Նոր կարգավորումները դեռ միայն բարձրացրել են տաքսիներով տեղաշարժի գները և մի քանի հարյուր ընտանիք թողել առանց եկամտի աղբյուրի" />

Սպիտակ տաքսիներն՝ ընդդեմ գունավորների։ Թբիլիսիում սկսվել է տաքսիների բարեփոխման երկրորդ փուլը

Նոր կարգավորումները դեռ միայն բարձրացրել են տաքսիներով տեղաշարժի գները և մի քանի հարյուր ընտանիք թողել առանց եկամտի աղբյուրի

ავტომობილები თბილისის ქუჩაში

2019թ-ի հոկտեմբերի 1-ից, ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի որոշման, բոլոր մասնավոր տաքսիները, որոնք երթևեկում են քաղաքում, պետք է սպիտակ գույնի լինեն։ Հակառակ դեպքում նրանց արգելվում է փողոցից ուղևոր վերցնել։

Երկրում, որտեղ գործազրկության մակարդակն, ըստ պաշտոնական տվյալների, 20 տոկոս է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի բարձր, շատերը տաքսիով գումար էին վաստակում ընտանիք կերակրելու համար։ Նոր կանոնները նրանց համար զգալի խնդիրներ են ստեղծել։

Կարգավորումներից դժգոհ են նաև շարքային քաղաքացիները։ Նրանք բողոքում են, որ տաքսիները միանգամից թանկացել են։

___________________

Հոկտեմբերի մեկից Թբիլիսիում միայն երկու տեսակի տաքսիներ են երթևեկելու։ А տիպի բոլոր տաքսիները պետք է սպիտակ գույնի լինեն, հինգ դուռ ունենան (ներառյալ բեռնախցիկը) և ձախակողմյան ղեկ։ Այս տեսակի տաքսիներն արտոնյալ են․ դրանց համար մայրաքաղաքում կայանելն անվճար է։ Ի տարբերություն այլ գույնի տաքսիների՝ միայն սպիտակ տաքսիները կարող են փողոցից ուղևոր վերցնել և տաքսու նշան տեղադրել։

Բնակչության կեսն ի վիճակի չէ կոմունալները վճարել։ Ինչպե՞ս են ապրում Վրաստանում

Մնացածները (այլ գույնի տաքսիները) մտնում են B խմբի  մեջ։ А տեսակից՝ գույնից զատ նրանց տարբերում են ավելի սահմանափակ իրավունքները։

Օրինակ, նման մեքենայի վրա չի կարելի տաքսու հատուկ նշան տեղադրել, այսինքն՝ ուղևորը չի կարող կռահել, որ այդ մեքենան տաքսի է։ Սակայն B կարգի տաքսիներն առանց այդ էլ իրավունք չունեն ուղևոր վերցնելու փողոցից։ Օրինակ, եթե կապույտ կամ մոխրագույն մեքենա կանգնի՝ փողոցից ուղևոր վերցնելու, վարորդը կտուգանվի։

B կարգի տաքսիների վարորդները կարող են միավորվել այնպիսի ծառայություններում, ինչպիսիք են Bolt-ն ու YandexTaxi-ն և մայրաքաղաքի բնակիչներին սպասարկել միայն առցանց հավելվածների միջոցով։

Երկու կարգի տրանսպորտի համար էլ ընդհանուր է այն, որ, անկախ գույնից, դրանք պարտավոր են հատուկ թույլտվություն ունենալ և տարին մեկ տեխզննում անցնել։

Տաքսիների բարեփոխումը

Փաստացի Խորհրդային Միության փլուզումից հետո Թբիլիսիում տաքսու բիզնեսը ոչ մի կերպ չէր կարգավորվում օրենսդրական մակարդակով։ Տաքսի վարել կարող էր ցանկացած վարորդ, որն իր մեքենայի վրա համապատասխան նշան էր տեղադրում։

Տաքսիների լիցենզավորման անհրաժեշտության մասին քաղաքում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 2017թ-ին։

Թբիլիսիի քաղաքապետարանը որոշեց տաքսիների համար կանոնները փուլ առ փուլ ներդնել։ 2018թ-ի հոկտեմբերի 1-ից օրենքը տաքսիների տերերին պարտավորեցրեց լիցենզիա ստանալ և տեխզննում անցնել։

Բարեփոխման այդ հատվածը դրական գնահատեցին ինչպես փորձագետներն, այնպես էլ քաղաքացիների մեծ մասը։ Սակայն բարեփոխման շրջանակում ընդունված ևս մեկ նախաձեռնություն՝ տաքսիները սպիտակ ներկելը, շատերի համար անընդունելի էր։

2019թ-ի հոկտեմբերի 1-ից տաքսիները պետք է սպիտակ լինեն, ձախ ղեկով և հինգ դռներով։

Մեքենաները ներկելու համար քաղաքապետարանը վարորդներին 800 լարիի [մոտ $270] վաուչերներ էր առաջարկել։ Սակայն վարորդները դժգոհ էին մնացել, քանի որ, նրանց խոսքով, ներկելու գումարն ավելի մեծ է։ Բացի այդ, վերաներկված մեքենան վաճառքի ժամանակ ավելի էժան է։

Կարգավորումներ մտցնելու նախաձեռնությունը պատկանում է անձամբ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Նրա խոսքով՝ դա արվում է քաղաքի տեսքը բարելավելու համար։ Որպես օրինակ, նա բերում է եվրոպական քաղաքները, որտեղ միայն մեկ գույնի տաքսիներ են երթևեկում։

Առաջին արդյունքներն ու գնահատականները

Տաքսիները տիպերի բաժանելու գործընթացը սկսվել է հոկտեմբերի 1-ից և հետագայում կշարունակվի։ Որպեսզի տաքսին տեսակավորվի, մեքենան նախևառաջ պետք է տեխզննում անցնի։

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսիում 26 հազար լիցենզավորված տաքսի կա։ Դրանցից տեխզննում է անցել 30%-ը։ Մնացած 70 տոկոսի կեսից ավելին արդեն տեսակավորվել է, 24 տոկոսն А տեսակին է պատկանում։

Եթե ամփոփենք արդյունքները, ստացվում է, որ այսօր 26 հազար լիցենզավորված տաքսիներից միայն երկու-երկուսուկես հազար մեքենա է А խմբում հայտնվել։

Բարեփոխումը քննադատվել է ընդդիմության, ինչպես նաև տաքսու վարորդների և ծառայությունից օգտվողների կողմից։

«Ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն խորհրդարանում ելույթ ունենալիս Թբիլիսիի տաքսիները ներկելու քաղաքապետարանի նախաձեռնությունը «կոռուպցիոն» է անվանել․

«Այսօրվանից 24 հազար տաքսու վարորդներ տուգանվելու են կամակոր և կոռուպցիոն նախաձեռնության պատճառով, որը քաղաքապետարանին է պատկանում։ Մեքենաները սպիտակ ներկելը բացարձակ ոչինչ չի փոխում մեքենաների տեխնիկական և ուղևորների անվտանգության տեսանկյունից», – հայտարարել է Գոցիրիձեն։

Բարեփոխումը բացասաբար է գնահատում նաև «Հաբ Ջորջիա» հարթակի գործադիր տնօրեն Վասիլ Ուրուշաձեն, որն աշխատում է տրանսպորտային հարցերի հետ։

«Թբիլիսիի քաղաքապետարանի ընդունած կարգավորումները չեն պատասխանում այն մարտահրավերներին, որոնք առկա էին այդ ոլորտում։ Գլխավոր խնդիրը երկրում, հատկապես Թբիլիսիում, տաքսի ծառայության բարելավումն էր, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանը մեր խորհուրդները հաշվի առնելու փոխարեն ընտրեց կարգավորումների ճանապարհը, որոնք ընդհանրապես հասկանալի չեն», – հայտարարել է Ուրուշաձեն։

Նոր կանոնները ողջ օրվա ընթացքում ակտիվորեն քննարկվում էին Ֆեյսբուքում։ Օգտատերերը գրում են, որ հոկտեմբերի 1-ից զգալիորեն բարձրացել են տաքսի կանչելու սակագները և այնպիսի ծառայություններն, ինչպիսիք են Bolt-ն ու YandexTaxi-ն։

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տալիս չշտապել, քանի որ «հոկտեմբերի 1-ը բարեփոխման սկիզբն է, այլ ոչ թե ավարտը»։ Նրա խոսքով՝ ապագայում բարեփոխումը կատարելագործվելու է։


Կարդալ ավելին JAMnews-ում