Չորաթան գյուղում հիմնադրված գործարանը ռիսկային ներդրում է, որը մարդկանց հույս է տվել " />

Գործարան, որը փոխեց հայ-ադրբեջանական սահմանամերձ գյուղի կյանքը

Չորաթան գյուղում հիմնադրված գործարանը ռիսկային ներդրում է, որը մարդկանց հույս է տվել

Չորաթանում՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ գյուղում հիմնադրված «Տավուշ-տեքստիլ» ձեռնոցի գործարանը ձեռնոց է նետված ոչ միայն անավարտ պատերազմին ու փխրուն խաղաղությանը, այլև օր օրի երկրում ահագնացող արտագաղթին:

Երկու տարի առաջ «Տավուշ-տեքստիլը» արտադրամասեր է բացել ոչ միայն Երևանից 223 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Չորաթան գյուղում, այլև հարևանությամբ գտնվող Արծվաբերդ ու Մովսես գյուղերում, Բերդ քաղաքում: Միայն Չորաթանում աշխատում է 165 մարդ, ընդհանուր առմամբ ստեղծվել է 300 աշխատատեղ:

«Փողով վերմիշել ու սիգարետ ենք սկսել առնել, էն ժամանակ չկար նման բան, նիսիաների ցուցակները քիչ-քիչ ջնջվում են խանութներից: Սա մտածված քայլ էր, որ երիտասարդությունը դուրս չգա: Մի քիչ էլ շարունակվեր, էս կողմերում մարդ չէր մնալու, հիմա փառք Աստծո աշխատանք ունենք: Ես, կինս, աղջիկս  միասին 400 հազար դրամ աշխատում ենք»,– ասում է «Տավուշ-տեքստիլի» վարորդ Վալերի Երիցյանը ձեռնոցների հերթական պարկերը պահեստային մասից  տեղափոխելով դեպի բեռնատար ավտոմեքենա:

Չորաթանցի 50-ամյա Աննա Բաբայանն էլ խոստովանում է՝ ոչ միայն իր կյանքն է փոխվել, այլև ամբողջ գյուղի:

«Մարդկանց դեմքերին  ժպիտ է հայտնվել, հանգիստ են, ամենակարևորը գյուղից դուրս եկած ընտանիքները սկսել են վերադառնալ: Մարդուն ինչ է պետք՝ աշխատանք ունենա, իր տուն ու տեղին, իր հող ու ջրին լինի»,– ասում է Չորաթանի արտադրամասի օժանդակ աշխատակիցը:

«Տավուշ-տեքստիլ»-ը Չորաթանում կառուցվել է մոսկվայաբնակ Սուրեն Երիցյանի կողմից, ով ծննունդով մարզի Արծվաբերդ գյուղից է: 2015 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց սահմանամերձ գյուղերում ներդրումներ անողներին ազատել հարկային պարտավորություններից՝ և  գործարար Երիցյանը սկսեցի ձեռնոցի արտադրությունը:

Չորաթանի գործարանը կառուցվել է ադրբեջանական դիրքերից ընդամենը 5-6 կմ, իսկ Մովսես գյուղի արտադրամասերն՝ ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:

«Այն, որ մարդիկ այստեղ ապրում են, դիրքերում էլ զինվորներն են, դա արդեն ռիսկ է: Սա ռիսկային ներդրում է, բայց ներդրողը չի վախենում», – ասում է Չորաթանի ֆաբրիկայի արտադրամասի պետ Հովսեփ Անանյանը:

Զմրուխտե անտառների մեջ ծվարած Չորաթանի փողոցներում լռություն է: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանն ասում է, որ ամեն մարդ իր գործին է, բոլորն էլ աշխատում են, չկա մի մարդ, որ ուզենա աշխատել ու գործ չունենա.

«Չորաթանը Հայաստանի եզակի գյուղերից է, ուր աշխատանք կա, արտագաղթ չկա: Փոխարենը վերջին մեկ տարում վեց ընտանիք է ներգաղթել գյուղ: Չորսը  Ռուսաստանից են եկել, երկու ընտանիք էլ Կոտայքի մարզի Բյուրեղավան  քաղաքից»:

Սահմանամերձ գյուղն այսօր հազարից ավելի բնակիչ ունի: Բացի գործարանից, մարդիկ աշխատում են գյուղապետարանում, դպրոցում, մանկապարտեզում, շուտով 25 աշխատատեղ էլ կստեղծվի Չորաթանում բացվող փրկարար ծառայության կենտրոնում:

Գործարանի արտադրած շինարարական ձեռնոցներն արտահանվում են Ռուսաստան, Ուկրաինա: Վարձատրությունը օրական կազմում է 5000-8000 դրամ՝ աշխատանքի բնույթից ու չափից ելնելով: Գործարանում աշխատելու համար նաև հարևան գյուղերից են գալիս այստեղ: Ըստ գյուղապետի՝ աշխատուժի պակաս է զգացվում, գործարանում 10 թափուր աշխատատեղ կա:

Արմենուհի Հակոբյանը Չորաթան է տեղափոխվել Իջևանից, գյուղում ապրում է մորաքրոջ տանը, երեք ամիս է աշխատում է «Տավուշ-տեքստիլում» որպես օպերատոր:

«Հավաքում եմ ձեռնոցները, կապեր պատրաստում, լցնում պարկերի մեջ: Մեքենաներն եմ աշխատացնում, թելում եմ: Աշխատանքի ընթացքում սովորեցի գործը: Հանգիստ եմ շատ, կարևորը աշխատում եմ՝ թեկուզ տնից հեռու»,- ասում է նա:

Մերի Վիրաբյանն էլ հարևան Վերին Կարմրաղբյուրից է, արդեն երկու տարի է ամեն օր գալիս է Չորաթան աշխատաքի, ասում է. «Այստեղ Երևանից, Գյումրիից էլ աշխատողներ կան: Ի՞նչ անեն մարդիկ, ավելի է լավ է հեռու լինի աշխատանքը, բայց էլի գոնե մեր երկրում, քան թողնում գնում են դրսները»:

Գյուղապետ Բաղմանյանն էլ նշում է, որ եթե մի քանի տարի առաջ գյուղում նպաստառու ընտանիքների թիվը հասնում էր 70-ի, ապա այսօր այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 10-ի:

«Գործարանից հետո կյանքը փոխվել է, ժողովրդի ձեռքին փող կա՝ պարտքերը, վարկերը կարողանում են փակել, մարդիկ իրենց մարդ են սկսել զգալ: Արդեն քանի տարի իրենց տներում մի բան չէին կարողանում վերանորոգել, հիմա դուռ ու պատուհան են  փոխում, իրենց գնահատված զգում: Սա մի օրինակ է, թե ինչպես կարելի է յուրաքանչյուր գյուղում մեկ գործարանով կանխել արտագաղթը և նպաստել ներգաղթին»,- ասում է գյուղապետը:

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց կյանքով պարտադրում են խաղաղություն: Կրակոցներ, դիրքեր,  զինվորականներ. այս ամենը նրանց առօրյաի մի մասն է դարձել, ասում են. «մեր ճակատագիրն է»:

Չորաթանն ունի պայմանագրային զինծառայողներ: Ձեռնոցի գործարանը նրանց հետ չի բերում դիրքերից՝ ապահով ու անվտանգ աշխատանք առաջարկելով:

34-ամյա չորաթանցի Հայկ Բաբայանն արդեն 12 տարի պայմանագրային զինվորական ծառայության մեջ է գտնվում: Ամսվա կեսն անցկացնում է դիրքերում, մյուս կեսը՝ տանը: Նրա տղաները՝ 5-ամյա Հովսեփն ու 9-ամյա Էրիկը վազվզում են դիրքերից տուն եկած հոր շուրջը:

«Սա ինձ համար աշխատանք չէ, ես նվիրվել եմ էս գործին, իմ ընտանիքն ու գյուղն եմ պահում: Մի տարի դուրս գնացի՝ Ռուսաստան, էլի թողեցի հետ եկա, միակ գործն է, որ սիրում եմ: Ինչքան կարող եմ, ինչքան ոտքերս բռնեն, աշխատելու եմ ու պահեմ երեխեքիս ու գյուղս»,– ասում է Հայկ Բաբայանը:

Գյուղի բարձրադիր հատվածում է ապրում 35-ամյա Մանուշակ Բաբայանի ընտանիքը: Նրանց տան բակից ինչպես ափի մեջ փռվում է հայ-ադրբեջանական սահմանը: Ցանկացած չորաթանցու նման, Մանուշակն անգիր գիտի, որոնք են հայկական ու որոնք ադրբեջանական դիրքերը:

«Ավելի հեռվում երևացող գյուղը՝ Չինարին է, ավելի վերևում ադրբեջանական գյուղերն են: Ամուսինս հիմա ծառայության մեջ է, երեք տարով պայմանագիր է կնքել: Դժվար է ահավոր, մինչև լուսանում է ու զանգ ենք ստանում իրենից, կես մարդ ենք դառնում, չէ որ մեկ վարկյանն անգամ կարող է ճակատագրական լինել»,- ձեռքով դեպի սահմանի կողմը ցույց տալով, ասում է Մանուշակը:

Մանուշակը ճաշ է պատրաստում, կողքին՝ իր աղջիկներն են, գալիս է սկեսուրը՝ 82-ամյա Սիրուշ Քալանթարյանը:

«Ձեռնոցի գործարանում չի գնում աշխատի, ես կուզեի՝ անվտանգ ու ապահով է, բայց Արան նախընտրում է ծառայությունը»,– ասում է զինվորականի մայրը:

Երեկոյան կողմ գյուղում կյանքն ավելի է ակտիվանում, աշխատանքից տուն են վերադառնում չորաթանցիների մեծ մասը:  

«Մնացած խնդիրները լուծելի են, կարևորը գործն է, հիմա արդեն կա, հիասթափությունը կոտրվում է, կարևորը մարդկանց պահենք տեղում: Երբ մարդիկ լքում են գյուղը՝ զինվորականներն էլ բան չունեն պաշտպանելու»,- ասում է գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում