Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության լուծման, ոսկու հանքի շահագործման և աշխատավարձերի բարձրացման մասին " />

Սենսացիոն հրաժարական Հայաստանի վարչապետի թիմում․ Փաշինյանը հաղորդել է ԱԱԾ պետի հեռանալու մասին

Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության լուծման, ոսկու հանքի շահագործման և աշխատավարձերի բարձրացման մասին

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հայ լրագրողների հարցերին

Չորս ժամ շարունակ Հայաստանի կառավարության առաջնորդը խոսում էր տարբեր ոլորտներում ունեցած հաջողությունների մասին։ Նա իր համար ընտրել էր նախորդ մամուլի ասուլիսից հետո ընկած ժամանակահատվածում «կառավարության 100 ձեռքբերումներ» ելույթի ձևաչափը։ Եվ սկզբից Փաշինյանը թվարկում էր դրանք՝ աշխատավարձերի բարձրացումից մինչև թանգարանների այցելուների թվի ավելացում, այնուհետև պատասխանում լրագրողների հարցերին։ Դրանք, ինչպես միշտ, շատ էին, և վարչապետը փորձում էր պատասխանել յուրաքաչյուրին առանց բացառության։

Հայաստանի վարչապետի հերթական մամուլի ասուլիսն անցկացվում էր Վանաձորում, որը համարվում է մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաքը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, երկրորդ քաղաք Գյումրին որպես լրագրողների հետ հանդիպման վայր նա բաց է թողնում, քանի որ, առանց այդ էլ, հաճախ է այնտեղ լինում։

Օրվա գլխավոր սենսացիան

Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարել է այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել, և ինքն այն ընդունել է։ Մինչ ասուլիսն ընթանում էր, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Վանեցյանին աշխատանքից ազատելու մասին։

Մանրամասները՝ թե ի՞նչն այն չէր ԱԱԾ տնօրենի աշխատանքում, վարչապետը հրաժարվեց ներկայացնել։ Նա բացատրեց դա այսպես․ այն պաշտոնը չէ, «որը կարելի է հանրային կերպով քննարկել»։․

«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա [Վանեցյանը նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է – JAMnews]»։

Ինչո՞վ է հիշվել Ազգային անվտանգության ծառայության պետը։ Համացանցում է հայտնվել նրա մասնավոր զրույցի աուդիոձայնագրությունը 

Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո ԱԱԾ ֆեյսբուքյան էջում  Վանեցյանն իր հրաժարականի մասին գրառում է արել․

«Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – գրել էր Վանեցյանը։

Քանի որ այս հարցն ասուլիսի ժամանակ լրագրողները բազմիցս հնչեցրին, Փաշինյանը մեկնաբանեց նաև հրաժարականի մասին Վանեցյանի հայտարարությունն ու հայտարարեց․

«Ես պաշտոնապես ասում եմ, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ Վանեցյանն ասի՝ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, չի եղել մի դեպք։ Այսինքն՝ ինձ համար հասկանալի չէ՝ ինչի մասին է նա ասում»։

Արթուր Վանեցյանն ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարի և չորս ամիս։

Ամուլսարի մասին․ «Հայաստանը դառնալու է սև խորշ աշխարհի տնտեսական քարտեզին»

Լրագրողների առաջին իսկ հարցերը վերաբերում էին Ամուլսարի ոսկու հանքին։ Հայաստանում արդեն մեկ տարուց ավելի է, ինչ բողոքի ակցիաներ են ընթանում, բնապահպաններն ու շրջակա բնակավայրերի բնակիչները պահանջում են արգելել հանքի շահագործումը։ Նրանց անհանգստացնում է այն, որ ոսկու արդյունահանման համար այստեղ տարեկան օգտագործվելու է մոտ 100 տոննա նատրիումի ցիանիդ։

Ամուլսարի հանքի շահագործման արգելքի համա հիմքեր չկան․ Հայաստանի վարչապետ

Հայաստանի կառավարությունը համալիր փորձաքննություն է պատվիրել, որպեսզի պարզի, արդյո՞ք հանքի շահագործումը կարող է վնասել շրջակա միջավայրին, և դրա համար 400 հազար դոլար է վճարել։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իզուր չեն ծախսվել այդ փողերը, եթե փորձագետները հստակ պատասխաններ չեն տվել, Փաշինյանը պատասխանել է․

«400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ  ճշմարտությունն ի  հայտ բերելու համար։ Չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված»։

Այն բանից հետո, երբ ստացվել են փորձաքննության արդյունքները, վարչապետը երկու անգամ ուղիղ եթեր է մտել ֆեյսբուքյան իր էջում և ասել, որ պետք է թույլ տալ հանքն աշխատի։ Իր դիրքորոշումը նա ևս մեկ անգամ պարզաբանել է մամուլի ասուլիսի ժամանակ․

«Ասում են՝ Ամուլսարի նախագիծը փակենք: Ենթադրենք, հիմա ես որոշում գրեցի ու ասացի՝ փակեք: Մենք նույն միջազգային հանրության առաջ պետք է պատասխան տանք մի հարցի. Եթե մենք այդքան բնապահպանական երկիր ենք, ինչու մինչեւ հիմա չենք փակել Զանգեզուրի հանքը, Զոդի հանքը, մյուս հանքերը, և հանկարծ որոշել ենք, որ այս նախագիծը, որը առնվազն նախագծի մակարդակով մյուս բոլոր հանքերից մի քանի գլուխ բարձր է, և Հայաստանի 3-րդ հանրապետության ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է։ Եթե մենք այս հարցին լուրջ չվերաբերվենք, Հայաստանը դառնալու է սև խորշ աշխարհի տնտեսական քարտեզի վրա»։

Ինչ վերաբերում է Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների կողմից դեպի հանք տանող ճանապարհների մինչ այժմ փակ լինելուն, ապա վարչապետը հայտարարել է, որ դրանք բացելու մասին Վարչական դատարանի որոշում կա։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է․ եթե «Լիդիան» ընկերությունը, որը հանքի շահագործման լիցենզիա է ստացել, չկարողանա անվտանգ շահագործում ապահովել, հանքը կփակվի․

«Իմ և կառավարության դիրքորոշումն այն է, որ պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից, և ճշմարտությունը պետք է ինքը մեզ բերի այս կամ այն որոշման: Եվ ճշմարտությունների առումով ես շատ կարևորում եմ, որ նաև հանրությունը մանիպուլյացիաների չտրվի»։

Ղարաբաղյան խնդրի մասին

Վարչապետը մեկնաբանել է նաև իր «Արցախը Հայաստանն է, և վերջ» հայտարարությունը, որը նա արել է Ստեփանակերտում օգոստոսի հինգին կայացած հանրահավաքին։

«Արցախը Հայաստանն է և վերջ»․ Հայաստանի վարչապետ

Կառավարության ղեկավարը հիշեցրել է նաև իր մեկ այլ հայտարարություն․ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդի համար․

«Ես եղել եմ ՀՀ առաջին ղելավարը, ով հայտարարություն է արել` խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին։ Եւ ասել եմ` համանման հայտարարություն նաև ակնկալում եմ Ադրբեջանի իշխանության կողմից Իմ այդ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություն չի արել, ասել է` հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումների ընթացքում ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր` ընդհուպ Ադրբեջանի կազմից դուրս։ Եթե իրենց սկզբունքն այդպիսին է, այսպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող, ապա մեր սկզբունքն էլ պետք  է լինի Արցախը Հայաստանն է, և վերջ»։

Վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է բանակցությունները շարունակել, սակայն Հայաստանն ու Ղարաբաղը զիջումների չեն գնա ճնշման և սպառնալիքների ազդեցության տակ․

«Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների։ Մենք ուզում ենք կարգավորման հասնել, այլ ոչ թե ձևացնել, թե աշխատում ենք»։

«Նոր» Հայաստանի մասին

Իր ելույթի ժամանակ Փաշինյանը նաև տնտեսական ցուցանիշներ է ներկայացրել։ Նախևառաջ, նա հայտարարել է ՀՆԱ աճի մասին, որը 2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8 տոկոս։

Բացի այդ, ըստ Փաշինյանի, հարկային եկամուտներն արձանագրել են 25 տոկոսանոց աճ։ Հետհեղափոխական Հայաստանի կառավարության համար առանձնահատուկ հպարտություն է այն, որ իշխանափոխությունից հետո՝ 2018թ-ի մայիսից, երկրում 65 037 աշխատատեղ է հայտնվել։

Դրական դինամիկա կա․

• արդյունաբերությունում՝ 8,4% աճ,

• շինարարությունում՝ 4,5%,

• ապրանքաշրջանառությունում՝ 8,9%,

• միջին աշխատավարձերի ոլորտում՝ 5,9%.

Զբոսաշրջության ոլորտի հաջողությունների մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև զբոսաշրջության ոլորտում դրական դինամիկայի մասին, խոսքը 12,8% աճի մասին է։ Եվ 2019թ-ի առաջին կիսամյակում Հայաստան են սկսել այցելել ավելի շատ զբոսաշրջիկներ Գերմանիայից, Չինաստանից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2019-ին, օգոստոսը ներառյալ, զբոսաշրջիկները Հայաստանում 200 մլն դոլարով ավելին են ծախսել, քան անցյալ տարի։

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների թվին, որոնք օգտվել են Հայաստանի հյուրանոցներից, ապա 2019-ի հունվար-հունիս ամսին աճի ցուցանիշը կազմել է 60%։

«Մասնավորապես, եթե 2018 թ. հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20 %-ը (շուրջ 140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29 %, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ», – ասել է վարչապետը։


Կարդալ ավելին JAMnews-ում