Սողանքի պատճառը կոյուղու բացակայությունն է " />

Սողանք Բաքվում. զոհեր չկան, սակայն 11 տուն կապամոնտաժվի

Սողանքի պատճառը կոյուղու բացակայությունն է

Բաքվի ծայրամասում գտնվող Բադամդար ավանում, որտեղ հոկտեմբերի 12-ին սողանք է տեղի ունեցել, այժմ ամեն ինչ համեմատաբար հանգիստ է. արտաքուստ նկատելի փոփոխություններ չկան, պարզապաես ժամանակ առ ժամանակ լանջերին փլուզումներ և հողի շարժ է նկատվում:

Սողանքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բադամդար ավանը «20-րդ մաս» ավանին միացնող մայրուղու աջ կողմում: Փլուզվել է 250մ լայնությամբ և ավելի քան 200մ երկարությամբ հաղի շերտ: Մոտակայքում տեղակայված 11 տները չեն տուժել, սակայն դրանց գազը, ջուրն ու էլեկտրականությունն անջատվել է, իսկ բնակիչներին խնդրել են ժամանակավորապես լքել իրենց բնակարանները:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչ Ազիզ Գարալովի խոսքով՝ այդ վայրում կառուցված մասնավոր տներն են դարձել այս սողանքի անուղղակի պատճառը: Դրանք կոյուղի չունեն, կեղտաջրորը լցվում են հողի մեջ, ու այն սկսում է փլուզվել:

Բադամդար ավանը սողանքային գոտում է գտնվում, և այսպիսի բան տեղի է ունեցել արդեն մի քանի անգամ: Օրինակ, բոլորովին վերջերս՝ 2018թ-ի սկզբին, երբ սողանքի պատճառով 390 մարդ տարհանվեց: Այլ կերպ ասած՝ Բադամդարը բնակության համար քիչ պիտանի վայր է: Այնուամենայնիվ, այստեղ ժամանակի ընթացքում մի ամբողջ բնակելի համալիր է առաջացել, որը գլխավորապես ապօրինի շինություններից է բաղկացած:

Այժմ Բաքվի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Էլդար Ազիզովն ասում է, որ այդ տների համար պատասխանատվություն պետք է, առաջին հերթին, կրեն«այն անձինք, որոնք ինչ-որ ժամանակ վտանգավոր տարածքի կառուցապատման թույլտվություն են տրամադրել, քանի որ տվյալ գոտում միշտ էլ սողանքներ են նկատվել, այդ պատճառով էլ պետք է հաշվի առնել այստեղի լանդշաֆտի առանձնահատկությունները»: Ովքե՞ր են այդ անձինք և որտեղ նրանց փնտրել, պաշտոնյան չի հստակեցնւմ, սակայն արդեն վճռված է, որ նշված 11 տները կապամոնտաժվեն: Եվ ոչ մի փոխհատուցում դրանց բնակիչները չեն ստանա. այս մասին հաղորդել է փոխվարչապետ Հաջիբալա Աբութալիբովը, որը մինչև վերջերս Բաքվի քաղաքապետն էր:


Կարդալ ավելին JAMnews-ում