Ինչպե՞ս է հասարակական կարծիքն ազդում երկրի համար կարևոր քաղաքական հարցերի լուծման վրա" />

Վառոդի տակառի վրա

Ինչպե՞ս է հասարակական կարծիքն ազդում երկրի համար կարևոր քաղաքական հարցերի լուծման վրա

Վառոդի տակառի վրա

Ղարաբաղյան կարգավորման ուղիների փնտրմանն աջակցող գրեթե բոլոր միջազգային նախագծերը երկու «թրեկ» ունեն՝ քաղաքական բանակցություններն ու ժողովրդական դիվանագիտությունը:

«Թրեկ 2»-ի համար մեծ գումարներ են տրամադրվում, թշնամանքի աստիճանի նվազեցմանն ու հասարակությունների միջև կապերի հաստատմանն ուղղված նախագծեր են իրականացվում, սակայն արդյունքները միանշանակ չեն:

Ակնհայտ է, որ չզարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը, «թրեկ 2»-ը չի կարող շարժիչ ուժ լինել և առաջ տանել քաղաքական ակտիվությունը: Եվ Հայաստանում, և Ադրբեջանում ահսարակական կարծիքը որոշումներ ընդունելիս որոշիչ դեր չի խաղում: Այդ պատճառով էլ նրանք, ովքեր հույս ունեն, որ ժողովրդական դիվանագիտությունն իր ետևից կտանի քաղաքական բանակցություններն ու կօգնի փոխզիջում գտնել, մի քիչ միամիտ են թվում:

Ընդ որում, իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում այդ առումով կտրականապես տարբերվում է, չնայած որ «թրեկ 2»-ի ջատագովները համառորեն հավասարության նշան են դնում երկու հասարակությունների միջև՝ կամ առանց էությունը խորապես հաշվի առնելու, կամ փորձելով պահպանել այդ տխրահռչակ հավասարությունը:

Արդյունքում ստացվում է, որ միջազգային կազմակերպությունների կողմից բարի նպատակներով ֆինանսավորվող հայ-ադրբեջանական նախագծերը, հատկապես զանգվածային լրատվամիջոցների և ժողովրդական դիվանագիտության ոլորտում, սպասված արդյունքի չեն բերում:

Ադրբեջանում կամ ընդհանրապես հրաժարվում են նախագծերին մասնակցել, կամ մեծահոգաբար համաձայնում են «գումարները ծախսել», սակայն մի պայմանով, որ իրենց մասնակցությունը հանրային չի լինի:

Հայաստանում և Ղարաբաղում համատեղ նախագծերը և նույնիսկ պացիֆիստական պրոպագանդան առանձնահատուկ դիմադրություն չեն առաջացնում հասարակությունում, նրանք միանգամայն բաց են արտահայտվում, և դրանց մասնակիցները հետապնդումների չեն ենթարկվում: Սակայն քաղաքական «թրեկի» շրջանակում առաջընթացի բացակայությունն ու սահմանից այնկողմ առճակատումը բերում է նրան, որ Հայաստանում այդ նախագծերի ազդեցությունն այնքան էլ նկատելի չի լինում: «Խաղաղապահները» հաճախ դիտարկվում են որպես մարգինալ մարդկանց խումբ, որոնք միգուցե մարդասիրական մղումներ ունեն, սակայն հեռու են իրական քաղաքականությունից:

Իրականում Հայաստանում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կարծիքների բավականին լայն ներկայացվածություն կա՝ ծայրահեղական-հայրենասիրականից մինչև բացասական-սկեպտիկ:

Հայաստանում, ըստ էության, փակ թեմաներ չկան: Դա վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտությանը, այլ նաև, օրինակ, բանակում տիրող իրավիճակին: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ վերջին ժամանակներս տեղեկատվությունը գաղտնի է, Հայաստանում հրապարակվում է ողջ տեղեկատվությունը պատահարների, զոհերի և տուժածների, մարդու իրավունքների խախտումների և դատական գործընթացների մասին: Դա բացարձակապես չի նշանակում, որ մարդու իրավունքները հայկական բանակում չեն խախտվում, սակայն տեղեկատվությունը մեծ հաշվով բաց է:

Այն, ինչ պաշտոնապես չի հրապարակվում, լրացնում են ոչ կառավարական կազմակերպություններն ու սոցիալական խմբերը, որոնք բացահայտ կարող են իրենց բողոքն արտահայտել և տեղեկատվություն հրապարակել: Օրինակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակները միջազգային կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար զեկույցներ են հրապարակում զինված ուժերում իրավիճակի մասին՝ մատնացույց անելով լուրջ թերությունները: Իսկ ոչ պատերազմական իրավիճակում զոհված զինվորների մայրերն ամեն շաբաթ Կառավարության տան առջև բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով արդարադատություն և բարձրաստիճան անձանց հստակ անուններ նշելով:

Ադրբեջանում, անկասկած, իրավիճակն ավելի բարդ է՝ դատելով մամուլի հրապարակումներից, այլ կարծիք ունեցողները խստորեն հետապնդվում են, տեղեկատվությունը խորապես գաղտնի է, և տեղեկատվության միայն մեկ աղբյուր կա՝ պաշտոնական պրոպագանդան:

Տարբերությունն առաջին հայացքից մեծ է, սակայն էությունը մեկն է. որոշումները կայացվում են մարդկանց նեղ շրջանի կողմից՝ առանց հաշվի առնելու այլոց կարծիքները:

ճիշտ է՝ 2016թ-ի հուլիսին այս թեզն առաջին անգամ լրջորեն կասկածի տակ դրվեց: Հուլիսի 17-ին Երևանում ոստիկանական պարեկապահակային գնդի գրավում տեղի ունեցավ, և գրավման առաջին օրը հրապարակված հայտարարությունում ապստամբները՝ «Սասնա ծռեր» խումբը, հայտարարեցին, որ իրենց ակցիան ուղղված է Ղարաբաղի շուրջ իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ: Խմբավորման անդամները գնդի գրավումից առաջ էլ էին հայտարարում, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են անթույլատրելի տարածքային զիջումների գնալ, և որ իրենք նման ելք թույլ չեն տա:

Այդ լուրերն ինչ-որ առումով հաստատեց նաև Սերժ Սարգսյանը, որը խոստովանեց, որ 2011թ-ին Կազանում պատրաստ էր ստորագրել համաձայնագիր, որի համաձայն հայկական ուժերը դուրս կբերվեին Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար հանրապետության հարակից շրջաններից Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման դիմաց:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը միայն որոշակի հայրենասիրական նկրտումներ ունեցող շրջանների վրդովմունքն առաջացրեց, այն գրեթե չնկատեցին քաղաքական ուժերն ու հասարակական կառույցները, որոնք նույնիսկ հարկ չհամարեցին Սերժ Սարգսյանին մեղադրել կապիտուլյանտության համար և պահանջել նրա հրաժարականը:

Այնուամենայնիվ, «Սասնա ծռերի» դեպքի հանգուցալուծումից հետո հուլիսի  31-ին Սերժ Սարգսյանը փոխեց կառավարությունն ու մի փոքր խստացրեց ղարաբաղյան թեմայով հռետորաբանությունը: Փորձագետները դժվարանում են որոշել, արդյոք Սերժ Սարգսյանի վրա ազդել է «Սասնա ծռերին» աջակցող ժողովրդական ալիքը, թե ընհակառակը, խմբավորումը լավ քողարկում էր Սերժ Սարգսյանի դիրքորոշման խստացման համար:

Սակայն «Սասնա ծռերի» պատմությունը ծայրահեղական ժողովրդական բողոքի արտահայտում էր, և ակնհայտ դարձավ, որ, չնայած թվացյալ անտարբերությանը և անգամ ցավոտ փոխզիջումների անխուսափելիության մասին հայտարարություններին, չնայած կարծիքների բազմազանությանը, հայկական հասարակությունում հզոր ծայրահեղական ներուժ է հասունանում, որը կարող է արտահայտվել ցակացած «փոխզիջումային» որոշման դեպքում: Եվ այդ ներուժը որոշիչ կլինի որոշումներ ընդունելիս:

Այս տենդենցները խոսում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը, միաժամանակ՝ Հայաստանում և Ադրբեջանում, ավելի ու ավելի է նմանվում վառոդի տակառի: Եթե Ադրբեջանում կայծը կարող է լինել հակամարտության միջազգային սառեցման վտանգը (ներկայիս ստատուս քվոյի պահպանման պարագայում), ապա Հայաստանում պայթյուն կարող է առաջացնել ստատուս քվոյի փոփոխություն ենթադրող ցանկացած որոշում: Եվ այս դեպքում դժվար կլինի հասկանալ, թե որն է հասարակական կարծիքը, որը՝ պետական պրոպագանդան, և որը՝ ինքնապահպանման պարզ բնազդը և ազգային շահերի գիտակցումը:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Հրապարակվել է՝ 18.12.2016


Կարդալ ավելին JAMnews-ում