Սոչիի բնակիչը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Հարավային Օսիայի պատերազմից առաջ ուղարկված հաղորդագրության համար" />

Սարսափելի հաղորդագրություն 2008թ.-ից

Սոչիի բնակիչը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Հարավային Օսիայի պատերազմից առաջ ուղարկված հաղորդագրության համար

Ռուսաստանի քաղաքացի Օքսանա Սևասթիդին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պետական դավաճանության մեղադրանքով: 2008թ. Հարավային Օսիայի շուրջ օգոստոսյան պատերազմից առաջ նա մի քանի SMS-հաղորդագրություն էր ուղարկել Վրաստանում ապրող իր ծանոթներից մեկին: Օքսանան նրան գրել էր, որ Սոչիում տեսել է ռազմատեխնիկայով բեռնավորված գնացք, որը, ըստ իր ունեցած տեղեկության, շարժվում է Աբխազիայի ուղղությամբ:

oksana-sevastidi

Սևասթիդիի դեմ գործը հարուցվել էր 2015թ., դատավճիռը կայացվել էր 2016թ. մարտին: Սակայն այդ գործի մասին հայտնի է դարձել միայն հիմա: Օքսանա Սևասթիդին այժմ ունի նոր փաստաբան՝ Իվան Պավլովը, որը հայտնի է Ռուսաստանում քաղբանտարկյալների պաշտպանությամբ: Հենց նա էլ հայտարարություն է արել մեդիայի համար:

Օքսանա Սևասթիդիի դատավճռում մանրամասն նկարագրվում են այն իրադարձությունները, որոնք նախորդել են 2008թ. պատերազմին, այդ թվում նշված են զորամասերի համարները և տեխնիկայի տեսակները, որոնք տեղափոխվում էին գնացքով:

«Նրա SMS-ների տեղեկատվական նշանակությունը և զգայունությունը, դատավճռի հետ համեմատած, ինչպես կաթիլը՝ ծովում»,- ասել է Սևասթիդիի փաստաբան Իվան Պավլովը:

Օքսանան 46 տարեկան է, բնակվում է Սոչի քաղաքում: Նրա մայրը թոշակառու է: Վերջինս մեջբերել է դստեր ուղարկած հաղորդագրության տեքստը: «Օքսանան պատասխանել է իր ծանոթի հարցին այն մասին՝ արդյոք Սոչիում տանկեր կան, ընդ որում, բացասական պատասխան է տվել: «Օքսանա, ձեզ մոտ ի՞նչ է՝ հարթակում տանկե՞ր են կանգնած»: Նա պատասխանել է. «Նախկինում՝ այո, հիմա՝ չգիտեմ»»:

Կինը պնդում է, որ իր դուստրը նամակի հասցեատիրոջը տեսել է կյանքում ընդամենը 2 անգամ: Պատահական հեռավոր ծանոթ է եղել:

Այն բանից հետո, երբ Օքսանային բանտ են նստեցրել, նրա տատը ուղեղի կաթված է ստացել, որից հետո մահացել է:

Բանտում

Օքսանա Սևասթիդին մեղադրվել է պետական դավաճանության մեջ, և 2016թ. գարնանից նա պատիժը կրում է Կինեշմայի գաղութում:

Նրա մայրն ասում է, որ վերջերս Օքսանայից նամակ է ստացել. նա գրում է, որ խնդրել է Պատժի կրման դաշնային ծառայությունից իրեն տեղափոխել տանը ավելի մոտ՝ Կրասնոդարի երկրամաս, որպեսզի մայրը կարողանա իրեն այցելել: Նրան մերժել են: «Տեղափոխման համար պատճառ չկա»: Նաև գրել է, որ կյանքում առաջին անգամ ձյուն է տեսել: Եվ որ բանտում իրեն չեն նեղացնում: Պատմել է, որ իրեն կանչել է գաղութի պետը և ասել. «Թույլ տուր գոնե քեզ նայեմ, ինձ մոտ այդ հոդվածով ոչ մեկ չի նստել: Այդ ի՞նչ ես դու արել»:

Սևասթեդիի դեպքը բացառիկ չէ:

2014թ. նոյեմբերին Սոչիի բնակիչ Եկատերիկա Խարեբավային դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ նմանատիպ SMS-ի համար առ այն, որ Աբխազիայի ուղղությամբ ռազմատեխնիկա է շարժվում: Այդ գործը քննել է նույն դատարանը, որը դատավճիռ է կայացրել Սևասթիդիի գործով:

Եկատերինա Խարեբավան ծնունդով Աբխազիայից է, 1990-ականներից նա ապրում է Սոչիում, շուկայում վաճառող է աշխատել: Նա վաղաժամ ազատ է արձակվել 2016թ. հունիսին:

Հարցազրույց

«Մեդուզա»-ի թղթակից Ելենա Շակուտոն Իվանովո շրջանի№ 3 ուղղիչ գաղութումհանդիպել է Սևասթիդիի հետ:

– Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են Ձեզ ձերբակալել:

— 2015թ. հունվարի սկզբին ինձ զանգահարեցին Կրասնոդարի երկրամասի Անվտանգության դաշնային ծառայությունից և հրավիրեցին զրույցի: Իբր խոսակցությունը պետք է վերաբերեր իմ ամուսնու քաղաքացիությանը: Բայց նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և ընդունել Ռուսաստանինը, ի՞նչ հարցեր կարող էին լինել:

Ես նրանց հետ գնացի Սոչիի բաժանմունք: Հետո ինձ մեքենայով տարան Կրասնոդար: Պետանվտանգության աշխատակիցները, որոնք ինձ ուղեկցում էին, վստահ էին, որ ինձ հետ կխոսեն և ազատ կարձակեն: Բայց ինձ բերեցին Կրասնոդարի բաժանմունք, և ես այլևս ազատություն չտեսա: Սկզբում կալանավորեցին 2 օրով, հունվարի 15-ին որոշում կայացվեց 2 ամսով կալանավորելու մասին: Եվ սկցվեց. ևս երկու ամիս, ևս երկու ամիս…

– Ինչպե՞ս արձագանքեցին մերձավորները Ձեր կալանավորմանը:

– Մայրս վերջերս ուղեղի կաթված է ստացել: Իսկ տատիկիս սիրտը չդիմացավ: Նա մահացավ 2015թ. ապրիլին: Ես ինքս առողջական խնդիրներ ունեմ. դատավճռում կա իմ ախտորոշումը՝ առաջին աստիճանի հիպերտոնիա: Ես ստիպված եմ դեղահաբեր ընդունել, սրսկումներ են անում, հակառակ դեպքում արյանս ճնշումը հասնում է 200-ի: Այս պատմությունից հետո շատ է վատացել նաև տեսողությունս. առանց ակնոցի գրել ու կարդալ չեմ կարողանում:

 -Ինչպե՞ս է անցել դատը:

– Դատախազն անգամ ինձ արդարանալու համար խոսք չտվեց: Ամեն ինչ հավաքեցին մեկ օրում. և՛ վերջին խոսքը, և կողմերի վիճաբանությունները, և՛ դատավճիռը: Ամեն ինչ այնքան արագ ու հապճեպ էր, ինչպես երազում: Եվ հանկարծ, ինչպես մշուշի միջից, լսում եմ. «7տարի»:

Ի դեպ, նման դեպք միայն ինձ հետ չի պատահել: Խարեբավայի գործը՝ ամբողջությամբ նույնն է, ինչ իմը: Մեկուսարանում եղած ժամանակ ես լսել եմ, որ Ադլերից մի հայ կնոջ 6 տարվա ազատազրկման են դատապարտել պետական դավաճանության համար: Բոլոր դեպքերում էլ՝ ինձ մոտ, Խարեբավայի, այդ հայ կնոջ մոտ, նույն քննիչն է, նույն դատախազը և դատավորը:

– Մերձավորները Ձեզ այցելու՞մ են

– Ինձ մոտ վերջերս երկու ընկերուհի էին եկել. մեկը՝ Մոսկվայից, մյուսը եկել էր Լատվիայից: Ես չեմ ուզում, որպեսզի մայրս կամ ամուսինս այստեղ գան: Ինձ համար հետո ավելի դժվար կլինի նրանց բաց թողնել:

– Գործի ինչպիսի՞ ելք եք ակնկալում:

– Ես չգիտեմ: Չեմ հավատում, որ սա ինձ հետ է կատարվում: Ես միշտ օրինապաշտ քաղաքացի եմ եղել, ինձ վրա ոչ մի տուգանք չի եղել: Մինչ այժմ չեմ հավատում: 

Sms from 2008 prizon

  • 2008թ. օգոստոսին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակամարտությունը վերածվեց 5-օրյա ռազմական բախման, ընդ որում, Հարավային Օսիային աջակցում էր ռուսական բանակը:
  • Ըստ Վրաստանի տարբերակի՝ Ռուսաստանը նախապես պատրաստվել էր զորք մտցնել ինքնավարություն, և վրացական բանակի գործողությունները պատասխան էին այդ սպառնալիքին և հարավօսիական իշխանությունների սադրանքներին:
  • Մոսկվան պնդում է, որ իր բանակն օգտագործել է միայն այն բանից հետո, երբ վրացական զորքերը սկսել են ռմբակոծել Հարավային Օսիայի մայրաքաղաքը, և նպատակը եղել է պաշտպանել խաղաղ բնակչությանը և իր խաղաղպահ ուժերին, որոնք հարձակման էին ենթարկվում:
  • Պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը, աշխարհի մյուս երկրների մեծ մասը դա համարում Վրաստանի տարածքի մի մաս:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ

Կարդալ ավելին JAMnews-ում