Կրթության նախարարությունը, ուսուցիչները, ծնողները, դեռահասները և եկեղեցին համաձայնության չեն եկել, և թեման դեռ փակ է" />

Սեռական դաստիարակություն. ո՞վ է դեմ «սեքս» բառին դպրոցներում

Կրթության նախարարությունը, ուսուցիչները, ծնողները, դեռահասները և եկեղեցին համաձայնության չեն եկել, և թեման դեռ փակ է

Վրաստանն այն երկրների թվին չի պատկանում, որտեղ սեռական դաստիարակությունն ազգային ուսումնական ծրագրի մի մաս է: Մարդու վերարտադրողական համակարգի մասին տեղեկատվություն դպրոցականները ստանում են կենսաբանության դասագրքերից, սակայն անվտանգ սեքսի, հակաբեղմնավորիչների և սեռականության մասին դպրոցում ոչ ոք ոչ մի զրույց չի վարում: Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը պլանավորում է որոշակի փոփոխություններ մտցնել:

Նախարարությունում սեռական դաստիարակության մասին հստակ ձևավորված պատկերացում չկա, թեև 2018թ-ին դպրոցներում «Ես և հասարակությունը» նոր առարկա կմտցվի: Այն տարբեր թեմաներ կարծարծի՝ գենդերային իրավահավասարությունից մինչև սեռական հարցերի շուրջ գիտելիքներ: Սակայն այդ առարկայի համար դասագրքեր դեռևս չկան: Ընդ որում, այդ գաղափարն արդեն ընդդիմախոսներ ունի: Ի՞նչ է հայտնի վրացի դեռահասներին սեփական ֆիզիոլոգիայի մասին և ո՞վ է հակառակվում նրան, որ դպրոցներում հնչի «սեքս» բառը:

Library of congress

15-ամյա Նինոն պայուսակից հանում է կենսաբանության դասագիրքն ու առաջարկում կարդալ դասագրքի մեջտեղում տպագրված գլուխներից մեկը՝ տղամարդու և կնոջ սեռական օրգանների պատկերով: Այն կոչվում է «Վերարտադրողական համակարգ»: Էջի աջ հատվածում գրված է «Կարդալ»:

«Այս գլուխը հանձնարարել են տանը կարդալ: Դասաժամին այս թեման ընդհանրապես չենք քննարկել: Երևի կենսաբանության ուսուցչուհին որոշել է, որ այդ մասին զրուցելն այնքան էլ հարմար չէ», — ասում է Նինոն:

Վրաստաննի կրթության և գիտության նախարարության պաշտոնապես հաստատած դասագրքերից միայն երկուսում է անդրադարձ կատարվում սեռական կրթության թեմային: Դրանք 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքերն են: Մեկը 174-էջանոց է: Սեռական կրթության թեմային 6 էջ է տրամադրած: Նինոյի խոսքով՝ հենց այդ գլուխն են դպրոցի դասաժամերին շրջանցել՝ կարծես չնկատելով այն:

Ութերորդ դասարանից հետո սեռական դաստիարակության մասին ոչինչ չկա ոչ մի դասագրքում: 9-12-րդ դասարանի կենսաբանության դասագրքերում սեքսի մասին խոսվում է միայն բազմացման տեսանկյունից, այսինքն՝ բացառապես կենսաբանական մակարդակում:

39-ամյա Մական՝ Նինոյի մայրը, իր մանկությունից մի պատմություն է պատմում.

«Ութերորդ դասարանում համադասարանցիս հղիացավ: Երբ մենք՝ նրա ընկերուհիները, սկսեցինք հետաքրքրվել, թե ինչպես է նման բան տեղի ունեցել, նա ասաց, որ պատահական. իր ընկերոջ տաբատն է հագել և… հղիացել: Մեզնից շատերն այն ժամանակ հավատացին: Իսկ դասղեկն, իմանալով, որ աշակերտը հղիացել է, զգուշացրեց, որ դա սպասվում է բոլոր նրանց, ովքեր մինչև ուշ գիշեր, տղաներին գրկած, զբոսնում են փողոցներում: Մենք այն ժամանակ սեքսի մասին ոչինչ չգիտեինք և ոչ ոքի այդ թեմայով ոչինչ չէինք հարցնում», — ասում է Մական:

Մական կողմ է, որ իր աղջիկը գիտելիքներ ունենա մարդու մարմնի վերաբերյալ, այն մասին, թե ինչպես կանխարգելել վարակներն ու վիրուսները կամ անցանկալի հղիությունը: Թեև աղջկա հետ իր զրույցներն այդ թեմայով միշտ չէ, որ ստացվում են. աղջիկն ամաչում է, խուսափում զրույցից, ասում, որ առանց դրա էլ ամեն ինչ գիտի:

«Եթե իմ մանկության տարիներին տեղեկատվության պակաս կար, ապա այսօր, ընդհակառակը, երեխաները ծով տեղեկատվություն ունեն, այդ թվում՝ ամենաաբսուրդ: Թինեյջերներին այդ թեման հետաքրքրում է, այդ պատճառով էլ լավ կլինի, որ նրանք այդ գիտելիքները ստանան որակավորված և վստահելի աղբյուրներից, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի կայքերից», — ասում է Մական:

Որտե՞ղ և ինչպե՞ս է տեղի ունենում սեռական դաստիարակությունը

Սեռական կրթությունը   գիտելիքներ են է մարդու սեռականության, անատոմիայի, վերարտադրողական առողջության, անվտանգ սեքսի, հակաբեղմնավորիչների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և այլնի մասին:

Շատ եվրոպական երկրներում դա պարտադիր առարկա է: Այն պետություններում, որտեղ այն դասավանդվում է դպրոցներում, և որտեղ երիտասարդությունը պատկերացում է կազմում վտանգավոր սեքսի հետևանքների մասին, զգալիորեն կրճատվել է վաղաժամ ամուսնությունների, հղիությունների, աբորտների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների քանակը: Այդ առումով ամենաառաջադեմ երկիրը Շվեդիան է: Այստեղ սեռական կրթությունը պարտադիր դպրոցական առարկա է դարձել դեռևս 1950-ականներին:

Նիդերլանդներում մարդու անատոմիայի, ֆիզիոլոգիայի և սեքսի մասին երեխաներին պատմում են մանկապարտեզներում: Այդ երկրում, ի տարբերություն աշխարհի մնացած երկրների, դեռահասության տարիքում հղիության ցուցանիշները նվազագույնն են:

Ամերիկյան դպրոցներում սեռական կրթությունը դասավանդվում է երկու հիմնական ուղղություններով: Առաջինն՝ աբստինենտն է [Abstinence Only Until Marriage (AOUM)], որը հիմնված է ամուսնությունից առաջ սեքսից ձեռնպահ մնալու վրա: Երկրորդն ավելի ընդգրկուն է, համակողմանի, երբ աշակերտներին խորհուրդ է տրվում մինչև ամուսնությունը ձեռնպահ մնալ սեռական կապերից, բայց միաժամանակ նրանց համակողմանի տեղեկատվություն է տրամադրվում անցանկալի հղիության կանխարգելման և հակաբեղմնավորիչների մասին:

Abstinence Only Until Marriage-ն, այնսինքն՝ ամուսնությունից առաջ սեռական կյանքից զերծ մնալու ծրագրի ֆոնին մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ ամերիկյան դեռահասները զգալիորեն հետ են եվրոպացի հասակակիցներից անվտանգ սեքսի և վերարտադրողականության մասին գիտելիքներով: Սակայն ԱՄՆ պահպանողական հատվածը շարունակում է աջակցել ներկայիս համակարգին. չնայած բժշկության ոլորտի մասնագետների բացասական գնահատականներին՝ 2016թ-ին Դոնալդ Թրամփի վարչակազմը մեկ միլիոն դոլար է տրամադրել այդ ծրագրին: 

Վրաստանում սեռական կրթության դեմ գլխավոր փաստարկն այն է, որ այն դրդում է դեպի վաղ սեռական կյանք, և դա այն դեպքում, երբ համաշխարհային պրակտիկան և հստակ թվերը վկայում են հակառակը:

  • 2015թ-ին Վրաստանում 1449 անչափահաս աղջիկ է երեխա ունեցել, 183 աղջիկ լքել է դպրոցն ընտանիք կազմելու համար: Նրանցից ամենաերիտասարդը 13 տարեկան է եղել:
  • 2016թ-ին Վրաստանում պաշտոնապես 30 հազար աբորտ է գրանցվել: 2008թ-ին այդ ցուցանիշը կազմում էր 22 հազար:
  • Ավելանում է վեներական հիվանդությունների քանակը: Նմանատիպ իրավիճակ է նաև ՄԻԱՎ-վարակակիրների դինամիկայի հետ կապված. 2008-ից մինչև 2016թ-ը վարակվածների թիվը 1851-ից դարձել է 5877:
  • Վրաստանում աղջիկները մինչ օրս կուսության վերականգնման վիրահատություններ են անում: Այդ պրոցեդուրան կոչվում է հիմենոպլաստիկա, Թբիլիսիում այն անում են նվազագույնը 4 կլինիկայում: Վրաստանի հիվանդությունների վերահսկման և առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ պաշտոնական վիճակագրությունը չի վկայում հիմենոպլաստիկայի բարձր ցուցանիշի մասին, սակայն աճի միտում է զգացվում, հատկապես վերջին երեք տարվա ընթացքում: 2015թ-ին 18 նման վիրահատություն է կատարվել, 2016թ-ին՝ 20, իսկ 2017թ-ի կես տարվա ընթացքում՝ 22:

«Ահազանգեր»

Սեռական կրթությունը Վրաստանում դեռևս պարտադիր ուսումնական դիսցիպլին չի հայտարարվել, բայց դրա անգամ փոքր ակնարկները վրացական հասարակությունում մեծ իրարանցում են առաջացնում:

Դեռևս 2015թ-ի ամռանը տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մտադիր է 2016-2017 ուսումնական տարում նոր առարկա ներմուծել՝ «Ես և հասարակությունը»:

Առարկայի նպատակը քաղաքացիական գիտակցության բարձրացումն է: Ենթադրվում էր, որ դասերին խոսքը գնալու է ընտանեկան բռնության, գենդերային հարցերի, հանդուրժողականության, առողջ ապրելակերպի, անձնական հիգիենայի մասին:

Մշակվել էր առարկայի ստանդարտը, դասագիրքը կազմելու մրցույթ էր հայտարարվել: Սակայն նախագիծը խոչընդոտների հանդիպեց. նոր առարկայի դեմ դուրս եկավ սկզբում հոգևորականությունը, իսկ հետո նաև վրացական հասարակության հայտնի ներկայացուցիչները, որոնք բողոքի նամակ հղեցին կրթության նախարարությանը:

Հայտնի ռեժիսորների, երգիչների, կոմպոզիտորների, մարզիկների, գիտնականների և գործարարների ստորագրած նամակը կոչվում էր «Ահազանգեր» և սկսվում էր այսպես.

«Կրթության նախարարությունը Եվրամիության առաջադրանքով մասշտաբային գրոհ է պլանավորում մեր երեխաների վրա: «Ես և հասարակությունը» և «Իմ Վրաստան» նոր պարտադիր առարկաների նպատակը տարրական դասարանների 7-13 տարեկան երեխաների գիտակցության թունավորումն է այդ տարիքի համար սարսափելի գիտելիքներով, մյուս կողմից, ազգային-կրոնական աշխարհահայացքի չընդունման ներշնչումն ու դարավոր կենսաձևի ոչնչացումը»:

Ի պատասխան կրթության այն ժամանակվա նախարար Թամար Սանիկիձեն հայտարարել էր, որ հասարակությանը մոլորության մեջ են գցել, և դասագրքերի վերջնական տարբերակ դեռ գոյություն չունի:

«Մենք շարունակում ենք խորհրդատվությունները պատրիարքարանի հետ»,այն ժամանակ ասել էր Սանիկիձեն:

Սանիկիձեին փոխարինած նախարար Ալեքսանդր Ջեջելավան նույնպես բազմիցս ստիպված է եղել արդարանալ «Ես և հասարակությունը» դասագրքի համար: Հենց այդ դասագրքի դեմ բողոքի ակցիաներից մեկից հետո Ջեջելավան հայտարարեց, որ «առարկան համաձայնեցվել է հոգևորականության հետ»: 

«Կրթական ծրագրում չի լինի մի բան, որն անընդունելի է մեր հասարակության համար», — հայտարարել էր Ալեքսանդր Ջեջելավան:

Բողոքի ակցիաների արդյունքում «Ես և հասարակությունը» դասագրքի սկզբնական տարբերակից, որի ստանդարտը հրապարակվել էր նախարարության կայքում, իսպառ անհետացան այնպիսի բառեր, ինչպիսիք են «գենդերը» և «փոքրամասնությունը»:

«Հնարավոր է, որ եկեղեցին ազդելու էլի ինչ-որ տարբերակներ է ունեցել, չգիտեմ, —JAMnews-ին ասել է կրթության, գիտության և մշակույթի խորհրդարանական կոմիտեի փոխնախագահ, «Վրացական երազանք» խմբակցության անդամ Գուգուլի Մագրաձեն… – Բայց պետական քաղաքականությունը նրա համար է պետական, որպեսզի հաշվի առնի հստակ անձանց ելույթները կամ ցույցերը»:

Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունում նշված է, որ վրացական հասարակությունում սեռական կրթության առումով որոշակի վախեր կան:

Վաղաժամ ամուսնություններին նվիրված հաշվետվությունում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները պատմում են, թե ինչ խոչընդոտների առաջ են կանգնել և հաղթահարել սեռական կրթությանը նվիրված փոքր նախագիծ իրականացնելիս: Այդպիսի նախագծերին դիմադրում է ոչ միայն եկեղեցին, այլ նաև դպրոցների տնօրինությունը, աշակերտների ծնողները: Հատկապես շրջաններում.

«Մեր նաագիծը կոչվում էր «Երիտասարդության էսթետիկ կյանքը»: Դրան մասնակցում էին վերարտադրման մասնագետներ, գինեկոլոգներ և հոգեբաններ: Մենք ուզում էինք բարձր դասարաններում հատուկ տեսանյութ ցուցադրել և թույլտվություն էինք խնդրել դասղեկից և դպրոցի տնօրենից: Նրանք դեմ չէին: Դեմ էր ծնողների մեծ մասը՝ չցանկանալով, որ իրենց երեխան մասնակցի նախագծին»:

«Մեր կազմակերպությունը մշակել էր «Վերարտադրողական առողջության մասին տեղեկատվություն երեխաների համար» նախագիծը: Այն իրականացրեցինք դպրոցներում առանձին-առանձին աղջիկների և տղաների համար: Դպրոցներից մեկի տնօրենը ծայրահեղ անզիջում կերպով դիմադրեց մեր աշխատանքին»:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը իր աշխատանքում վաղաժամ ամուսնությունները «շատ սուր խնդիր» է անվանում: Նրա կարծիքով՝ դրանք երիտասարդության ոչ բավարար կրթության և իրազեկվածության հետևանք են: Խնդրի լուծումներից մեկն Պաշտպանը համարում է դպրոցական ծրագրում համապատասխան առարկաների ներդրումը. «Դպրոցներում պետք է ապահովվեն վերարտադրողական առողջության և սեռական կրթության վերաբերյալ դասերի/սեմինարների անցկացումը համապատասխան մասնակգետների, ինչպես նաև իրավագետների մասնակցությամբ», — ասվում է հաշվետվությունում:

Չնայած հասարակության դիմադրությանը՝ դպրոցական կրթական ծրագրում նոր առարկա մտցնելու գաղափարը դեռևս թաղված չէ: 2018-2024թթ-ի նոր ուսումնական պլանում, որն արդեն հաստատվել է նախարարության կողմից, ներառված է «Ես և հասարակությունը» առարկան, որը ենթադրվում է, որ պետք է դասավանդվի երրորդից վեցերորդ դասարաններում:

Գուգուլի Մագրաձեն ասում է, որ «կրթության, գիտության և մշակույթի խորհդարանական կոմիտեն պրոգրեսիվ է և աջակցում է նախագծին»: Մագրաձեն կարծում է, որ հենց դպրոցը պետք է իր վրա վերցնի սեռական կրթության բեռը, այլ ոչ թե ծնողները «որոնք իրենց հերթին դեռ պետք է թարմացնեն այդ թեմայով իրենց գիտեիլքները»:

«Դպրոցը պետք է դանակի սայրով անցնի: Հնարավոր է, որ սեռական կրթությունը չպետք է դասավանդվի որպես առանձին առարկա, այլ պետք է ինտեգրվի այլ առարակներում, — ասում է Մագրաձեն: – Իսկ եթե որոշվի այն որպես առանձին առարկա դասավանդել, ապա ուսուցիչներին պետք է վերապատրաստել: Այդ մանկավարժներին երեխաները պետք է վստահեն, նրանք պետք է կարողանան երեխաների հետ լավ հաղորդակցում ապահովել, որպեսզի նուրբ թեմաների շուրջ հնարավոր լինի բաց և անկեղծ խոսել: Դա բավականին լուրջ խնդիր է»:

Տեղեկատվական վակուում

«Մենք՝ աղջիկներս, համացանցում փնտրում ենք մեզ հետաքրքրող տեղեկատվությունը: Թե ինչպես են տղաներն վարվում, չգիտեմ», — ասում է 14-ամյա Աննան (աղջկա անունը փոխված է, ազգանունն ու դպրոցի անվանումը նշված չեն հոդվածում նրա մոր խնդրանքով):

«Մի ժամանակ, հիշում եմ, տղա համադասարանցիներս հետաքրքրվում էին դաշտանով և մեզ՝ աղջիկներիս, հարցնում, թե ինչ է դա, ինչ հաճախականությամբ է լինում: Ոմանք գիտեին, հիմնականում այն տղաները, որոնք քույր ունեն», — ասում է Նինոն:

Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունում ասվում է, որ վրացի դեռահասները շատ հարցեր ունեն ՄԻԱՎ-ի, այլ վեներական հիվանդությունների, հակաբեղմնավորիչների, դաշտանի մասին: Դեռահասների տեղեկատվական վակուումը չի լրացնում անգամ  համացանցի վրացական սեգմենտը: Վրացալեզու աղբյուր, որը վստահելի, կոմպետենտ կլինի և կարող է ցանկացած պատասխան տալ սեռական կրթության թեմայով, ինչպես բրիտանական Brook.org.uk-ը, պարզապես չկա: Եթե վրացի դեռահասը տեղեկատվություն է փնտրում վրացերենով, վերստուգվածն ու արժանահավատը չի գտնի: 

Մարիամ Չաչիան 14-ամյա աղջկա մայր է, այդ պատճառով էլ տեղյակ է դասապրոցեսից: Նրա խոսքով՝ Վրաստանում դեռևս «սեքս» բառի վրա տաբու է դրված:

«Մեծերն ամաչում են այդ բառն օգտագործել: Իսկ դեռահասներն այդ թեմայով գիտելիքներ պետք է ստանան։  Դա պետք է սկսել, իմ կարծիքով, 6-7-րդ դասարաններից, — կարծում է Մարիամը: – Երեխան պետք է իմանա, որ սեքսը ոչ միայն բազմացման միջոց է, այլ նաև զուգընկերոջ հետ ֆիզիկական և հուզական կապի կարևորագույն բաղադրիչ»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում