Ղարաբաղը՝ քաղաքական երկընտրանքի առջև" />

Սուպերնախագա՞հ

Ղարաբաղը՝ քաղաքական երկընտրանքի առջև

Լեռնային Ղարաբաղում հաշված օրերից՝ փետրվարի 20-ին, Սահմանադրական հանրաքվե տեղի կունենա, մարդիկ «այո» կամ «ոչ» կասեն երկրի գլխավոր օրենքի նոր հայեցակարգին: Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բնակչությանը նախապատրաստում են վճռորոշ ընտրությանը:

Առաջարկված փաստաթղթով նախատեսված մի շարք փոփոխությունների թվում կառավարման համակարգի փոփոխության մասին դրույթն է. գործող կիսանախագահական մոդելն առաջարկվում է փոխարինել նախագահական կառավարման համակարգով:

Արցախի հաջորդ նախագահը՝ «սուպերնախագա՞հ»

Կառավարման նախագահական համակարգի քննադատները առաջարկված տարբերակը որակում են որպես «սուպերնախագահական»: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Ազգային վերածունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կարծում է, որ Սահմանադրությունն իրականում փոխվում է գործող իշխանության ձեռքին առկա լիազորությունները կենտրոնացնելու և այն վերարտադրելու նպատակով՝ այլ նպատակ չի կարող լինել, քանի որ գործող Սահմանադրությունն ընդունվել է ընդամենը 10 տարի առաջ.

«Երկրի նախագահը Սահմանադրությունը կարում է իր հագով: Իսկ Աթոռին կառչած մնալը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Արցախի համար բացասական առումով»:

Ղարաբաղի ներկայիս Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս նախագահ Բակո Սահակյանին շարունակել պաշտոնավարել: Իսկ նոր Սահմանադրությունն ունի խնդրահարույց դրույթ, ըստ որի երկրի ղեկավարը հնարավորություն կունենա պաշտոնավարել հին Սահմանադրությունից նորին անցնելու փուլում՝ մինչև 2020 թվականը, նաև դրանից հետո ևս երկու անգամ առաջադրվել և նախագահի պաշտոնը զբաղեցնել մինչև 2030 թվականը:

Իշխանությունները, սակայն, հավաստիացնում են, որ այս դրույթն ամենևին էլ նման նպատակ չի հետապնդում: Ինչպես պնդում է ԼՂ ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, Սահմանադրության փոփոխությունը ինքնանպատակ լինել չի կարող, չի կարող փոխվել կոնկրետ անձի կամ կոնկրետ պաշտոնը զբաղեցնելու համար, առավել ևս, երբ Բակո Սահակյանը չի հայտարարել՝ ցանկություն ունի պաշտոնավարել անցումային փուլում, թե ոչ, առաջադրվելու է, թե ոչ:

Հանուն ինչի՞ կամ ո՞ւմ

Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Ղարաբաղը կառավարման համակարգը փոխելու գործընթաց է ազդարարել:

ԼՂ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի համոզմամբ, կառավարման առաջարկված մոդելը՝ նախագահականը, ընտրվել է հնարավորինս հաշվի առնելով բոլոր գործոնները՝ ժողովրդի անվտանգությունը, հասարակության տրամադրությունները: Ըստ Դանիելյանի՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում, մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին.

«Ես սկզբունքորեն դեմ եմ «սուպերնախագահական» տերմինի օգտագործմանը, քանի որ մեր պարագայում, ընդհակառակը, կարևորվում է խորհրդարանական հակակշիռների դերակատարությունը: Չի կարելի ‹‹սուպերնախագահական›› կոչել այն երկիրը, որտեղ բոլոր ատյանների դատավորները կնշանակվեն խորհրդարանի կողմից և երկրի նախագահը այդ գործընթացներին մասնակցություն չի ունենա, որտեղ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում հնարավոր կլինի պաշտոնանկ անել նախագահին, որտեղ երաշխավորված է տեղական ինքնակառավարումը»:

Արդարադատության նախարարը նաև չի համաձայնել այն կարծիքի հետ, թե Սահմանադրությունը փոխվում է Բակո Սահակյանի իշխանության երկարաձգման համար, շեշտելով, որ երկրում «չկան իշխանության ժառանգական փոխանցման կամ իշխանության վերարտադրության ավանդույթներ»:

Իսկ արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ, սպասվող փոփոխությունները բացասական են ազդելու Լեռնային Ղարաբաղի վրա. «Նոր Սահմանադրության ընդունումից հետո նվազելու է ժողովրդի մասնակցության դերը, հանրաքվեի իրավունքն, օրինակ, ժողովրդից վերցվելու է և փոխանցվելու է խորհրդարանին: Իսկ Ազգային ժողովն ավելի կառավարելի է, քան հանրությունը»:

Քաղաքագետը շեշտել է, որ իր համար անընդունելի է իշխանության կողմից բերվող փաստարկը, թե Սահմանադրական փոփոխություններին «այո» է պետք ասել, որովհետև նոր փաստաթղթի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կոչվելու է Արցախի Հանրապետություն. «Սա կատարյալ անհեթեթություն է: Ես ինձ վիրավորված եմ զգում, որ ինձ, մյուս արցախցիներին, հիմարեցնում են, որովհետև Սահմանադրության առաջին իսկ կետով ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն եզրույթները իրավազոր են»:

Սա թերևս նոր Սահմանադրությանն «այո» ասելու միակ փաստարկը չէ, որ բերվում է իշխանության կողմից:

Ինչպես ասել է ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, նոր Սահմանադրության 175-րդ հոդվածն ամրագրում է հանրապետության իրավազորության սահմանները, իսկ սա կարևոր է պատերազմող երկրի համար: «Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը փակուղում է: Իսկ Ադրբեջանը ռազմատենչ նկրտումներ ունի: Այս պայմաններում զինված ուժերի դերակատարությունը մեծանում է: Կարևոր է, որ նոր Սահմանադրության ընդունումը դրական ազդի քաղաքական համակարգի, բանակի արդյունավետության վրա»,- ընդգծել է իշխող կուսակցության պատգամավորը:

Հանրային կարծիք

Մինչ քաղաքական ուժերը փաստարկներ ու հակափաստարկներ են ներկայացնում, բնակչությունը փորձում է հասկանալ ինչն ինչոց է: Արցախցի լրագրող Բելլա Լալայանի դիտարկմամբ, շարքային քաղաքացին նոր Սահմանադրությունը ուսումնասիրել չի հասցրել: Իսկ քարոզչությունը, որն իրականացվում է կուսակցությունների կողմից, մասնավորապես՝ նոր փաստաթղթի կողմնակիցների, մարդկանց «ավելի շատ մոլորության մեջ է գցում, քան՝ իրազեկում»:

«Սահմանադրության հանրաքվեի օր է ընտրվել փետրվարի 20-ը, իսկ դա պատմական է օր է Արցախի համար: Այն համարվում է վերածննդի օր: Հենց այդ օրն ընդունվեց որոշում Հայաստանին միանալու մասին: Իսկ արցախցիների համար ամեն ինչից կարևորը  անկախության պայքարն է, դրանից բխող բոլոր գաղափարներով: Իսկ «Այո՝ Արցախին» կարգախոսները, 1988 թ.-ի փետրվարի 20-ի «Միացում»-ի ցուցարարների նկարներով քարոզչաթերթիկները, պաստառները, ապակողմնորոշում են մարդկանց»,- նշել է Բելլա Լալայանը:

Լրագրողի խոսքով՝ բնակչության դեռևս չկողմնորոշված հատվածն այդպես էլ իր համար չի ստանում այն հարցի պատասխանը, թե հանուն ինչի՞ է քվարկելու փետրվարի 20-ին, իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում մարդկանց հարցերի գերակշիռ մասը սոցիալական բնույթի են:

Սոցիալական ցանցերում էլ արցախահայերը բավական ակտիվ են քննարկում այս հարցը, իրենց դիրքորոշումն արտահայտում ֆեյսբուքյան շապիկին «Այո՝ Արցախին» կամ «Դեմ եմ» լուսանկարները տեղադրելով: Կան և այնպիսիք, որոնք կարծում են. «կապ չունի, ինչ ուզում են թող անեն, միայն թե թոշակները բարձր լինեն, երեխեքը աշխատանք ունենան»:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կողմից Արցախում անցկացրած միակ հարցման համաձայն բնակչությունը կողմ է նախագահական կառավարման մոդելին: Հարցվածների 75% մտադիր են մասնակցել քվեարկությանը, նրանցից 85% «կողմ» են քվեարկելու: Դրանում համոզված է նաև իշխանությունը: Իսկ այն, որ հանրաքվեի ելքն իշխանությունների սրտով է լինելու, ընդունում են նաև սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողները։

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում