա Թեդեևան:

Երիտասարդ մասնագետներ

Հավանաբար, Հարավային Օսիայում ամենաբարդ իրավիճակում երիտասարդ մասնագետներն են գտնվում, ինչն այստեղ 2006թ-ից գործող «լիմիտների» համակարգի արգասիք է: Այդպես են հանրապետությունում կոչում ռուսական համալսարաններում սովորելու տեղերը, որոնք տրամարդրվում են Հարավային Օսիայի դիմորդների որոշակի թվին:

Նրանք սովորաբար տարեկան 120-130 հոգի են լինում:

Նման «լիմիտային» տեղ ստացած ուսանողները մեկնում են սովորելու Ռուսաստանի քաղաքներից մեկում, սակայն նախապես պայմանագիր են ստորագրում Հարավային Օսիայի կրթության նախարարության հետ: Այդ պայմանագրում ասվում է, որ ուսանողը պարտավորվում է վերադառնալ հանրապետություն և այդտեղ աշխատել ուսումն ավարտելուց հետո:

Եվ շատերը վերադառնում են: Սակայն հենց նրանց համար է դժվար աշխատանք գտնել. երիտասարդ մասնագետներին չեն ընդունում՝ վկայակոչելով քիչ աշխատանքային փորձը: Արդյունքում՝ 2011թ-ին կրթության նախարարությունն ընդհանրապես դադարեց պայմանագրեր ստորագրել:

Սերգեյ Զասևը Հարավային Օսիայի երիտասարդական քաղաքականության, սպորտի և զբոսաշրջության կոմիտեի նախագահն է: Նա ասում է, որ 2014թ-ից թափուր աշխատատեղերի հերթում 150 երիտասարդ կա, որոնք ժամանակին լիմիտներով ուսման են ուղարկվել Ռուսաստանի համալսարաններ.

«Ցավոք, զբոսաշրջության ոլորտը մեզ մոտ դեռևս չի զարգանում, նույն բանն է նաև երիտասարդական քաղաքականությունում: Սպորտում գործերը մի փոքր ավելի լավ են. 2016թ-ի աշխատանքի ենք տեղավորել 10 մարդու»:

Ընդ որում, շատերը խնդիր են տեսնում նրանում, որ շատ կառույցներում աշխատակիցների մեծ մասը թոշակառուներն են, որոնք միշտ չէ, որ որակով են աշխատում, սակայն կտրականապես չեն ուզում լքել իրենց աշխատավայրը, և նրանց հնարավոր է ազատել միայն դատարանով:

Որո՞նք են ստեղծված իրավիճալի պատճառները

Որպես Հարավային Օսիայում զանգվածային գործազրկության գլխավոր պատճառ սովորաբար նշում են ԽՍՀՄ փլուզումն ու 1990-ականների սկզբի վրաց-օսական պատերազմը: Այն ժամանակ դադարել են գործել տասնամյակներով ստեղծված տնտեսական կապերը, դադարել է աշխատել երկաթուղին, և երկար տարիներ անցել են կրիտիկական էներգաճգնաժամի պայմաններում:

Փոքր Հարավային Օսիան տուժել է հատկապես շատ, ավելի շատ, քան նախկին «մեծ» խորհրդային հանրապետությունները: Այն ժամանակ Հարավային Օսիայում աշխատում էր Ցխինվալի գարեջրային գործարանը, անտառային կոմբինատը, «Բագիատա» հանքային ջրի արտադրության գործարանը, սպիտակեղենային տրիկոտաժի ֆաբրիկան, կաթնամթերքի գործարանը, մեխանիկական գործարանը, Թբիլիսիի ավիագործարանի մասնաճյուղը, «Էլեկտրաթրթռամեքենա» և «Էմալհաղորդալար» գործարանները:

Այս գրեթե ողջ ձեռնարկությունները փակվեցին, դրանց սարքավորումները գողացված են: Որոշները պահպանվեցին, սակայն աշխատում են նախկին հզորության 5-10%-ով: Որպես օրինակ կարելի է բերել սպիտակեղենային տրիկոտաժի ֆաբրիկայի պատմությունը:

Այն բացվել է 1962թ-ին, դրանում աշխատում էր մոտ 1200 մարդ: Ֆաբրիկան կանգնեց 1991թ-ին: Հետո 2000-ականներին ֆաբրիկայի շենքում առևտրային կենտրոն էր աշխատում: 2014թ-ին կրկին սկսեց աշխատել կարի ֆաբրիկան, այս անգամ՝ որպես Սանկտ Պետերբուրգի ընկերության մասնաճյուղ, այսօր այդտեղ աշխատում է 520 մարդ:

Սա շատ հաջող օրինակ էր: Եվ շատ հազվագյուտ օրինակ:

Գործազրկության արդյունքները

Նման իրավիճակի արդյունքները մոտավորապես այսպիսի տեսք ունեն.

• բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալների պակաս,

• բոլոր ոլորտներում ծառայությունների մակարդակի իջեցում,

• զարգացման մշուշոտ հեռանկարներ:

«Աղջիկս՝ Զարինա Ջիոևան 2016թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը «կարմիր» դիպլոմով լանդշաֆտային դիզայն մասնագիտությամբ: Եկել է Ցխինվալ, սկսել աշխատանք փնտրել և, չգտնելով այն, կրկին մեկնել է Մոսկվա, – պատմում է Անժելա Նարթիկոևան: – Նրա կյանքը ես բոլորովին այլ կերպ եմ պատկերացրել: – Մտածում էի, որ կվերադառնա, աշխատանքի կտեղավորվի, կամուսնանա, թոռներ կունենամ, ես նրան կօգնեմ, իսկ նա կշարունակի զբաղվել սիրած աշխատանքով»:

Մեծ խնդիրների թվում, որոնք Հարավային Օսիան ստացել է գործազրկության արդյունքում, առաջին կետով կարելի է նշել երիտասարդության մեկնումը հանրապետությունից: Այդ մասին խոսում են մարդիկ, դա երևում է անզեն աչքով:

Ճիշտ է, պաշտոնական վիճակագրությունն այստեղ էլ է այլ բան ասում: Թվերն այսպիսի տեսք ունեն. 2016թ-ին հանրապետությունը 100 մարդ է լքել, ժամանել է 1120 մարդ:

JAMnews-ի հետ զրույցում տեղացիներն ասում էին, որ եկողներն իրոք քիչ չեն, նրանք աշխատանքային միգրանտներ են Տաջիկստանից, Ղրղզստանից և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային այլ երկրներից: Այնտեղից եկածները աշխատում են որպես շինարարներ և Ցխինվալում իրենց բիզնեսն են բացում, ադ թվում՝ փոքր խանութներ:

Մասնավոր բիզնեսը որպես ելք

Մի քանի տարի առաջ Զինաիդա Զասևան, շարունակելով հավաքարար աշխատել տպագրատանը, ևս մեկ պայմանական «բիզնես» է ավելացրել բրդից ներքնակներ կարելու հաջող ձեռնարկատիրությանը: Նա շինարարական բրիգադ է հավաքել և բնակարանների վերանորոգում է իրականացնում: Ինքն էլ է բրիգադում աշխատել, չնայած որ ավելի շատ որպես աշխղեկ է հանդես եկել:

«Հիմնականում մենք բնակարաններում կոսմետիկ վերանորոգում ենք անում: Սակայն եթե պատվիրատուն խնդրում է, օրինակ, էլեկտրական լարեր անցկացնել և սանտեխնիկա տեղադրել, ես միանգամից մասնագետ եմ գտնում և պատրաստի բնակարանը տանտիրոջը հանձնում», ասում է նա:

Զասևան պատմում է, որ իր հաջող բիզնես-ձեռնարկությունները հաջող վարելու համար նա առանց բացառության ամեն օր զարթնում է առավոտյան ժամը 4-ին և քնում 21:30-ին: «Արդեն սովոր եմ», – ասում է նա:

Սակայն նրա նմանները քիչ են:

“Ցավոք, Հարավային Օսիայում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար պայմաններ չկան”, ասում է տնտեսագետ, լրագրող Յուրի Վազագովը:

“Աշխարհում ամենուր համատեքստը նույնն է. սեփական գործ սկսելու համար մարդկանց նախևառաջ էժան և երկարաժամկետ վարկեր են պետք: Սակայն Հարավային Օսիայում գործարարներն ու ֆերմերները կարող են ազգային բանկում առավելագույնը 5 տարով վարկ ստանալ տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, իսկ խնայբանկում՝ մինչև 16,5 տոկոսով: Ընդ որում, իրավաբանական անձանց գրավի արժեքի 70%-ից ոչ ավել գումար է տրամադրվում (որպես կանոն, որպես գրավ բանկերը անշարժ գույք են պահանջում), մասնավոր անձանց՝ ոչ ավել քան 50%”:

«Նման պայմաններում բիզնեսը չի զարգանում», ասում է Յուրի Վազագովը:

Նրա կարծիքով՝ երեք հիմնական ուղղություն կա, որոնք կօգնեին Հարավային Օսիայում գործարարությունը զարգացնել և հեռանկարային երիտասարդությանը երկրում պահել

  1. Հարավային Օսիան ագրարային հանրապետություն է, և հարկ էր  այդ ուղղությամբ մասնագիտացված բանկ ստեղծել և գյուղատնտեսական ուղղվածության նախագծեր ֆինանսավորել:
  2. Վարկերի ընդունելի պայմաններ ապահովել:
  3.  Բյուջեի հաշվին պետք է երիտասարդ գործարարների համար հաշվապահության, բիզնես վարելու, մենեջմենթի դասընթացներ ֆինանսավորել, որոնք ուզում են իրենց գործը սկսել:

Արտահանում

«Այն ամենն, ինչ այսօր աշխատում է Հարավային Օսիայում, հիմնականում ներքին շուկային է ուղղված: Սակայն Ռուսաստանի հետ դաշնակցության և ինտեգրացիայի մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2015թ-ի մարտին, արտոնյալ պայմաններ է ենթադրում հարավօսական արտադրանքի արտահանման համար (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի): Եվ դա լավ հեռանկար է տեղական գործարարության զարգացման համար», – ասում է Վազագովը:

«Օրինակ, Ցխինվալի կարի ֆաբրիկայի հիմքի վրա կարելի է հայտնի իտալական բրենդերի արտադրություն բացել: Կարելի է մտածել և գյուղատնտեսական արտադրանքի զանգվածային արտադրության, վերամշակման և արտահանման կազմակերպման մասին:

Հարավային Օսիան կարող էր նաև գարեջուր և այլ ալկոհոլային արտադրանք արտահանել Ռուսաստան: Կարելի է սեփական բրենդեր ստեղծել, իսկ մրցակցությանը դիմանալու համար պետք է շեշտը դնել նրա վրա, որ մեզ մոտ էկոլոգիապես մաքուր արտադրանք է»:

Ռուսական ներդրումները Հարավային Օսիայում օգնել են ստեղծել արդեն նշված կարի ֆաբրիկան: 2017թ-ին ռուսական ներդրումների շնորհիվ բացվել է նաև հնդկահավի մսի վերամշակման «Ռոսդոն» նոր գործարանը, որը մոտ 50 աշխատատեղ է ապահովել:

Սակայն շատ փորձագետներ համակարծիք են, որ միայն սեփական գործարարության զարգացումը կօգնի իրավիճակը փոխել:

2016թ-ի հոկտեմբերին Հարավային Օսիայի խորհրդարանն օրենք է ընդունել փոքր բիզնեսի սուբյեկտների արտոնյալ վարկավորման մասին: Ենթադրվում է մի քանի ոլորտներում մասնավոր բիզնեսի արտոնյալ վարկավորման աջակցության հատուկ ֆոնդի ստեղծում: Ոլորտները հետևյալն են.

  • գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, վերամշակում և իրացում
  • գեղարվեստական ձեռնարկություններ
  • կրթություն
  • բժշկություն
  • հանրային սնունդ
  • նորարարություններ
  • զբոսաշրջություն
  • հյուրանոցային բիզնես:

Այս և այլ ոլորտներում սեփական բիզնեսի ստեղծման համար կարելի կլինի երեք տարով տարեկան ընդամենը 5% տոկոսադրույքով վարկ ստանալ, և վարկը կարող է ծածկել գրավի ողջ արժեքը (ինչպիսին է սովորաբար անշարժ գույքը):

Զինաիդա Զասևան ի թիվս շատերի սպասում է, թե երբ է այդ օրենքը ստորագրելու նախագահը:

«Երեխաներս մեծացել են, ամուսնանալ այլևս չեմ պատրաստվում, հատկապես՝ հիմա, ինչի՞ս է պետք, որ մեկի հագո՞ւստը լվանամ: Կշարունակեմ բիզնեսով զբաղվել», – ասում է նա:

Երիտասարդ տարիքում Զինաիդա Զասևան երազել է ֆիզկուլտւրայի ուսուցչուհի դառնալ: Դա այդպես էլ չի ստացվել և հազիվ թե ստացվի: Սակայն նա իր տան բակում, բանջարանոցի ետևում փոքրիկ լողավազան է սարքել:

«Փոխարենն ինքս ազատ սպորտով եմ զբաղվում», ասում է նա:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում