JAMnews-ի ֆոտոռեպորտաժը Քելեխանա գյուղից " />

Սուֆիական դամբարաններն Ադրբեջանում. գլխավորը՝ օձերին ձեռք մի՛ տվեք

JAMnews-ի ֆոտոռեպորտաժը Քելեխանա գյուղից

Ադրբեջանական Շամախի գյուղից դեպի հարավ Քելեխանա փոքր կանաչ լիճն է: Ընդամենը 5կմ հեռավորության վրա է, սակայն մի ամբողջ ժամ պետք է տեղ հասնելու համար. ճանապարհը շատ վատն է, և լավ կլինի, որ անձրև եկած չլինի: Հենց գյուղի կողքին ընդարձակ դատարկ դաշտ է, որտեղ հայտնի քելեխանյան դամբարաններն են:

Այստեղ թաղված են «Չիլքեի շեյխեր» սուֆիական միաբանության անդամները: Ութանկյունների տեսքով հսկայական քարե շինությունները սկզբում ինն էին, հիմա մնացել են յոթը, և դրանցից մեկը կիսավեր է: Սուֆիներն՝ իսլամի ամենահին և հայտնի ուղղություններից մեկի անդամները, խնդրին ողջ պատասխանատվությամբ են մոտեցել. քելեխանյան դամբարաններն Ադրբեջանի տարածքում ամենագեղեցիկն են համարվում և երկրի տարածքում միակը չեն:

Սուֆիզմն էզոթերիկ ուղղություն է իսլամում: Ադրբեջան այն ներթափանցել է կրոնի հետ գրեթե միաժամանակ: Սուֆիները հաճախ էին միավորվում միաբանություններում, որոնք բավականին շատ էին: «Չիլքեի շեյխերի» միաբանության մասին մասնագետները շատ քիչ բան գիտեն: Ինչպես նաև դամբարանային համալիրի մասին: Իսկ եղած տեղեկատվությունը բավականին վիճելի է:

Ընդունված է համարել, որ համալիրը կառուցվել է XVII դարում: Համենայնդեպս, այդ մասին է վկայում դրանցից մեկը շրջապատող պատի շքամուտքին արված գրառումը: Գրառումը հայտնում է, որ շինությունը կառուցվել է 1663-1664թթ-ին Աբդուլ Ազիմ անունով վարպետի կողմից: Ի դեպ, «Չիլքեի շեյխերի» մոտ ընդունված չի եղել դամբարանների պատերին ինչ-որ գրառումներ անել, անգամ Ղուրանից մեջբերումներ և կրոնական խորհրդանիշներ, բացի թաղվածի անունից և այսպիսի տեղեկատվական ցուցանակներից, որը հարգանքի տուրք է ճարտարապետի ստեղծագործական սնափառությանը:

Չնայած թվացյալ անհերքելի ապացույցներին, «Miras» («Ժառանգություն») հասարակական կազմակերպության աշխատակից Ֆարիզ Խալիլին համարում է, որ դամբարանները հայտնվել են շատ ավելի վաղ՝ դեռևս 14-15դդ-ում: Նրա կարծիքով, դամբարանային համալիրն արժանի է ավելի մանրազնին ուսումնասիրման և կարող է շատ անակնկալներ մատուցել:

Այս դամբարանների հետ կապված տեղացիները սարսափելի լեգենդ ունեն, որի իմաստն է, թե դիակապտությամբ զբաղվելն ու կենդանիներին նեղացնելը վատ բան է: Ասում են, թե մի անգամ մեկը, որը ցանկացել է արագ հարստանալ, գնացել է դամբարաններից մեկում ոսկի փնտրելու և պատահաբար այնտեղ օձ է սպանել: Հաջորդ առավոտյան թունավոր օձերի մի մեծ վտառ եկել է վրեժ լուծելու, ողողել գյուղի փողոցներն ու տները և ստիպել տեղացիներին սարսափած փախչել: Միայն երկար տարիներ անց են մարդիկ հանդգնել հետ վերադառնալ այստեղ:

Թեև քելեխանյան դամբարանները համարվում են տեղական նշանակության ճարտարապետական հուշարձաններ, սակայն, ըստ գյուղացիների, անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում պաշտոնյաներից:

Առաջին անգամ համալիրը վերականգնվել է դեռևս խորհրդային տարիներին, իսկ հետո ոչ ռեստավրացիա է իրականացվել, ոչ էլ լուրջ պեղում:


Կարդալ ավելին JAMnews-ում