Ինչո՞ւ չի հաջողվում սահմանազատում կատարել երկու երկրների միջև և լուծել Դավիթ Գարեջիի/Քեշիշդաղի խնդիրը" />

Սարերում ծվարած հին վանական համալիրը կարող է կռվեցնել Ադրբեջանին ու Վրաստանին

Ինչո՞ւ չի հաջողվում սահմանազատում կատարել երկու երկրների միջև և լուծել Դավիթ Գարեջիի/Քեշիշդաղի խնդիրը

Լեռներում ծվարած հին վանական համալիրը Վրաստանի և Ադրբեջանի սահմանի չսահմանազատված մասում է, այն երկու երկրների միջև լուրջ դիվանագիտական վեճի պատճառ է դարձել, որը հանգեցրել է կոշտ քաղաքական հայտարարությունների և հասարակական վրդովմունք է առաջացրել երկու երկրներում էլ։

Խոսքը պատմական հուշարձանի մասին է, որը Վրաստանում կոչում են Դավիթ Գարեջի, իսկ Ադրբեջանում՝ Քեշիշդաղ կամ Քեշիքչիդաղ։

2018թ-ին եվրոպական Europa Nostra կազմակերպությունն ավարտել է այս բացառիկ պատմական հուշարձանի ուսումնասիրությունը։ Դրա մասին զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ համալիրը ներառում է 21 տաճար և 5 հազար վանախուց։ Այդ ժամանակ էլ հենց Europa Nostra-ն այն ներառել էր մարդկության համար կարևոր հուշարձանների ցանկում, որոնց անհետացում է սպառնում։

Քանի որ համալիրը ստեղծվել է մոտ վեցերորդ դարում, երկու երկրները միմյանցից տարբերվող պատմական փաստեր և աղբյուրներ ունեն։ Սահմանն անցնում է հենց համալիրով և երկու բարեկամական և ռազմավարական գործընկեր համարվող երկրների միջև այս առթիվ բազմիցս վերսկսվող բանակցությունները դեռ ոչինչ չեն տվել։

Ականներ վրաց-ադրբեջանական սահմանին

Ազատությունը Կովկասում․ Հայաստանում բարելավում է նկատվում, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում իրավիճակը վատ է

Վրաստանը պնդում է, որ դա վրացական մշակույթի հուշարձան է։ Ադրբեջանում կարծում են, որ համալիրն ալբանական մշակույթի մաս է և վրացիների հետ ոչ մի առնչություն չունի։

Արդյունքում՝ Ադրբեջանի և Վրաստանի 480 կմ երկարության սահմանի 35%-ը սահմանազատված չէ։ Սակայն այս հարցը տասնյակ տարիներ հանգիստ վիճակում էր։ Հոգևորականներն ու զբոսաշրջիկներն անարգել կարող են այցելել Դավիթ Գարեջի վրացական կողմից, այդ թվում՝ անցնել ադրբեջանական հատվածում գտնվող դրա տարածք առանց անձնագրերի ստուգման և սահմանափակումների։

Եվ հանկարծ պատմական հուշարձանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվեց 2019թ-ի ապրիլ-մայիսին։

Ի՞նչ տեղի ունեցավ

Թեման կրկին բարձրացվեց այն բանից հետո, երբ ապրիլի 20-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանեց Դավիթ Գարեջի և հանդիպեց դրա տարածքի վրացի սահմանապահների հետ։

Այնտեղ նախագահն ասաց, որ կարևոր է վերսկսել երկկողմանի հանձնաժողովի աշխատանքն ու սահմանազատում անցկացնել։ Դրանից անմիջապես հետո ադրբեջանական կողմը մի քանի օրով փակեց համալիրի տարածքի մուտքը, ինչը Վրաստանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց։

Մի քանի քաղաքական գործչից կտրուկ մեկնաբանություններ հնչեցին, մամուլում սուր հրապարակումներ հայտնվեցին։ Նման արձագանք եղավ նաև Ադրբեջանում։

Թեև երկու երկրների արտգործնախարարների միջև եռօրյա հեռախոսային քննարկումներից հետո համալիրի մուտքը բացվեց, թեման արդիական է երկու կողմերի համար էլ։ Մասնավորապես, Վրաստանում «ի պաշտպանություն Դավիթ Գարեջիի» հանրային շարժում սկսվեց։ Մի քանի հարյուր ակտիվիստ հավաքվեց հուշարձանի մոտ և «կենդանի շղթա» կառուցեց լեռան վրացական լանջին․ նրանք կանգնել էին՝ ձեռք-ձեռքի տված մի քանի ժամ շարունակ։

Այժմ ակտիվիստների այդ խումբը խոստանում է Դավիթ Գարիջում իր ակցիաները մշտական դարձնել։

Տարբեր լրատվամիջոցների հաղորդամամբ՝ ավելացել է ադրբեջանական կողմի սահմանապահների թիվը։

Վրացական կողմի հայտարարությունները բարդացնում են իրավիճակը, կարծում են Բաքվում։

«Վանական համալիրի մուտքի փակումը պաշտոնական Բաքվի որոշումն էր։ Եվ դա այն հայտարարությունների հետ էր կապված, որ սահմանապահների հետ իր հանդիպման ընթացքում արել էր Վրաստանի նախագահը։ Դրանից հետո Վրաստանի շատ պաշտոնատար անձինք սկսեցին կրկնել նրա խոսքերը։ Այնպիսի տպավորություն է, կարծես այդ հայտարարությունները ղեկավարվում են մեկ կենտրոնից», JAMnews-ին ասել է «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Էլհան Շահինօղլուն։

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն նույնպես կարծում է, որ վրացական կողմն է քաղաքականացրել թեման։

«Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը Բաքվում գնահատվել է որպես քաղաքական մարտահրավեր։ Դրանից հետո է սկսել այդ հարցի շուրջ իրարանցումը»,JAMnews-ին ասել է Վելիզադեն։

Մուբարիզ Կարաևը, որը Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին, ասում է, որ Զուրաբիիշվիլիի խոսքերը կարծես իրադարձությունների որոշակի շղթայի շարունակություն են դարձել։

«Տարեսկզբին Ախալքալաքում [Վրաստանի շրջան, որը հիմնականում հայերով է բնակեցված – JAMnews] 1990-ականների ղարաբաղյան պատերազմի մարտիկներից մեկի հուշարձանի բացումը, Թբիլիսիում ապրիլի 23-ի երթը, որը նվիրված էր «հայերի ցեղասպանությանը», Պանկիսիի կիրճում տեղի բնակչության և իրավապահ մարմիների հետ բախումը։

Դավիթ Գարեջի համալիրի հարցի ի հայտ գալն այդ բոլոր իրադարձությունների ֆոնին Վրաստանի քաղաքական էլիտայի համար պետք է մեսիջ լինի։ Իշխանությունները պետք է կողմնորոշվեն պետության քաղաքական ուղղվածության հարցում», —JAMnews-ին ասել է Կարաևը։

2019թ-ի մայիսի 3-ին՝ վանական համալիրի շուրջ վեճի թեժ պահին, Ադրբեջանի նախագահը փոխարտգործնախարարի պաշտոնին է վերադարձրել Խալիֆ Խալաֆովին՝ չնայած նրան, որ Խալաֆովին նա այդ պաշտոնից հեռացրել էր ընդամենը հինգ ամիս առաջ։ Խալաֆովը կրկին դարձել է նաև նախագահի՝ սահմանների հարցով հատուկ ներկայացուցիչը։

Հանրային կապերի վրացական ինստիտուտի (GIPA) պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ Դավիթ Գարեջիի շուրջ ներկայիս սրացման պատճառը երկու երկրների ղեկավար կառույցների միջև նորմալ քաղաքական կապի բացակայությունն է։

«Նախագահ Ալիևն անձամբ չի ճանաչում Վրաստանի ներկայիս ֆորմալ առաջնորդ Մամուկա Բախտաձեին։ Վրաստանի ԱԳՆ-ն ուժեղ ֆիգուր չէ։ Կառավարությունում գրեթե ոչ ոք չկա, ով կարող է պարզապես Բաքու զանգահարել և հարցը լուծել», – JAMnews-ին ասել է Թոռնիկե Շարաշենիձեն։

«Սահմանազատման հարցը գրեթե լուծված էր 2007թ-ին, սակայն հետո 2008թ-ի օգոստոսյան պատերազմը սկսվեց, և հարցը հետաձգվեց։ Իսկ 2012թ-ին նոր կառավարություն եկավ, որը որոշեց ամեն ինչ զրոյից սկսել։ Ամեն դեպքում, շփումներ էին անհաժեշտ ոչ միայն իշխանությունների, այլ նաև հասարակությունների, պատմաբանների և այլոց միջև։ Սակայն ոչինչ չի արվել»։

Տարածքների փոխանակումը որպես ե՞լք

Քաղաքագետ Իլգար Վելիզադեն հիշեցնում է, որ տարածքը, որին հավակնում է Վրաստանը, դե ֆակտո ադրբեջանական հող է

«Չնայած որ սահմանազատման գործընթացը դեռ չի ավարտվել, դա պետական սահման է։ Եվ այն կարող է բացվել և փակվել ցանկացած պահի։ Ադրբեջանական կողմը պարտավոր չէ ոչ ոքի բացատրություն տալ։ Պետք է հաշվի առնել, որ այնտեղ հսկիչ անցակետեր չկան»։

Վելիզադեն սահմանազատման աշխատանքների ձգձգումը բացատրում է տարիներ շարունակ գործընթացի փակ լինելով։

Նրա խոսքով՝ վրացական կողմը տարբեր ժամանակներում Ադրբեջանին առաջարկել է տարածքներ փոխանակել, այլ կերպ ասած, տարածք փոխանցել հուշարձանի՝ Ադրբեջանի տարածքում գտնվող հատվածի դիմաց։ Պաշտոնական Բաքուն մերժել է առաջարկը։

Վերլուծաբան Էլհան Շահինօղլուի խոսքով՝ թեև Վրաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ, Բաքուն այդ հարցում զիջումների չի գնա։

«Պաշտոնական Թբիլիսին պետք է Ադրբեջանի հետ բանակցություններում փոխի իր հռետորաբանությունը։ Հակառակ դեպքում լարվածությունը բացասաբար կանդրադառնա երկու երկրների միջև հարաբերությունների վրա։ Ադրբեջանում նույնպես կոչեր են հնչում «Վրաստանի ադրբեջանցիներին ինքնավարություն տալու պահանջ» դնելու վերաբերյալ։ Այն, ինչ տեղի է ունենում, չի ծառայում Վրաստանի շահերին և վնասում է վրաց-ադրբեջանական հարաբերություններին», – կարծում է Շահինօղլուն։

Պատմությունը չպետք է ժողովուրդներ և պետություններ բաժանի, այն կարող է նրանց միավորել․ այս կարծիքը ոչ միշտ է գործում սրացման փուլերում։ Սակայն, ինչպես կարծում է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն, դա Դավիթ Գարեջիի խնդրին ամենաճիշտ մոտեցումը կլիներ։

«Այսօր երկու երկրների միջև գործող սահմաններն անցկացվել են խորհրդային իշխանության տարիներին՝ հաշվի առնելով տնտեսական գործունեությունը։ Այն ժամանակ վրացիների և ալբանացիների միջև բաժանումներ չկային, դա ընդհանուր հոգևոր կենտրոն էր։

Այդ պատճառով էլ այսօր այդ հարցը պետք չէ լուծել սահմանազատմամբ։ Խնդիրը վաղուց կարող էր լուծել ընդհանուր պատմամշակութային արգելոցի ստեղծումը»։

Ինչո՞ւ է այդքան դժվար սահմանազատում անցկացնել հենց այդ հատվածում

Սահմանագծման և սահմանազատման միջպետական վրաց-ադրբեջանական երկկողմանի հանձնաժողովը ստեղծվել է 1996թ-ին։ Դրա աշխատանքը երբեք ակտիվ չի եղել և մի քանի տարի է, ինչ այն ընդհանրապես չի գործում հանձնաժողովի վերջին նիստը կայացել է 2011թ-ին Բաքվում։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի տեղեկության համաձայն՝ երկու երկրների միջև 480 կմ երկարությամբ սահմանի 314 կմ-ն է համաձայնեցված։ Մնացած 166 կմ-ն ուսումնասիրվում է փորձագետների մակարդակով։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է սահմանի հարցը նաև «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում։ Նա ասել է, որ «Խորհրդային Միության փլուզման շրջափուլում գոյություն են ունեցել միայն 1938թ-ի քարտեզներ, որտեղ միայն վարչական սահմաններ են նշված։ Դրանից հետո նոր քարտեզներ չեն եղել»։

Այդ պատճառով էլ, ասել է Վրաստանի նախագահն, իրավաբանական տեսանկյունից դա պարզ հարց է։

Սակայն Լեյլա Աբդուլաևան ասում է, որ 1938թ-ի քարտեզը, որը վկայակոչվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հարցը քննարկելիս, 1:500000 մասշտաբով է, այսինքն՝ այն փաստացի սխեմատիկ է։

«Այդ քարտեզը փաստաթուղթ է, որն ընդունվել է Ադրբեջանական ԽՍՀ-ում և Վրացական ԽՍՀ-ում։ Հետագայում 1942թ-ին ԽՍՀՄ-ում 1:100000 մասշտաբով ավելի պարզ տեսք ունեցող քարտեզներ նախապատրաստելու մասին որոշում է ընդունվել։ Բացի այդ, գոյություն ունի 1963թ-ի հրատարակություն, որը հաստատվել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից։ Սահմանազատման հարցն աշխատանքային խմբի մակարդակում դիտարկելիս վկայակոչվում են այս քարտեզները։ Մինչ այժմ դրա պատճառով որևէ խնդիր չի առաջացել», – ասում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Սակայն, ինչպես կարծում են շատ փորձագետներ, խնդիրը քարտեզները չեն։ Անգամ եթե սահմանազատման հանձնաժողովը սեղմ ժամկետներում վերսկսի աշխատանքն, ինչպես խոստանում են երկու կողմերի քաղաքական գործիչները, հուշարձանի հարցը լուծելը նրա համար բարդ կլինի։ Ինչպես JAMnews-ին պարզաբանել է Մուբարիզ Կարաևը, «սարալանջի հարավ-արևմտյան մասն Ադրբեջանի համար ռազմավարական կարևորություն ունի, ինչը պատմական հուշարձանի հարցը քաղաքական խնդիր է դարձնում»։

Ի՞նչ հետևանքներ կարող են լինել

Հարավային Կովկասում միջազգային տնտեսական նախագծերն իրականացվում են հիմնականում Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ դա, նախևառաջ, Բաքու-Սուփսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարերն են, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

«Վրաստանն Ադրբեջանի էներգակիրների համար պատուհան է, արտասահման արտահանելու միջանցքի դեր է խաղում։ Ըստ անցյալ տարվա պաշտոնական տվյալների՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 88 մլն դոլար», – ասում է տնտեսական հարցերի փորձագետ Նաթիկ Ջաֆարլին։

«Վրաստանի առևտրաշրջանառությունում Ադրբեջանի մասնաբաժինը նույնպես մեծ է՝ ինը տոկոս, ինչն այն դարձնում է երրորդը Ռուսաստանից և Թուրքիայից հետո։ Ադրբեջանը հիմնականում Վրաստան է արտահանում բնական գազ և էներգակիրներ։ Եվ Վրաստանի ամենախոշոր հարկատուն SOCAR-Georgia ընկերությունն է»։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի տվյալներով՝ Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլարի ներդրում է կատարել և 2012թ-ից այդ ցուցանիշով առաջատարն է։

«Իլհամ Ալիևի լեռնագագաթը»

2007թ-ի դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել «Քեշիքչիդաղ» քարանձավային համալիրը պետական պատմամշակութային արգելոց հայտարարելու մասին, որն Ադրբեջանի Աքստաֆայի շրջանի տարածքում գտնվող Քեշիքչիդաղ լեռնաշղթայի մի մասն է։ Արգելոցի տարածքի ամենաբարձր կետը կոչվում է «Իլհամ Ալիևի լեռնագագաթ»։

previous arrow
next arrow
Slider
Լուսանկարները տրամադրվել են ադրբեջանական «Քեշիքչիդաղ» քարանձավային համալիր» պետական պատմամշակութային ագելոցի կողմից

Կարդալ ավելին JAMnews-ում