Բաքվում դպրոցականների շուրջ վերջերս տեղի ունեցած սկանդալը հասարակությունում բուռն քննարկումներ է առաջացրել" />

Վաղաժամ սեքս. ի՞նչ են այս մասին մտածում Ադրբեջանում

Բաքվում դպրոցականների շուրջ վերջերս տեղի ունեցած սկանդալը հասարակությունում բուռն քննարկումներ է առաջացրել

Ադրբեջանում սեռական կյանք սկսելու ոչ մի պաշտոնական արգելք կամ տարիքային ցենզ չկա: Քրեական օրենսգրքում սահմաններ են նշված, որոնք օգնում են տարանջատել փոքրահասակներին պղծելն ու բռնությունը նորմալ կամավոր սեռական ակտից: Իսկ ինչպե՞ս են ադրբջանցիներն իրենք իրենց հարցին պատասխանում, թե երբ սկսել:

Մ

ոտ մեկ ամիս առաջ Ադրբջանում WhatsApp մեսինջերով տարածվեց դեռահասների միջև ինտիմ տեսարանի տեսագրություն, որը ձայնագրված էր Բաքվի կենտրոնական դպրոցներից մեկի հանդերձարանում: Սարսափելի սկանդալ եղավ. աղջիկն ընդամենը 12 տարեկան է: Միջամտեց ոստիկանությունը, սկսեցին պարզել, թե ինչ քրեական գործ հարուցել՝ անչափահասի պղծո՞ւմ, թե՞ պոռնկագրական նյութերի տարածում:

Իրավաբանական տեսանկյունից ամեն ինչ քիչ թե շատ պարզ էր. համաձայնության տարիքը 16 տարեկանն է, եթե երկուսն էլ 16 տարեկանից փոքր են և ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է եղել, հանցագործություն չի եղել:

Բաքվի սոցցանցերը հուզում էր այլ հարց. ո՞վ է այդ ամենի համար մեղավոր ոչ թե Քրեական օրենսգրքի տեսանկյունից, այլ պատվի տեսանկյունից:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ.

«Թող ուրախ լինի, որ քարկոծման միջոցով մահվան չեն դատապարտել, ինչպես մարգարեի ժամանակներում էր»:

«Ուսուցիչներին թողնես դպրոցում միայն կաշառք վերցնեն, իսկ երեխաներին ո՞վ է դաստիարակելու: Մի՞թե նրանք չեն նկատել, որ աղջիկը փչացած է»:

«Ի՞նչ եք ուսուցիչների վրա հարձակվել: Մենք ի՞նչ կարող ենք անել, եթե երեխաներն ընտանիքներից դուրս են գալիս արդեն փչացած: Իսկ այդ աղջիկը փողոցային է, նրա հետ ամեն ինչ պարզ է»:

«Տատիկիս ընկերուհին է զանգահարել և ասել, որ տեսել է տեսանյութը, և դրանում երևում է, որ աղջիկն է մեղավոր: Մեզ մոտ սեքսն ընդհանրապես այնպիսի բան է համարվում, որի համար միշտ մեկը մեղավոր է»:

Իսկ ե՞րբ է արդեն կարելի

«Դեռահասների միջև այս կամ այն ինտիմ հարաբերությունները սովորական բան են, այդպիսի բաներ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ ողջ աշխարհում, բոլոր դպրոցներում դարեր շարունակ: Պարզապես առաջ հեռախոսներ չեն եղել, որոնցով այդ ամենը կարելի էր տեսագրել», – ասում է հոգեբան Ազադ Իսազադեն:

Այլ բան է, որ հոգեբանական տեսանկյունից դեռահասները սովորաբար դեռ պատրաստ չեն լինում սեռական կյանք սկսել. այդ տարիքում հղիությունը կարող է մահացու վտանգ ներկայացնել աղջկա համար, իսկ դեռահասությանը բնորոշ մաքսիմալիզմն ու էմոցիոնալ ոչ հասունությունը և հաճախ դեռահասների դաժանությունն այդպիսի նուրբ ոլորտում, ինչպիսին ինտիմ կյանքն է, կարող են կործանարար լինել:

Հոգեբանն ասում է, որ հստակ չափանիշներ չկան, ըստ որոնց, կարելի է սահմանել, թե մարդը երբ է պատրաստ սեռական կյանքին: Կան միայն թվեր, որոնք շատ պայմանականորեն են ընտրված՝ ելնելով բժշկական և իրավաբանական գործոններից:

Մինչև 13 տարեկանը երեխա է, ոչ մի ինտիմ կյանքի մասին խոսք չի կարող գնալ:

13-14 տարեկան. դեռահասության տարիքի սկիզբը, երբ աղջիկների և տղաների մոտ սեռահասունացում է տեղի ունենում, դրա հետ մեկտեղ գալիս է նաև սեքսուալ հետաքրքրությունը:

16 տարեկան. համաձայնության տարիք, ստորին սահման, երբ օրենսդրությունն ու հոգեբանությունը «համաձայնություն են տալիս» սեռական կյանք սկսել:

Եվ, վերջապես, 18 տարեկան. չափահաս տարիք, երբ ընտրություններին քվեարկելու և ալկոհոլ գնելու իրավունքին զուգահեռ մարդը սեռական կյանքով ապրելու լիարժեք և անվերապահ իրավունք է ստանում:

Սարհան, 29 տարեկան: Ավելի լավ է ուշ

Ս

արհանը դպրոց է գնացել նախանշված տարիքից մեկ տարի շուտ և դասարանում ամենափոքրն է եղել ոչ միայն տարիքով, այլ նաև հասակով և ֆիզիկական զարգացմամբ զիջել է համադասարանցիներին: Այնուամենայնիվ, 7 տարեկանում նա այդ համադասարանցիներից է իմացել, թե երեխաներն ինչպես են ծնվում: Այդ տեղեկությունը նրա մոտ այն ժամանակ ոչ շոկ, ոչ էլ հետաքրքրություն է առաջացրել:

Ընդհանրապես, Սարհանի սեռական հասունացումը շատ ավելի դանդաղ է ընթացել, քան նրա հասակակիցների մոտ: Եվ մինչ նա սովորում էր նկարել և ռեփ գրել, համադասարանցիներն ու ավելի մեծ տղաներն արդեն փորձարկումներ էին անում: Ճիշտ է, դեռևս առանց զուգընկերուհու:

«Մեզ մոտ դպրոցում տղաների մոտ պոռնկագրական նկարներ կային: Եվ շատերը, որքան ես գիտեմ, արդեն սովորում էին ձեռնաշարժությամբ զբաղվել՝ այդ փորձը հետո միմյանց հետո կիսելով: Ես ոչ թե դա ամոթալի ինչ-որ բան էի համարում, այլ պարզապես ուրիշ հետաքրքրություններ ունեի»:

Սարհանը կույս է եղել մինչև 20 տարեկան՝ առանց դրանից ամաչելու: Առաջին անգամ նա սեքսով է զբաղվել մոտավորապես իր տարիքի աղջկա հետ, որի համար դա առաջին անգամը չի եղել:

«Ես լավ բնակարան վարձեցի, որի պատուհանները ծովին էին նայում, իսկ պատերին նկարներ էին կախած: Ուզում էի, որ ամեն ինչ լինի որքան հնարավոր է գեղեցիկ: Բացի այդ, ես զզվող եմ, չէի կարողանա փնթի մի տեղ դա անել: Եվ հսկայական պիցա էի պատվիրել ընդմիջման համար: Քանի որ գիտեի, որ դա երկար է տևելու: Եվ իրոք, դա երկար տևեց: Երկար, գեղեցիկ և հետաքրքիր էր: Ես ուզում էի, առաջին հերթին, իմ զուգընկերուհուն մանրակրկիտ ուսումնասիրել, չէ՞ որ դա առաջին «իրական» մերկ կինն էր, որին ես տեսնում էի իմ կյանքւմ: Մենք հետո մոտ երկու ամիս հանդիպում էինք, և մի անգամ նա ասաց, որ իրեն դուր է գալիս ինձ հետ սիրով զբաղվել, որովհետև ես դրան «ստեղծագործական» մոտեցում եմ ցուցաբերում»:

Սարհանն իրեն բացառություն է համարում, ընդ որում, երջանիկ բացառություն:

«Ադրբեջանում սեռական կայացումը, որպես կանոն, տեղի է ունենում հետևյալ սխեմայով. տղաները սովորում են պոռնոֆիլմերի օգնությամբ, հետո մարմնավաճառները նրանց վերասովորեցնում են, իսկ հետո արդեն նրանք կանանց են սովորեցնում այն ամենն, ինչ սովորել են մարմնավաճառներից՝ հանելով մի քանի դրվագներ: Հիմար սխեմա է, իմ կարծիքով: Այնպես որ, ես գոհ եմ, որ ուշ եմ սկսել: Փոխարենը որակյալ եմ սկսել»:

Տղաները՝ ձախ, աղջիկները՝ աջ

Ադրբեջանում  մինչև հիմա գոյություն ունի ամուսնությունից հետո «կուսության հաստատման» արարողություն, որն անցկացնում են ընտանիքի ավագ կանայք, և բարգավաճում է կուսաթաղանթի վերականգման պրակտիկան: Իհարկե, ոչ բոլոր ադրբեջանացիներն են նախաամուսնական կուսության ջատագով, սակայն մեծամասնությունը համարում է, որ կինը չպետք է սեքսով զբաղվի մինչ ամուսնանալը:

Տղամարդկանց վրա այդ օրենքը չի տարածվում, բայց մասամբ անդրադառնում է նրանց վրա: Ազադ Իսազադեի խոսքով՝ մեծ մասամբ հենց այդ պատճառով են Ադրբեջանում երիտասարդները սեքսուալ կյանքը սկսում մարմնավաճառների հետ:

Մուրադ, 35 տարեկան: Երկրորդ հարկի սևահեր կինը

Մ

ուրադի դեռահասության շրջափուլը սկսվել է 90-ականների կեսերին, և նրա սեռական դաստիարակմամբ ամբողջությամբ զբաղվել է փողոցը: Ընդ որում, այդ փողոցը Բաքվի ամենաանբարեհաջող շրջաններից մեկում էր, որտեղ բակի նստարանների կողքերը ներարկիչներ էին թափված, կռիվները սովորական բան էին։

«Ես 13 տարեկան էի, երբ բոլոր ընկերներս մեկը մյուսի հետևից սկսեցին գլուխ գովել «առաջին անգամով», և ես հասկացա, որ ժամանակն է: Իմ հասակակիցներին ես որպես սեքսուալ օբյեկտ չէի դիտարկում, իսկ ավելի մեծ աղջիկների վերաբերյալ մտածում էի, որ նրանց հետ ոչ մի շանս չունեմ: Այնպես որ, միայն մեկ տարբերակ էր մնում. գնալ մարմնավաճառի մոտ, ինչպես և մեր թաղի տղաների մեծ մասը»:

Ավագ ընկերներից մեկը Մուրադին տաք հունիսյան մի երեկո տարել է «համեմատաբար բարոյական» պոռնկատուն:

Հին եռահարկ տուն, որոնք շատ են Բաքվի կենտրոնը շրջապատող փողոցներում: Բարձր չեչոտ աստիճաններով դեռահասները բարձրացել են երկրորդ հարկ և հայտնվել սովորական բնակարանի նեղ նախասրահում: Սենյակը, որտեղ Մուրադին էր սպասում նրանից մոտ 10 տարով ավելի մեծ ոչ բարձրահասակ սևահեր մի կին, նույնպես քիչ բանով էր տարբերվում ստանդարտ բնակելի սենյակից: Ոչ կարմիր վարագույր կար մահճակալի վերևում, ոչ էլ հայելային առաստաղ: Փոխարենը պահպանակներ կային:

«Այնտեղ երևի լոգարան էլ կար, բայց ես դրանից չօգտվեցի: Այդ սենյակում ես առավելագույնը 20 րոպե մնացի, իսկ երբ դուրս եկա, ինձ հետ ոչ մի զգալի փոփոխություն տեղի չունեցավ: Պարզապես այնպիսի զգացողություն էր, որ ինքնին ենթադրվող մի բան էի արել»:

Հետագա մի քանի տարիներին նա շարունակել է հասարակաց տներ այցելել, սակայն շատ հազվադեպ, տարեկան երկու անգամից ոչ ավել, հաճախ գնալու համար փող չկար: Փոխարենը նա, իր հերթին, այդ բացված ճանապարհով է տարել իր ընկերներին, որոնք նույնպես մտահոգվում էին իրենց կուսությամբ:

«Հիմա ես հասկանում եմ, որ, թեև ֆիզիկապես ես ամբողջությամբ պատրաստ էի դրան, բայց ուղեղով՝ դեռ ոչ: Եվ, հնարավոր է, որ հենց այդպիսի սկիզբն է իմ մեջ դաստիարակել սեքսի հանդեպ բավականին պրակտիկ և նույնիսկ մի փոքր ցինիկ վերաբերմունքը: Թեև, եթե անկեղծ լինել, այդպիսի վերաբերմունքը ես առավել առողջ եմ համարում: Բացի այդ, այն ժամանակ ես պարզապես այլ տարբերակներ չունեի: Իսկ հիմա ժամանակներն այլ են, և ժամանակակից պատանիները պետք է այլ կերպ սկսեն: Ոչ այդքան վաղ, բայց իրենց հասակակիցների հետ և ավելի ռոմանտիկ կերպով»:

Ի դեպ, Մուրադի առաջին համբույրը տեղի է ունեցել սեքսից մոտ 4 տարի ավելի ուշ: Արդեն 17 տարեկանում՝ համադասարանցու հետ:

Սեռական հեղափոխություն, որը չեն ուզում նկատել

Մեկնաբանելով ամուսնությունից առաջ կնոջ կույս լինելու նախապայմանը՝ սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան ասում է, որ դա բնորոշ է բոլոր պահպանողական մուսուլմանական երկրներին.

«Իրավիճակը պարադոքսալ է. կնոջ համար պահանջմունք չի համարվում ոչ միայն ամուսնությունից առաջ և արտաամուսնական սեռական կյանքն, այլ նաև հենց սեռական ցանկությունները: «Կարգին» ադրբեջանցի կինն ընդհանրապես չպետք է սեքս ուզի և պետք է զբաղվի դրանով միայն ամուսնու և հղիանալու համար: Մյուս կողմից, տղամարդու համար բուռն սեռական կյանքն անհրաժեշտ է համարվում, և, եթե որոշակի տարիքում նա դեռ կույս է, հասակակիցները կծաղրեն: Այդ ամենն ավանդույթներ են, որոնցից ամուր կառչած է մեր հասարակությունը: Սակայն մենք ապրում ենք մի դարում, երբ 12-13 տարեկանից դեռահասները կարող են ինտիմ կյանքի, իրենց մարմնի մասին ցանկացած տեղեկատվություն ստանալ, նրանք ավելի ազատատենչ են և չեն ուզում ապրել հին կանոններով»:

Սանուբար Հեյդարովան վստահ է, որ դա ոչ մի դեպքում չի կարելի անտեսել. ժամանակակից դեռահասների ազատատենչությունը, որը չի ուղեկցվում համապատասխան կրթությամբ և դաստիարակությամբ, կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

«Պատրիարխալ ավանդույթներին փոխարինելու պետք է գան կրթությունն ու լուսավորությունը, իսկ մեզ մոտ գալիս են աբորտներն ու բռնությունը դեռահասների շրջանում: Դեռահասներն արդեն հասկացել են և իրենց համար որոշել, որ ուզում են սիրով զբաղվել և ազատ ապրել, սակայն նրանց դեռ ոչ ոք չի բացատրել, թե ինչպես դա մարդավարի անել՝ չվնասելով իրենց և ուրիշներին: Սեքսուալ հեղափոխությունն Ադրբեջանում արդեն սկսվել է, իսկ հասարակությունը չի ցանկանում նկատել դա»:

Այթան, 38 տարեկան: «Գարունը՝ պատռված վարագույրի ետևում»

Ա

յթանը մեծացել է խստաբարո պահպանողական ընտանիքում, որտեղ ծնողները երեխաներին սենյակից դուրս էին քշում, երբ հեռուստացույցով ինչ-որ մեկը համբուրվում էր: Մոտ մինչև 13 տարեկանն Այթանն անկեղծ համարում էր, որ աղջիկը մեծանում է, ավարտում ինստիտուտը, իսկ դրանից հետո ինքնըստինքյան սկսում է որովայնը մեծանալ, և երեխա է հայտնվում:

Այնուամենայնիվ, առաջին սեքսուալ տեսարանը նա տեսել է հենց տանը՝ հեռուստացույցով:

«Մեր սենյակներն իրար միջով էին սարքած՝ միմյանց հետ կապվում էին դռներով, որոնք երբեմն չէին փակվում նույնիսկ գիշերը: Մի անգամ, իմ սենյակում պառկած էի և տեսա, թե ինչպես է հայրս հյուրասենյակում գերմանական պոռնոֆիլմ դիտում: Ես այն ժամանակ 14 տարեկան էի, և, անկեղծ ասած, տեսածս ինձ վրա ընդհանրապես ոչ մի ազդեցություն չգործեց»:

Առաջին անգամ Այթանը համբուրվել է 17 տարեկանում՝ դպրոցն ավարտելուց հետո:

«Ինձ շատ էր դուր գալիս այդ տղան, և ուզում էի համբուրվել նրա հետ, սակայն մտածում էի, որ դա լավ չէ, և չի կարելի նման բան անել: Այդ պատճառով էլ ես համբուրվում էի և միաժամանակ հրում նրան: Հիմա եմ հասկանում, թե որքան ծիծաղելի էր այդ ամենը»:

Այթանի մոտ «առաջին անգամը» եղել է 21 տարեկանում, երբ նա առաջին անգամ ընկեր է ունեցել: Աղջիկն ինքն է մեկ ամսով բնակարան վարձել Բաքվի «ետնախորշային» թաղամասերից մեկում, որտեղ զույգը հանդիպել է ամեն օր համալսարանից հետո:

Այդ վայր հասնելու համար պետք էր իջնել ավտոբուսի կանգառում և ոտքով անցնել դարուփոսերով զառիվայրով:

«Դա այն թաղամասերից էր, որտեղ մինչև հիմա չի ավարտվել միջնադարը: Ես ձգտում էի, որքան հնարավոր է, աննկատ հագնվել աչքի չընկնելու համար, և ոչ ոք չիմացավ, թե ուր և ինչու եմ գնում: Դա ինչ-որ լրտեսական ֆիլմ էր հիշեցնում՝ հետապնդումներով և գործակալական բնակարաններով: Ամեն անգամ սիրտս խփում էր, ձեռքերս դողում էին, և ես երկար չէի կարողանում բանալին մտցնել անցքը: Այդ դուռն էլ այնքան ծանր էր, բացվում էր երկար, ճռնչյունով, կարծես դիտավորյալ աներ»:

Սենյակը փոքր էր, ժուժկալ կահավորանքով: Մեկտեղանի մահճակալ՝ կեղտից կամ ժամանակից խունացած սպիտակեղենով: Սեղան: Պահարան: Մի անգամ Այթանը նույնիսկ թաքնվել է այդ պահարանում, երբ հանդիպման ժամանակ դուռն անսպասելի թակել են: Ընկերն է գնացել բացելու:

«Կարծեմ էլեկտրաէներգիայի վարձն էր եկել տաներ կամ նման մի բան: Նրանք մի քանի րոպե խոսեցին, և այդ ամբողջ ընթացքում ես պահարանում նստած էի: Մի կողմից, ահավոր վախենում էի, որ ինձ կգտնեն և ինչ-որ կերպ կհաղորդեն ծնողներիս: Մյուս կողմից, դա այնպիսի ադրենալին էր»:

Պատռված վարագույրը հազիվ էր ծածկում պատուհանը, որը հարևան փլատակների պատին էր նայում: Սակայն այդ պատուհանից այն կողմ նաև գարուն էր:

«Եվ ոչ միայն պատուհանից այն կողմ, այլ նաև իմ գլխում, և անգամ այդ խոնավությամբ պատված բնակարանում էր գարուն, և ես կորցնում էի ժամանակի և տարածության զգացումը և առաջին անգամ ամբողջությամբ գտնվում էի սեքսուալ գրգռվածության իշխանության տակ: Որքան էլ պաթոսային հնչի: Ինձ համար կուսակություն կորցնելն ընդհանրապես սարսափելի չէր, թեև, իմ ընտանիքի չափանիշներով, մինչև ամուսնությունը դա անելը հավասար էր տիեզերական աղետի: Հնարավոր է, որ ես դա այդքան թեթև եմ ընկալել, որովհետև շատ էի սիրում այն տղային և մտածում էի, որ ամուսնանալու ենք: Իսկ միգուցե, որովհետև պատանեկության փուլում «ըմբոստ» մտքեր էին ինձ այցելում»:

Վաղաժամ սեքս՝ միայն ամուսնության շրջանակում

Այն մասին, որ վաղաժամ սեքսին Ադրբեջանում ավելի մեծ հանդուրժողականությամբ են վերաբերվում, քան նախաամուսնական սեքսին, վկայում է, օրինակ, վաղաժամ ամուսնությունների դեռևս պահպանված ավանդույթը, երբ աղջիկներն ամուսնանում են 14-15 տարեկանում: Թեև դրան «ամուսնանալ» ասելը պայմանական է. պաշտոնական ամուսնությունները 16 տարեկանից (նվազագույնը) շուտ տեղի չեն ունենում:

Այդպիսի ամուսնությունների հստակ թիվը հնարավոր չէ որոշել, այդ պատճառով էլ ստիպված ենք դատել՝ ըստ ծնելիության վիճակագրության: Պաշտոնական տվյալներով՝ 2016թ-ին Ադրբեջանում 17 տարեկանից փոքր աղջիկների մոտ 3 հազար երեխա է ծնվել: Մանկաբույժ Էմիլիա Ռագիմովան, որը երկար տարիներ մանկական պոլիկլինիկայում է աշխատել, հիշում է, որ ծնողներից շատերը, որոնք իր մոտ զննման էին բերում նորածիններին, հազիվ 16 տարեկան էին:

«Նրանցից գրեթե ոչ ոք ամուսնության վկայական չուներ, քանի որ նրանք դեռ չէին հասել համապատասխան տարիքի: Իսկ երբ բժիշկները համարձակվում էին խոսել այն մասին, որ ընտանիք կազմելու և 15-16 տարեկանում երեխան ունենալու համար վաղ է, նրանք ասում էին, թե մեր տատերը հենցայդպես են արել»:

Ի՞նչ անեն ծնողները

Ազադ Իսազադեն բողոքում է, թե Ադրբեջանում դեռահասները չեն ստանում ոչ միայն սեռական, այլ նաև իրավաբանական կրթություն և չգիտեն, օրինակ, որ սիրով զբաղվող համադասարանցիներին տեսագրելն ու տեսագրությունը տարածելը նույնպես հանցագործություն է, որի համար Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված կա:

Հոգեբանը խորհուրդ է տալիս այն ծնողներին, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները չափազանց շուտ ծանոթանան մեծերի կյանքի հրաշքներին, որոշակի բաներ ՉԱՆԵԼ.

  • չներշնչել, որ նման հավանականություն ընդհանրապես չկա,
  • չթաքնվել կեղծ ամոթի և ավանդույթների ետևում,
  • այդ խնդրի լուծումը չգցել դպրոցի վրա,
  • արգելքներ չդնել և չսպառնալ:

Այդ ամենի փոխարեն պետք է ավելի ուշադիր հետևել սեփական երեխայի սեռական հասունացմանն ու առանց պարտադրանքների այդ առումով զբաղվել նրա դաստիարակությամբ: Պարզ ասած, մեղմ ներշնչել, որ շտապելու տեղ չկա:

Ինչ վերաբերում է դեռահասների սեռական վարքում նորմայի և պաթոլոգիայի միջև սահմանին, ապա, ըստ Իսազադեի, դրանք քչով են տարբերվում մեծերի համար նույն նորմերից:

Այսինքն՝ նորմա կարող է համարվել այն ամենն, ինչ ինքդ քեզ և ուրիշներին ֆիզիկապես վնաս հասցնել, բռնանալ և կենտրոնանալ չի ենթադրում:

Եթե ձեր դեռահաս երեխայի սեռական հասունացման ժամանակ նման բան չի նկատվում, ապա գլուխը բռնելու առիթներ չկան:


Կարդալ ավելին JAMnews-ում