Իսկ Հայաստանի արտգործնախարարը պատրաստվում է ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ" />

Սպասվում է Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը

Իսկ Հայաստանի արտգործնախարարը պատրաստվում է ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին։ Սեպտեմբերի վեցի մամուլի ասուլիսին նա խոսել է նաև իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մոտալուտ հանդիպման մասին, նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։

Հայաստանն ԱՄՆ-ից 40մլն դոլար լրացուցիչ ֆինանսական օգնություն կստանա

Փաշինյանի ու Թրամփի հանդիպումը կկայանա սեպտեմբերին

ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս, սակայն հստակ ամսաթիվ չի նշել։

Սեպտեմբերի վերջին Հայաստանի վարչապետը պատրաստվում է ԱՄՆ այցելել, որտեղ, ըստ Մնացականյանի, արդեն պլանավորվում է նրա ելույթը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանին։ Հավանաբար, հանդիպումը պլանավորվում է հենց այդ ժամկետներում։

Ըստ վարչապետի՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման կազմակերպումը կարևոր հարց է նրա գերատեսչության աշխատանքային օրակարգում։ Սակայն միաժամանակ նա ընդգծել է, որ հայ-ամերիկյան երկխոսությունն առանց այդ էլ ակտիվ է։ Եվ եթե լինում են հարցեր և տեղեկություններ, որոնք երկրի իշխանություններն ուզում են ամերիկացի գործընկերներին հասցնել, ապա դժվարություններ չեն առաջանում․

«Շփման և քննարկումների դեֆիցիտ մեր միջև չկա»։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև ոչ մի տարաձայնություն չկա»

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև որևէ տարաձայնություն չկա, հարաբերություններն ամուր հիմքի վրա են դրված․

«Մենք ունենք որոշ բնույթի դատական, իրավական գործընթացներ, բայց միջպետական մակարդակով մենք կարող ենք, ունակ ենք պահպանել, առաջ տանել մեր օրակարգը, որի հիմքում են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Որևէ կերպ փոխկապակցվածություն հարցերի միջև գոյություն չունի և գոյություն ունենալ չի կարող»։

Այս դիվանագիտական հայտարարությունը կապված է կոնկրետ իրադարձության հետ։ Դրա մասին օգոստոսի 17-ին հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազությունը։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայ գործընկերներին մերժել է հանձնել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։ Նա մեղադրվում է պետական միջոցների յուրացման և վատնման, ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

Ի դեպ, վերջերս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ևս հայտարարել է, որ ռուսական կողմը դեռևս լրացուցիչ փաստաթղթեր և տվյալներ է պահանջել, այլ ոչ թե մերժել հայկական գերատեսչության պահանջը։

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին «լավ լուրեր չկան»

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս ԱԳՆ ղեկավարը հարևան երկրին մեղադրել է հարաբերությունները կարգավորելու ցանկության բացակայության համար․

«Դա իրողությունն է շարունակական շրջափակման՝ բլոկադայի, դա իրողությունն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմնակալության։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ: Սակայն,  գործընթացը ենթադրում է երկու կողմ, և չեմ կարող ասել, որ մենք որևէ լավ լուր ունենք ասելու այսօր»։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում․ միջնորդները կոչ են արել երկու երկրներին զերծ մնալ սադրանքներից

Ղարաբաղյան կարգավորման շուրջ ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման մասին

Մնացականյանը հայտարարել է ղարաբաղյան կարգավորման հարցով իր ադրբեջանցի գործընկերոջ հետ մոտալուտ հանդիպման մասին։

«Հանդիպումը նախանշված է, ծրագրավորված է, տեղի է ունենալու շուտով: Ես չեմ ցանկանա խախտել երկու արտգործնախարարների, համանախագահների միջև առկա համաձայնությունը՝ միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին: Եվ բնականաբար ես ինձ թույլ չեմ տա խախտել այդ համաձայնությունը», – ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը բազմիցս պնդել է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, և ԱԳ նախարարների և պետությունների ղեկավարների  ակտիվ հանդիպումների քանակը վկայում է այս հարցում ունեցած առաջնահերությունների մասին։


Կարդալ ավելին JAMnews-ում