Հայաստանում համարում են, որ այս կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին" />

Սումգայիթ, 30 տարի անց. Հայաստանում հարգանքի տուրք են մատուցում բռնության զոհերին

Հայաստանում համարում են, որ այս կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին

30 տարի առաջ փետրվարի 27-ին Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվել են նաև նրանց ունեցվածքի ոչնչացմամբ և թալանով:

Հայաստանում ամեն տարի այս օրը հարգանքի տուրք են մատուցում բռնության զոհերին և աշխարհից պահանջում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին:

1988թ. փետրվարի 27-ին սկսված կոտորածների արդյունքում, որոնք երեք օր են տևել, վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ:

Խորհրդային միության բանակը լռության մատնեց իրադարձությունները՝ չպաշտպանելով հայերին: ԽՍՀՄ բանակը Սումգայիթ հասավ փետրվարի 28-ին, բայց ջարդերը դադարեցին միայն դրա հաջորդ օրը:

Հայաստանում համարում են, որ այս կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել նրանց ինքնորոշման սահմանադրական իրավունքը:

Հասարակագետների կարծիքով՝ Սումգայիթն էր, որ առաջինը ցույց տվեց, որ ազգերի բարեկամության երկրում մարդը կարող է սպանել մարդուն միայն նրա ազգային պատկանելության համար:

Սումգայիթյան իրադարձություններից 30 տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե իրականում քանի հայ է սպանվել խորհրդային ինտերնացիոնալ այդ քաղաքում: Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում 100-ավոր հայերի դիակների գոյության մասին այդ օրերին վկայում էին իրենց հարազատներին դրանց մեջ փնտրող հայերը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Սումգայիթյան ջարդը վաղուց է պլանավորված և կազմակերպված եղել:

«Վերջապես պետք է պարզ լինի, որ այդ վայրագություններին պատասխան է պետք տալ: Դեռ մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց ցեղասպանություն հայերի նկատմամբ, որը շարունակեց քարտեզի վրա հայտնված ադրբեջանական հանրապետությունը: 1915թ.-ի դեպքերը կրկնվեցին Սումգայիթում՝ նույն ոճով»,- շեշտել է Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, տեղի ունեցածը ԽՍՀՄ իշխանությունների ոչ միայն լուռ համաձայնության, այլև նրանց աջակցության արդյունքն է:

«Ճիշտ ժամանակն է, որ վերաիմաստամավորենք տեղի ունեցածը: Մենք գործ ունենք ցեղասպանության հետևողական քաղաքականության հետ, և համապատասխան վերաբերմունքի պետք է արժանան ցեղասպանության զոհերը: Հատուկ կարգավիճակ պետք է ունենան նրանք, ովքեր վերապրել են ցեղասպանությունը կամ դրա զոհերն են»,– ընդգծել է նա:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ 30 տարի առաջ այս օրը գրվել է պատմության ամենամութ էջերից մեկը: Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան փորձ է կատարվել լռեցնել արցախահայությանը՝ Ադրբեջանի ողջ տարածքում հակահայկական ջարդերի ալիքով:

«Այս քաղաքականության առաջին դրսևորումն եղան Ստեփանակերտի ցույցերից 100-ավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի խաղաղ հայության դեմ ուղված ջարդերը: Այդ բռնության ալիքը, որը սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում:

Ատելության ու հայատյացության այս քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մասը: 30 տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Տարիներ առաջ հայ սպային կացնահարած Սաֆարովը հերոսացվեց Ադրբեջանի կողմից»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Նա Ադրբեջանի գործելաոճը գնահատել է «քարանձավային»՝ շեշտելով, որ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների նորմերը պաշտոնական Բաքվի համար դատարկ հնչյուններ են:

Պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանն էլ ասել է, որ, ըստ միջազգային իրավունքի, այդ անձանց կյանքի իրավունքը խախտվել է, տեղի է ունեցել խտրականություն.

«Ադրբեջանի Սահմանադրությունն էլ պաշտպանում է այս իրավունքները: Նրանք իրենց առջև դրել են այս պարտականությունները: Մենք դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պաշտպանելու այս բոլոր անձանց իրավունքները: Ես չեմ ներկայացնի մանրամասները, հարգելով զոհերի իրավահաջորդների զգացմունքները, բայց վստահեցնում եմ, որ տիրապետելով ողջ ինֆորմացիային, կարող եմ ասել. բանավեճն ավարտվել է, սպասվում է ՄԻԵԴ վճիռը»:

Զեյնալյանը հիշեցրեց նաև ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի  սահմանումները.

Հոդված I. Ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ, միջազգային օրենքով համարվում է հանցանք:

Հոդված II. Սույն համաձայնագիրը ցեղասպանություն է համարում հետևյալ գործողություններից ցանկացածը, որ կատարվել է մի ամբողջ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ` այն մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ.

ա) խմբի անդամների սպանություն,

բ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում:

Ըստ իրավաբանի, բոլոր չափանիշներով հայերի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել:


Կարդալ ավելին JAMnews-ում