Իշխանությունների հետ վրացական հայտնի ալիքի երկար մարտի բոլոր մանրամասները։ Եվ արդյո՞ք նոր որոշումը նշանակում է, որ ալիքը պարտվել է" />

Ստրասբուրգի դատարանի նոր որոշումը կարող է Վրաստանի գլխավոր ընդդիմադիր “Ռուսթավի-2” ալիքն իշխանամետ դարձնել

Իշխանությունների հետ վրացական հայտնի ալիքի երկար մարտի բոլոր մանրամասները։ Եվ արդյո՞ք նոր որոշումը նշանակում է, որ ալիքը պարտվել է

Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ալիքը, հնարավոր է, շուտով փոխի տերերին և դառնա իշխանամետ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերության գործում Մարդու իրավունքների կոնվենցիայի ոչ մի խախտում չի հայտնաբերել։ Ստրասբուրգի դատարանը նաև ուժի մեջ չի թողել 2017թ-ին «Ռուսթավի-2»-ի նկատմամբ Վրաստանի Գերագույն դատարանի ընդունած որոշման գործարկումն արգելող իր իսկ ընդունած ժամանակավոր որոշումը։

Դա նշանակում է, որ երկրի «Ռուսթավի-2» խոշորագույն ընդդիմադիր ալիքը, հնարավոր է, այլևս չի պատկանելու ներկայիս տերերին և անցնելու է հին տիրոջը՝ Քիբար Խալվաշիին, որը հավատարիմ է Վրաստանի ներկայիս իշխանություններին։

Համապատասխան որոշումը հրապարակվել է այսօր՝ թբիլիսյան ժամանակով ժամը 12:00-ին։

2020թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այս որոշումը կարող է արմատապես փոխել քաղաքական իրավիճակը երկրում։ 

________________________

• Ո՞ւմ են պատկանում լրատվամիջոցները Վրաստանում

• Facebook-թրոլեր ու կեղծ մեդիակայքեր։ Ինչպե՞ս է Վրաստանի իշխանությունը պայքարում ցուցարարների դեմ

Ի՞նչ բողոքի մասին է խոսքը

2012թ-ի իշխանափոխությունից և «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո «Ռուսթավի-2»-ի տերերի միջև անվերջ դատավեճ սկսվեց։ Այսօր հեռուստաալիքի համար պայքարում են դրա հիմնադիրներն ու նոր տերերը՝ Դավիթ Դվալին ու Ջարջի Ակիմիձեն, ինչպես նաև Քիբար Խալվաշին, որը հեռուստաընկերության տերն է եղել 2004-2006թթ-ին։

Այդ դատավեճը սուր փուլ մտավ 2015թ-ին։ Այն ժամանակ դատարանը կալանք դրեց «Ռուսթավի-2»-ի գույքի վրա։ Զուգահեռ դատական վեճեր էին ընթանում։ 2015թ-ի վերջին քաղաքային դատարանը հեռուստաընկերությունը հանձնեց Քիբար Խալվաշիին, ինչն ավելի ուշ հաստատեցին Վերաքննիչ և Գերագույն դատարանները։

Գործարար Քիբար Խալվաշին, որը հեռուստաընկերությունը կառավարում էր 2004-2006թթ-ին, խնդրում է վերադարձնել իրեն պատկանող մասնաբաժինները։ Խալվաշին պնդում է, որ ստիպված էր հեռուստաընկերությունը զիջել նախագահ Սաակաշվիլիի կառավարման ժամանակ։

Իշխանությունները փորձում էին այդ գործընթացը ներկայացնել որպես «մասնավոր անձանց միջև վեճ», թեև ոչ տեղի, ոչ միջազգային դիտորդները չեն կասկածում, որ «մասնավոր անձանց» հետևում գործում էր իշխանությունը, որի համար վարկանիշային ընդդիմադիր հեռուստաալիքն անհարմար իրողություն է։

Բողոքը, որը քննել է ՄԻԵԴ-ը, «Ռուսթավի-2»-ը ներկայացրել էր այն բանից հետո, երբ վրացական դատարանի բոլոր ատյանները վճռեցին, որ ներկայիս տերերն ապօրինի են ստանձնել հեռուստաընկերության կառավարումը։

Վրաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ Քիբար Խալվաշիին իրոք ստիպել են վաճառել իր արժեթղթերն, իսկ այժմ հեռուստաընկերության վաճառքի մասին համաձայնագիրը պետք է լուծարվի։

Սակայն Գերագույն դատարանի որոշումն այդպես էլ ուժի մեջ չմտավ, քանի որ 2017թ-ի մարտի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն աննախադեպ արագ քննեց ներկայիս տերերի միջնորդությունն ու որոշեց կասեցնել Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարումը։

Նույն տարվա նոյեմբերին ՄԻԵԴ-ը քննման վերցրեց գործը, որով կայացրած վճիռը հրապարակվել է հենց այսօր։

Ստրասբուրգի դատարանն իրավասու չէր լուծելու վեճը, թե իրականում ում է պատկանում հեռուստաընկերությունը։ Հայցը կազմվել է արդար դատաքննության, կարծիք արտահայտելու ազատության իրավունքի, իրավունքների հանդեպ սահմանափակումների կիրառման սահմանների մասին հոդվածների, ինչպես նաև սեփականության պաշտպանության մասին արձանագրության հիման վրա։

Այսինքն՝ Եվրոպական դատարանը պետք է վճռեր, թե արդյոք «Ռուսթավի-2»-ի դեմ խախտվել է այդ իրավունքներից մեկը։

Ստրասբուրգի դատարանի այսօրվա որոշման համաձայն՝ «Ռուսթավի-2»-ի նկատմամբ չի խախտվել ոչ մի իրավունք։ Այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքը։

Ի՞նչ է լինելու

Հեռուստաընկերությունը կարող է այդ վճիռը բողոքարկել ՄԻԵԴ Մեծ պալատում երեք ամսվա ընթացքում։ Եթե վճիռը չբողոքարկվի սահմանված ժամկետներում, այն ուժի մեջ կմտնի երեք ամսից։

Քիբար Խալվաշին այդ երեք ամսվա ընթացքում նվազագույնը կարող է փոխել հեռուստաընկերության մենեջմենթը։

Սակայն, ինչպես ասում է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, «այնպես չէ, որ Մեծ պալատն անպայման կընդունի այդ հայցը, քանի որ այնտեղ խստորեն զտվում են հայցերն, ու, հնարավոր է, որ այն ընդհանրապես չընդունվի», – հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ցուլուկիանին։

Հեռուստաընկերության ներկայիս տնօրեն Նիկա Գվամարիան Ստրասբուրգի դատարանի որոշումը «շոկային» է անվանում։ Նա հայտարարում է, որ հեռուստաընկերությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը Մեծ պալատում։

Նա ճեպազրույցին ներկայացրել է իր պայմանագիրը, որտեղ գրված է, որ իրեն մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 31-ն իր կամքին դեմ ազատելու դեպքում տերերը նրան զգալի գումար պետք է վճարեն։ Թե որքան, նա չի նշել։

Գվամարիան ասել է, որ իր պաշտոնից կհեռանա այն դեպքում, եթե դա ցանկանան հեռուստաընկերության աշխատակիցները։

Գվամարիայի խոսքով՝ հեռուստաընկերության ներկայիս մենեջմենթը նվազագույնը 5-6 ամիս ունի տեղում մնալու համար, իսկ առավելագույնս շատ մնալը կախված է Մեծ պալատից։

«Ես, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Ինձ համար դա կյանքի և մահվան հարց է», – հայտարարել է Գվամարիան։

«Ռուսթավի-2»-ն «առանցքային ֆիգուր» է  Վրաստանի ժամանակակից պատմության մեջ

2019թ-ի հունիսի 1-ին լրացել է «Ռուսթավի-2»-ի 25-ամյակը։ Անգամ հեռուստաալիքի հանդեպ քննադատորեն տրամադրված մարդիկ են խոստովանում Վրաստանի ժամանակակից պատմության մեջ դրա առանձնահատուկ դերը։

Այդ հեռուստաընկերության սեփականության պատմությունը երկար է և մշուշոտ, քանի որ վերջին մի քանի տարում ալիքը բազմաթիվ տերեր է փոխել։

«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» հասարակական կազմակերպության տեղեկության համաձայն՝ 2004-2012թթ-ին հեռուստաընկերությունը քսան անգամ փոխել է տերերին։ Եվ ամեն անգամ այդ փոփոխություններն ուղեկցվում էին «մութ» պատմություններով, այնպես որ, այսօր էլ շատ հարցեր անպատասխան են մնում։ Այդ բոլոր գործարքների հետևում Սահակաշվիլիի ռեժիմն էր։

«Վարդերի հեղափոխության» ժամանակ «Ռուսթավի-2»-ը բացահայտ աջակցում էր ընդդիմությանը։ Շևարդնաձեի կոռումպացված շրջանում հեռուստաընկերության լրագրողները մերկացնում էին պաշտոնյաների, եթեր տալիս սուր ռեպորտաժներ, նրանց օբյեկտիվից դուրս չէր մնում սկանդալային ոչ մի բան։ Հեռուստաալիքն իշխանություններից զրկում էր հարմարավետությունից։ Հենց այդ պատճառով էին նրանք բազմիցս փորձում փակել «Ռուսթավի-2»-ը։

Հենց այդ փուլում հեռուստաալիքը հասավ պոպույլարության իր գագաթնակետին։ «Հաղթանակած ժողովրդի հեռուստատեսություն»․ այսպես էին այն անվանում «վարդերի հեղափոխությունից» հետո։ Լրագրողներին չէին թողնում շունչ քաշել․ նրանց միշտ մարդիկ էին կանգնեցնում և շնորհակալություն հայտնում աշխատանքի համար։

Թեև հետագայում հեռուստաալիքի համար ծանր ժամանակներ եկան։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում ձևավորված իշխանությունը սկսեց ցավոտ և ոչ պոպուլյալ բարեփոխումներ իրականացնել, և ուժեղ, քննադատորեն տրամադրված մամուլի առկայությունը շահեկան չէր։ Ի վերջո, այնպես ստացվեց, որ երկրի բոլոր առաջատար հեռուստաընկերություններն, այդ թվում՝ «Ռուսթավի-2»-ը, հայտնվեցին Սաակաշվիլիի ռեժիմի վերահսկողության տակ։ Եթերից անհետացան սուր քաղաքական հաղորդումներն ու քննադատական սյուժեները։

2012թ-ի իշխանափոխությունից հետո Վրաստանում բոլոր խոշոր հեռուստաալիքները փոխակերպվեցին հօգուտ իշխող «Վրացական երազանքի»։ Միակ խոշոր ալիքը, որը հեռարձակվում է ողջ երկրում, որը մնաց ընդդիմության, մասնավորապես, նախկին նախագահ Սաակաշվիլիի ազդեցության տակ, «Ռուսթավի-2» էր։

 


Կարդալ ավելին JAMnews-ում