Սահման՝ ոչ հօգուտ Չեչնիայի

Չեչնիան և Ինգուշիան պաշտոնապես որոշել են սահմանը, սակայն խոսել այն մասին, թե երկու հանրապետությունների միջև տարածքային հավակնություններ չկան, դեռ վաղ է

Ինգուշիայի և Չեչնիայի նախագահներ Յունուս-բեկ Եվկուրովն ու Ռամզան Կադիրովը: Լուսանկարը՝ Եկատերինա Շտուկինայի/ՏԱՍՍ

Ըստ «Նովայա գազետայի» և «Կավկակզսկի ուզելի» նյութերի

«Պատմական» համաձայնագիր

Ինգուշիայի և Չեչնիայի՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարները սեպտեմբերի 26-ին համաձայնագիր են ստորագրել սահմանի հաստատման մասին, որը կարելի է պատմական անվանել. Ռուսաստանի կազմում այս երկու երկրների միջև սահմանը ֆորմալ կերպով անորոշ էր 1990-ականներից ի վեր:

Ինգուշիայի ղեկավարի խորհրդական Արտյոմ Պերեխրիստը «Նովայա գազետային» ստորագրումից անմիջապես հետո ասել է, որ ինգուշ ժողովուրդը զանգվածային անհանգստության առիթներ չունի, որը նկատվել է վերջին շաբաթների ընթացքում:

Փաստաթղթի համաձայն՝ հանրապետությունները փոխանակվել են համարժեք չբնակեցված տարածքներով:

«Ամենագլխավորն այն է, որ կարողացել ենք խուսափել կոնֆլիկտներից, հնարավոր արյունահեղությունից և արյան վիրավորանքներից», – այսպես է փաստաթղթի ստորագրումը մեկնաբանել Ինգուշիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովն Ինստագրամի իր էջում:

Հաճելի անակնկալ Ինգուշիայի համար

Եվկուրավն ընդգծել է, որ համաձայնագիրը պաշտոնապես ամրապնդում է սահմանն այն տեսքով, որը կար 1993թ-ին: Այսինքն՝ Ինգուշիան ստիպված չի եղել հրաժարվել իր 17 հազար հեկտար տարածքից. սա մի մտավախություն էր, որը վերջին ժամանակներս առաջացնում էր ինգուշների խուլ դժգոհությունը:

Ըստ ամենայնի, դա անսպասելի է եղել Եվկուրովի համար, կարծում է «Նովայա գազետայի» հոդվածի հեղինակը, որը հետևել է փաստաթղթի ստորագրմանն ու դրան նախորդած ցույցերին:

«Ինգուշիայի և Չեչնիայի ղեկավարների միջև բանակցություններն ավարտվել են ոչ այնպես, ինչպես սպասվում էր: Ինգուշիան պահպանել է իր տարածքներն, ինչն, ամենայն հավանականությամբ, անսպասելի էր իր համար: Սա, թերևս, վերջին ժամանակների կովկասյան օրակարգի կարևորագույն իրադարձությունների մեկն էր: Ռամզան Կադիրովը չի ստացել այն, ինչ ցանկանում էր», – գրում է «Նովայա գազետան»:

Սակայն քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը կարծում է, որ Կադիրովը նախկինի պես ավելի ազդեցիկ քաղաքական գործիչ է, քան նրա ինգուշ գործընկերը:

«Նա կարող է իրեն թույլ տալ այն, ինչ չի կարող, օրինակ, Եվկուրովը: Կադիրովն ակտիվ է, նա քաղաքական քաշ է ձեռք բերում և հավակնոտ պլաններ ունի: Կադիրովն առաջ է տանում իր շահերը և, ըստ ամենայնի, ոչ առանց Մոսկվայի օգնության», – ասել է Օրեշկինը «Կավկազսկի ուզելի» թեկնածուին:

Համաձայնագրի ստորագրումն, անկասկած, դրական իրադարձություն է, սակայն դեռ վաղ է ուրախանալ. Չեչնիան կրկին կարող է բողոք ներկայացնել Ինգուշիային ապագայում, կարծում է աշխարհագրական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Գունյան:

«Տարածքային պատկանելիության մասին վեճերը հաճախ հակամարտությունների են վերաճում, այնպես որ [ստորագրված համաձայնագիրը] հաշտեցման նշան է», – ասել է Ալեքսեյ Գունյան «Կավկազսկի ուզելի» թղթակցին: Սակայն ռիսկեր նախկին պես կան. Գունյան պոտենցիալ կոնֆլիկտային տարածք է համարում, մասնավորապես, Ինգուշիայի սահմանի մոտ գտնվող չեչենական բնակավայրերը, ուր մինչև վերջերս հնարավոր էր հասնել միայն ինգուշական տարածքով:

Խնդրի հիմքը

Ինգուշների և չեչենների միջև տարածքային վեճերը սկսվել են վաղուց: Նախորդ դարի 20-ական թվականներին Սունժայի կազակական շրջանը, որը կազմված էր ինգուշական բնակավայրերի տեղը հիմնած ավաններից, ներառվեց Չեչնիայի կազմում: 30-ականներին Ինգուշիան միացվեց Չեչնիային, այդպես ստեղծվեց Չեչեն-Ինգուշական ինքնավարությունը:

1991թ-ին Չեչնիան իրեն անկախ Իչկերիա հռչակեց, իսկ Ինգուշիան որոշեց մնալ Ռուսաստանի կազմում: 1993թ-ին Ինգուշիայի նախագահ Ռուսլան Աուշևն ու չճանաչված Իչկերիայի նախագահ Ջոհար Դուդաևը որոշեցին իրենց տարածքների միջև սահմանները, սակայն ֆորմալ առումով սահմանազատում տեղի չունեցավ:

Ռուսաստանյան այս երկու հանրապետությունների ներկայիս ղեկավարների հարաբերություններն առանց դժվարությունների չեն կառուցվել, և ինգուշական տարածքի մի զգալի մասի հանդեպ հավակնությունները, որոնք բարձրաձայնվել են 2012թ-ին Ռամզան Կադիրովի կողմից, ամենացավոտներից մեկն էին:

«Մենք արխիվային փաստաթղթեր ունենք, որոնք հաստատում են, որ այդ շրջանները (Սունժայի և Մալգոբեկի մի մասը – խմբ.) հանրապետության մաս են կազմում, – ասել էր այն ժամանակ Կադիրովն ու ընդգծել, – ժամանակն է հստակ նշել տարանջատման գիծն՝ օրենքին համապատասխան ձևով: Մենք մեր տարածքը գիտենք և ոչ մի հանգամանքներում այն վարչական սահմանից դուրս չենք թողնի»:

Այս տարվա օգոստոսին Ինգուշիայի Սունժայի շրջանում ճանապարհաշինական աշխատանքներ սկսվեցին: Դրանք իրականացվում էին չեչեն շինարարների կողմից, իսկ թյուրիմացություններից խուսափելու համար աշխատանքների անցկացման վայրում չեչենական կողմն բլոկպոստ տեղադրեց: Ինգուշիայում լուրեր տարածվեցին, որ Սունժայի շրջանը կցվելու է Չեչնիայի Հանրապետությանը: Նույնիսկ թվեր էին նշվում՝ 17 հազար հեկտար, իսկ դա Ինգուշիայի հողերի ընդհանուր մակերեսի մոտ հինգ տոկոսն է: Հանրապետության ղեկավարն ընդհանուր արտահայտություններ էր անում, և անհանգստացած ինգուշական հասարակությունը եզրակացություններ էր արել, որ հողերը վերաձևելու հարցը որոշված է, ընդ որում, որոշողը Մոսկվան է:

Ինգուշ և չեչեն առաջնորդների պլանավորված հանդիպումից առաջ Ինգուշիայում բողոքի ակցիաներ սկսվեցին, մարդիկ պահանջում էին, որպեսզի իշխանությունները Չեչնիային հողեր փոխանցելու մասին ոչ մի փաստաթուղթ չստորագրեն, իսկ ճնշման դեպքում անհապաղ հրաժարական տան: Ենթադրություններ էին արվում այն մասին, որ այն տարածքում, որը պետք է Չեչնիային անցնի,  դեռ խորհրդային տարիներին նավթավայրեր են հայտնաբերվել: Վարկած կար նաև, որ 17 հազար հեկտարն այն փոքր զոհաբերությունն է, որը Յունուս-բեկ Եվկուրովը որոշել է անել, որպեսզի Չեչնիայի Հանրապետությունը չընդլայնի իր ախորժակը:

 


Կարդալ ավելին JAMnews-ում