Տասնյակ մարդիկ հայտարարություն են ստորագրել, որում խնդրում են պաշտպանել իրենց ազգային հատկանիշով «զտումից»" />

Սոչիի օդանավակայանում հեռացնում են հայկական ազգանուններով աշխատակիցերին

Տասնյակ մարդիկ հայտարարություն են ստորագրել, որում խնդրում են պաշտպանել իրենց ազգային հատկանիշով «զտումից»

Ռուսական Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանում աշխատանքից հեռացնում են հայկական ազգանուններով աշխատակիցներին։ Այս մասին հայտնի է դարձել այն հայտարարության հրապարակումից հետո, որում օդանավակայանի տասնյակ աշխատակիցներ խնդրում են իրենց պաշտպանել ազգային հատկանիշով «զտումից»։

Ի՞նչ է ասվում հայտարարությունում

Օրերս համացանցում են հայտնվել հայտարարության լուսանկարները, որոնք ստորագրել է Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ երեսուն աշխատակից։

Հայտարարությունում ասվում է․

 «Արդեն երկրորդ տարին է [Սոչիի օդանավակայանում – JAMnews] անձնակազմի կոշտ զտումներ են ընթանում ազգային հատկանիշով։ Բոլոր հնարավոր միջոցներով հեռացնում են հայկական ազգանուններով աշխատակիցներին»։

Ըստ փաստաթուղթը ստորագրածների՝ ամեն ինչ սկսվել է 2018թ-ին։ Առաջին «զտումն» անցկացվել է օդանավակայանի երկու դեպարտամենտներում՝ Փոխադրումների կազմակերպման ծառայությունում և Ավիացիոն անվտանգության ծառայությունում։

«Արդյունքում այդ երկու ծառայություններում առանց աշխատանքի է մնացել ավելի քան 70 մարդ, որոնց թվում են միայնակ մայրեր, ընտանիքի միակ կերակրողներ, մարտական գործողությունների վետերաններ, իրենց խնամակալության տակ գտնվող հաշմանդամներ ունեցող ախատակիցներ», – պատմում են օդանավակայանի աշխատակիցները։

Իրենց դիմումն աշխատակիցներն ավարտել են «դադարեցնել Սոչի քաղաքի օդանավակայանում հայերի հանդեպ խտրականությունը» խնդրանքով․

«Մենք պարզապես ուզում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների և թոռների ապագայի կայունության վրա»։

Ի՞նչ են խոսում Սոչիի օդանավակայանում

Այն բանից հետո, երբ շատ հայկական և որոշ ռուսական լրատվամիջոցներ աշխատակիցների բողոքների մասին տեղեկատվություն հրապարակեցին, Սոչիի օդանավակայանում այնուամենայնիվ որոշեցին մեկնաբանել իրավիճակը։

Օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է․

«Լրատվամիջոցներում իրականությանը հակասող և ընկերության համար վիրավորական տեղեկատվության հրապարակման առնչությամբ Սոչիի միջազգային օդանավակայանը պաշտոնապես հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին»։

Օդանավակայանի հայտարարությունում միտք կա, որ «օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և դա անվիճելի առավելություն է»։

Ընդ որում, հեռացվածների մեղադրանքները չեն ընդունվում և փորձ է արվում արդարացնել ստեղծված իրավիճակը։ Մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ աշխատակիցները, որոնց աշխատանքային պայմանագրերը վերջերս խզվել են, «ազգային դրդապատճառն անձնական նպատակներով են օգտագործում»։

«Այդ մի խումբ անձանց գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն, այլև նպաստում են միջէթնիկական թշնամանքի հրահրմանն, ինչն անընդունելի է»։

Ի՞նչ են պատմում օդանավակայանի աշխատակիցները

Սոչիի օդանավակայանի աշխատակից Կարեն Պետրոսյանը պատմել է, որ ձեռնարկությունը բացահայտ հասկացրել է, թե ինչ է մոտ ապագայում սպասվում մյուս աշխատակիցներին․

«Մեզ ոնց որ ոչ հրապարակավ զգուշացնում են, որ թույլ չեն տա աշխատել․․․, որ պետք է միայն անցկացնենք ամառային սեզոնը։ Եվ խնդրում են ազատմանը պատրաստ լինել առանց դրա համար հատուկ հիմնավորման»։

Դեռևս աշխատանքից չազատված Կարեն Պետրոսյանի խոսքով՝ աշխատակիցներից ոչ մեկին չեն բացատրում, թե որն է խնդրի էությունը․

«Սա ազգային հարց է, քանի որ 90%-ի ազգանունները, ում պատրաստվում են հեռացնել, ավարտվում են «յան»-ով։ Ոչ մեկին չի տրվում բացատրություն, թե որն է խնդրի էությունը։ Պարզապես այդպիսի խնդիր է դրված՝ հեռացնել բոլոր ոչ ռուսներին։ Մենք դա այդպես ենք հասկանում։ Միայն մեր ծառայությունում խոսքը մոտ 20 մարդու մասին է»։

Ինչպե՞ս են արձագանքել Հայաստասնում

Պաշտոնական մեկնաբանությամբ է հանդես եկել միայն Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

Նա ասել է, որ համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե որն է աշխատանքից ազատելու պատճառը․

«Ես կապվել եմ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ և խնդրել նրան ճշտել այդ տեղեկությունը։

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համապատասխան մարմիններն ու Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը պետք է հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի դա քննարկման առարկա դառնա»։

Մելքումյանը խոստացել է այս հարցը բաձրացնել Պետդումայի իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։

Ինչ վերաբերում է սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին, ապա այնտեղից դեռ ոչ մի հայտարարություն չի ստացվել։


Կարդալ ավելին JAMnews-ում