Չկա ոչ մի ապացույց այն բանի, որ վերահուղարկավորված աճյունը պատկանում է Հաջի-Մուրադին " />

Սկանդալային «հուղարկավորություն»․ ենթադրվում է, որ լեգենդար հրամանատարի մարմինն Ադրբեջանից գողացել են և վերահուղարկավորել Դաղստանում

Չկա ոչ մի ապացույց այն բանի, որ վերահուղարկավորված աճյունը պատկանում է Հաջի-Մուրադին

Հունիսի 2-ին Դաղստանում անցկացված (ինքնավար հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կազմում) հուղարկավորությունն իրարանցում է առաջացրել․ կասկածներ կան, որ այնտեղ հուղարկավորվել է լեգենդար հրամանատար Հաջի-Մուրադի աճյունը, որն առևանգվել է Ադրբեջանից։ Այս մասին գրում է «Դաղստանի երիտասարդություն» թերթը.

• «Խորհրդային»․  անհետացող թաղամաս Բաքվում

Հաջի-Մուրադը ծագումով Դաղստանից է, սակայն նրա մարմինը հանգչում էր Ադրբեջանում, իսկ գանգը՝ պահվում Սանկտ Պետերբուգում։ Այն հարցը, թե որտեղ և երբ վերահուղարկավորել հրամանատարին, որոշվում էր արդեն 10 տարի։

Հաջի-Մուրադ Ավարացին (մոտ 1818-1852թթ․) հյուսիսկովկասյան հրամանատար և ազգային հերոս է, Ռուսական կայսրության դեմ կովկասյան լեռնեցիների պայքարի մասնակից։ Լև Տոլստոյի համանուն պատվմածքի հերոսը։

Հաջի-Մուրադը սպանվել է Ադրբեջանի հյուսիսում՝ Գախի շրջանում։ Նրա մարմինը թաղվել է հենց այդտեղ, իսկ գլուխը Ռուսաստան է տարվել որպես ավար։ Այժմ գանգը գտնվում է Պետերբուրգի Մարդաբանության և ազգագրության թանգարանում։

Որտե՞ղ հուղարկավորել

Մոտ տասը տարի «Լև Տոլստոյի ժառանգությունը և Դաղստանը» հասարակական կոմիտեն և Հաջի-Մուրադի ժառանգները ցանկանում էին «վերամիավորել» Հաջի Մուրադի աճյունը։ 2018թ-ի սկզբին Ռուսաստանը համաձայնել է գանգը վերադարձնել այն վերահուղարկավորելու համար։ Ճիշտ է, թե երբ դա տեղի կունենա, դեռ հայտնի չէ։ Ռուսաստանի նախագահի վարչակազմի խոսքով, դա կախված կլինի «ներքաղաքական իրավիճակից»։

• Թաղում՝ ադրբեջանական ձևով

Սակայն բաց է մնացել մեկ այլ հարց․ որտե՞ղ հուղարկավորել աճյունը։

«Լև Տոլստոյի ժառանգությունն ու Դաղստանը» կոմիտեն պահանջում էր մարմինն Ադրբեջանից Դաղստան տեղափոխել և այնտեղ հուղարկավորել գանգի հետ միասին։

Իսկ Հաջի-Մուրադի ժառանգներն առաջարկում էին մարմնին ձեռք չտալ և գանգն Ադրբեջան տեղափոխել և թաղել արդեն գոյություն ունեցող գերեզմանում։

Ադրբեջանական կողմն այդ վեճերին չէր միջամտում, սակայն խոստանում էր, որ, ինչ էլ որոշվի, կօգնի վերահուղակավորմանը։

Փորված գերեզման

Մայիսի 30-ին Դաղստանի սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Հաջի-Մուրադի մարմինը կվերահուղարկվորվի Դաղստանում՝ նրա հարազատ Խունզախ գյուղում։ Արարողությունը նշանակվել էր հունիսի 2-ին։ Լրագրողները վկայակոչում էին «Հուղարկավորման կազմակոմիտեի նախագահ» Մագոմեդ Ամիրխանովին։ Խունզախի շրջանի ղեկավարությունը պաշտոնապես հերքել է այս լուրը։

Սակայն հունիսի 1-ին Ադրբեջանի Գախի շրջանի բնակիչները հայտնաբերել են, որ Հաջի-Մուրադի գերեզմանը վնասված է։ Իսկ հունիսի 2-ին Խունզախ գյուղում հուղարկավորման արարողություն է անցկացվել։ Դրա ականատես Ամիր Ամիրովը «Դաղստանի երիտասարդությանը» պատմել է, որ արարողությունը ոչ պաշտոնական բնույթ էր կրում, և դրան երկար քննարկում է նախորդել այն մասին, թե որքանով է նպատակահարմար այս վերահուղարկավորությունը։

«Ոչ ոք ապացույցներ չի ներկայացրել, որ այդ աճյունը պատկանում է Հաջի-Մուրադին։ Ամեն ինչ արվում է ազնիվ խոսքի հիման վրա», – ասել է Ամիրովը։

Լուսանկարը՝ «Դաղստանի երիտասարդություն»

Խունզախի շրջանի վարչակազմը կրկին ասել է, որ պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսքը․

«Խունզախ գյուղի գերեզմանում վերահուղարկավորման ինչ-որ արարողություն իրոք կայացել է, սակայն հաստատում չկա, որ վերահուղարկավորված աճյունը Հաջի-Մուրադին է պատկանում։ Շրջանի պաշտոնատար անձանցից ոչ ոք ներկա չի եղել։ Հայտնի չէ նաև, թե ովքեր են այդ մարդիկ, որոնք վերահուղարկավորում են արել»։

Ըստ չհաստատված տվյալների՝ աճյունն առևանգվել է Ադրբեջանից դաղստանցի երիտասարդների կողմից։ Սակայն ապացույցներ դեռ չկան, թե աճյունն Ադրբեջանում չէ, և Դաղստանում հուղարկավորվել է հենց այն։

Ադրձագանքն Ադրբեջանում

Ադրբեջանի իշխանությունները երբեք դեմ չեն եղել Հաջի-Մուրադի աճյունը Դաղստանին փոխանցելուն։ «Ադրբեջանի նախագահը խոստացել է օգնություն ցուցաբերել», – հունվարին ասել էր ՌԴ խորհրդարանի պատգամավոր Ջամալուդին Օմարովը, որն ակտիվորեն զբաղվում է վերահուղարկավորման հարցերով։

Տվյալ դեպքում Ադրբեջանը ոչ մի թույլտվություն չի տվել, որովհետև նրան ոչ ոք չի հարցրել։ Ադրբեջանական իշխանության պաշտոնական արձագանքը դեռ չկա։ Իսկ մամուլին ու Գախի շրջանի բնակիչներին շոկի է ենթարկել հենց այն փաստը, որ աճյունն առևանգվել է։

Գախի շրջանը հյուսիսկովկասյան ազգային փոքրամասնություններով բնակեցված վայր է։ Մասնավորապես, այնտեղ բնակվում են լեզգիններ ու ավարացիներ։ Հաջի-Մուրադը նույնպես ավարների ազգից է։


Կարդալ ավելին JAMnews-ում