Էներգիայի սեփական վերականգնվող աղբյուրները Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերելու միջոցներից մեկն են" />

Սարսափելի Չեռնոբիլն Ուկրաինայի համար էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր կդառնա

Էներգիայի սեփական վերականգնվող աղբյուրները Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերելու միջոցներից մեկն են

Նոր անվտանգ և սահմանափակող «սարկոֆագը», որը ծածկում է Չեռնոբիլի ատոմակայանի վնասված ռեակտորը, սկսել են կառուցել 2012թ-ին, աշխատանքները պլանավորվում է ավարտել 2020թ-ին: Իր վերջնական տեսքով «սարկոֆագը» 257մ երկարություն, 164մ լայնություն, 110մ բարձրություն և 29 հազար տոննա քաշ է ունենալու: REUTERS/Gleb Garanich

Չեռնոբիլը, որը քաղաք է Ուկրաինայում և ատոմային էներգետիկայի ոլորտում մարդկության պատմության խոշորագույն ողբերգության վայրը, շուտով կրկին կվերածվի մի վայրի, որտեղ էներգիայի հսկայական քանակ է արտադրվում: Սակայն այս անգամ՝ էկոլոգիապես մաքուր, արևային:

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը խոշորագույնն էր Խորհրդային Միությունում և ապահովում էր ամբողջ երկրի էլեկտրաէներգիայի շատ զգալի մասը: 1986թ-ին Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորներից մեկը պայթեց, ինչը հանգեցրեց ռադիացիայի հսկայական արտանետման: Ողբերգության արդյունքում շրջակա բնակավայրերից տարհանվեց ավելի քան հարյուր հազար մարդ, իսկ տարածը մեկուսացվեց:

Աղտոտման է ենթարկվել ավելի քան 200 հազար կիլոմետր, դրա մոտ 70 տոկոսը՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում: Ողբերգության իրական հետևանքներն ու տուժածների թիվը մինչև հիմա հայտնի չեն:

Նախկին մանկապարտեզ լքված Պրիպյատ քաղաքում՝ Չեռնոբիլի ատոմային ռեակտորից ոչ հեռու: REUTERS/Gleb Garanich

Պրիպյատը Չեռնոբիլի ատոմակայանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաք է: Վթարից հետո այն ամբողջությամբ տարհանվեց: Այժմ այնտեղ կարելի է գտնել միայն կիսավեր տներ, դատարկ սրճարաններ և խանութներ և անգամ զվարճանքների լքված այգի: Մեծ քաղաքը, որտեղ ժամանակին 50 հազար մարդ էր ապրում, այսօր դատարկ է:

Պրիպյատ քաղաքում արդեն 30 տարուց ավել է՝ ոչ ոք չի ապրում: REUTERS/Gleb Garanich

Սակայն հայտնվեցին մի խումբ մասնագետներ, որոնք որոշեցին օգտակար դարձնել այդ լքված և վտանգավոր վայրերը, պատմում է Bloomberg-ը:

Ուկրաինական Solar Chernobyl ընկերությունն ուկրաինացի գործարար Եվգենի Վարյագինի Rodina Energy Company-ի և համբուրգյան Enerparc AG-ի համատեղ նախագիծն է: Հենց այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր Չեռնոբիլի ատոմակայանը, Solar Chernobyl-ը 1.6 հեկտար հող է վարձակալել ամսական ընդամենը 450 դոլարով: Այդ տարածքում ընկերությունը տեղադրել է գրեթե 4 հազար ֆոտոգալվանիկ մարտկոց, որոնք արևային էներգիա են հավաքում:

Վերականգվող աղբյուրներից էներգիայի արդյունահանումը ածխի և ռուսական գազի մատակարարումից կախվածության կրճատման Ուկրաինայի պլանի գլխավոր կետերից մեկն է: Ուկրաինայի ազգային ներդրումային խորհրդի ղեկավար Յուլյա Կովալիվը հայտարարել է, որ մոտակա երկու տարում Ուկրաինայի խնդիրը երկրի էներգետիկ բալանսում վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը մինչը 11% ավելացնելն է:

Արդեն այսօր Ուկրաինան Եվրոպայում առաջատար տեղեր է զբաղեցնում ֆոտոէլեկտրական կայանների հզորության աճի տեմպերով: Solar Chernobyl նախագծի շնորհիվ արևային էներգիա արդյունահանող կայանների ընդհանուր հզորությունը պետք է կրկնակի ավելանա:

Դա պետք է հերիքի 200 հազար տնային տնտեսություն էներգիայով ապահովելուն:

«Իրականությունն այն է, որ այդ մեծ տարածքները լքված են մնալու շատ սերունդների համար: Միգուցե՝ միլիոն տարի: Եվ միաժամանակ, այլ հողեր, որոնք կարող են արոտավայրեր և դաշտեր լինել, վերածենք արևային մարտկոցների տեղակայման վայրի՞: Դա խելամիտ չէ: Մարդկային գործունեությամբ փչացրած տարածքները կրկին կծառայեն մարդուն: Մեզ համար այս նախագիծը սոցիալական պատասխանատվության մի մաս է: Այն արժե, որպեսզի կյանքի կոչվի», — ասում է նախագծի հեղինակներից մեկը՝ Եվգենի Վարյագինը:

Զվարճանքների այգի Պրիպյատ լքված քաղաքում: REUTERS/Gleb Garanich


Կարդալ ավելին JAMnews-ում