Իլյա Երկրորդը կարծում է, որ գոյություն ունեցող խիստ նարկոքաղաքականությունը պետք է փոխել " />

Սուրբծննդյան իր ուղերձում Վրաստանի պատրիարքը խոսել է նարկոքաղաքականության մասին

Իլյա Երկրորդը կարծում է, որ գոյություն ունեցող խիստ նարկոքաղաքականությունը պետք է փոխել

Պատրիարք Իլյա Երկրորդը՝ Սուրբ Երրորդության տաճարում պատարագ մատուցելիս: Թբիլիսի: 7.01.2018 REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Իր սուրբծննդյան ուղերձում Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը տարբեր հարցեր էր բարձրացրել: Եվ դրանցից մեկը նարկոքաղաքականությունն էր:

Ուղերձի վերջաբանում ասվում էր.

«Անհրաժեշտ է այնպիսի նարկոքաղաքականություն մշակել, որը բացասական վերաբերմունք կձևավորի այդ արատի հանդեպ և կպաշտպանի երիտասարդությանը: Պետք է վերականգնողական կենտրոններ կառուցել, դեռևս դպրոցական տարիքից պետք է բարձրացնել երեխաների ինքնագիտակցությունն ու այլ միջոցառումներ անցկացնել: Երբ երկիրը կանգնած է ժողովրդագրական աղետի առջև, մենք բոլորս պետք է առանձնապես ուշադիր և հեռատես լինենք այս խնդրին համալիր լուծում գտնելու և իրապես արդյունավետ քայլեր անելու համար», — ասված էր Իլյա Երկրորդի ուղերձում, որը կարդաց սարկավագապետ Դեմետրե Դավիթաշվիլին:

Այդ թեմային են անդրադարձել նաև մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, նախարարներ և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Երբ մենք տեսնում ենք, որ պատիժն ու պարտադրանքն արդեն երկար տարիներ ոչ մի արդյունք չեն տալիս, այլ, ընդհակառակը, կոտրում են շատ մարդկանց կյանքեր, հավանաբար, մենք պետք է մտածենք, թե ինչպես նարկոքաղաքականությունն ավելի մարդկային դարձնել», — Վրաստանի նախագահի խոսքերն է փոխանցում «Էխո Կավկազան»:

Դեռևս Սուրբ Ծնունդից առաջ պատրիարքարանի ներկայացուցիչները հանդիպել են համայնք ներկայացուցիչների հետ, պատմում է Գեորգի Գոգուան, որը ներկայացնում է Վրաստանի թմրօգտագործողների ցանցը: Նա կարծում է, որ պատրիարքի կարծիքը անպայման ազդեցություն կունենա իրավիճակի վրա.

«Երբ իշխանությունն ինչ-որ որոշում է կայացնում, միշտ մտածում է, թե արդյոք ձայներ չի կորցնում: Եթե հաշվի առնենք, որ պատրիարքը վայելում է հասարակության վստահությունը, և Վրաստանի բնակչության մեծ մասը հարգում է նրա կարծիքը, Իլյա Երկրորդի դիրքորոշումն իրոք կարող է ազդել և հասարակ մարդկանց, և իշխանության ներկայացուցիչների վրա»:

Իսկ Վրաստանի խորհրդարանում շարունակվում է Նարկոքաղաքականության ազգային պլատֆորմի նախապատրաստած օրինագծի քննարկումը. կազմակերպությունը միավորում է մինչև 40 ոչ կառավարական կազմակերպության և հետաքրքրված խմբերի: Պլատֆորմն առաջարկում է չեղարկել թմրանյութերի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը: Չնայած որ իշխանությունները կողմ են արտահայտվել այդ մասով օրենքի ազատականացմանը, որոշակի փուլում նախաձեռնությունն այնուամենայնիվ առաջ չգնաց: Հայտնի է, որ օրինագիծն ունի կամ գոնե ուներ բավականին ազդեցիկ հակառակորդներ:


Կարդալ ավելին JAMnews-ում