Նրանց մայրը բանտում է թրաֆիքինգի մեղադրանքով․ քննությունը շարունակվում է" />

Սուսլյակների գործը․ տասը երեխա է հայրենի Ուկրաինա վերադարձել Վրաստանից

Նրանց մայրը բանտում է թրաֆիքինգի մեղադրանքով․ քննությունը շարունակվում է

Վրաստանից Ուկրաինա է վերադարձել Սուսլյակների ընտանիքի տասը երեխա։ Երեխաների մայրը Վրաստանում ձերբակալված է թրաֆիքինգի մեղադրանքով։

Երեխաները Կիև են վերադարձել Ուկրաինայի նախագահի ինքնաթիռով, թռիչքի ժամանակ նրանց ուղեկցում էր երեխաների հարցերով նախագահի խորհրդական Նիկոլայ Կուլեբան։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել այս գործի բոլոր մանրամասները․ ինչպե՞ս է մայրը տասը երեխաների հետ սկզբից Ռուսաստանում հայտնվել, որտեղ ապաստան է խնդրել, իսկ հետո՝ Վրաստանում։

Կուլեբան ասում է, որ իրավապահների մոտ կասկածներ է առաջացրել այն, որ յոթ երեխա լույս աշխարհ է եկել փոխնակ մայրերից մեկ տարվա ընթացքում։ Եվս մեկ երեխա մահացել է Ռուսաստան տեղափոխված ժամանակ։

Վրաստան․ «Այն, որ այսօր ավելի շատ երեխա չի մահանում, պատահականություն է»

Տատիկներն ու ԻԼԻՊ-ը

Երեխաների մայրը վրացական բանտում է

Երեխաներն Ուկրաինա են մեկնել հունիսի վեցի երեկոյան Թբիլիսիի օդանավակայանից։ Դա հնարավոր է եղել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչը, նրա հրահանգով Թբիլիսի ժամանելով, հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազության, ՆԳՆ և առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ։

Ինչպես նշել է Քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Մամուկա Չելիձեն, ուկրաինական կողմը որոշել է երեխաների խնամակալությունը շարունակել Ուկրաինայի տարածքում, և դրան մասնակցում է այդ երկրի Պետական սոցիալական ծառայությունը։

«Մեղադրյալ Յուլյա Սուսլյակը կալանքի տակ է քննությունը շարունակվում է», – հայտարարել է Մամուկա Չելիձեն։

«Մենք հասկանում ենք, որ Վրաստանի իշխանությունները զգոնություն են ցուցաբերել՝ հայտնաբերելով, որ տասից վեց երեխաները երկու տարեկանից փոքր են, նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է և այլն։ Բնականաբար, այդ հանգամանքները կասկածներ են առաջացրել, որ, հնարավոր է, իրավիճակը կապված է երեխաների վաճառքի հետ։ Հասկանում ենք նաև այն, որ Վրաստանի օկուպացված տարածք՝ Աբխազիա, տեղափոխվելու ընտանիքի մտադրությունը խորացրել է ստեղծված կասկածները, և անհրաժեշտություն է առաջացել ավելի մանրամասն ուսումնասիրել կատարվածը»,հայտարարել է Նիկոլայ Կուլեբան։

Նա Վրաստանի իշխանություններին շնորհակալություն է հայտնել երեխաների հանդեպ դրսևորած հոգատարության համար։

Թրաֆիքինգի մասին գործը

Վրացական իրավապահ մարմինները ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացի Յուլյա Սուսլյակին ապրիլի 25-ին Քութայիսիում։ Որոշ ժամանակ նա 10 երեխաների հետ բնակվում էր Զուգդիդիում, որտեղից պատրաստվում էր տեղափոխվել Աբխազիայում գտնվող ամուսնու մոտ։

Սուսլյակը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ երեխաները թունավորվել էին, և Զուգդիդիի հիվանդանոցից նրանց տեղափոխել էին Քութայիսիի հիվանդանոց։ Իրավապահների մոտ կասկածներ էին առաջացել, երբ նրանք հայտնաբերել էին, որ մի քանի երեխաների փաստաթղթերում նշված է ծննդյան նույն տարեթիվը։

Յուլյա Սուսլյակին մեղադրանք է առաջադրվել անչափահաս երեխաների վաճառք (թրաֆիքինգ) ենթադրող հոդվածով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է նախնական կալանքը։ Յուլյա Սուսլյակն իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ բոլոր երեխաներն իր ամուսնու կենսաբանական երեխաներն են։

Հունիսի 5-ին Յուլյա Սուսլյակի փաստաբան Զուրաբ Տոդուան հայտարարել է, որ ստացել է Դատական փորձաքննության Սամխարաուլիի անվան ազգային բյուրոյի եզրակացությունը, որի համաձայն՝ բոլոր տասը երեխաները, որոնց իր վստահորդը Վրաստան է բերել, նրա ամուսնու կենսաբանական երեխաներն են, իսկ նրանցից չորսի մայրը հենց Յուլյա Սուսլյակն է։

Իր հերթին, Յուլյա Սուսլյակի՝ Աբխազիայում գտնվող ամուսինը լրագրողներին հայտարարել է, որ Աբխազիա է եկել իր ընտանիքի անդամներից ավելի վաղ՝ աշխատանք և համապատասխան բնակարան գտնելու համար, քանի որ մտադիր է ապրել չճանաչված հանրապետությունում։ Նա հերքում է բոլոր մեղադրանքներն ու պնդում, որ իրենք «մեծ ու համերաշխ ընտանիք են»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում