Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը տրամադրել է միգրացիոն ծառայությունը " />

Սահակաշվիլին օրինական կարգավիճակ է ստացել Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը տրամադրել է միգրացիոն ծառայությունը

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայությունից փաստաթուղթ է ստացել, որը հաստատում է Ուկրաինայում նրա գտնվելու օրինական կարգավիճակը:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր, վերջապես, միգրացիոն ծառայությունից փաստաթուղթ եմ ստացել, որը հաստատում է, որ ես Ուկրաինայի տարածքում օրինական եմ գտնվում: Իհարկե, ես դրանով չեմ բավարարվում, այլ դատական կարգով ցանկանում եմ վերականգնել քաղաքացիությունս», — գրել է քաղաքական գործիչը:

Ինչպես նշում է Հրոմադսկոյեն, Սահակաշվիլիի ստացած փաստաթղթի համաձայն, այդ կարգավիճակը կգործի մինչև 2017թի դեկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայությունը երկրորդ անգամ Սահակաշվիլիին մերժել էր փախստականի կարգավիճակ տրամադրել: Իսկ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի պետական դատախազությունում փաստաթղթեր են պատրաստում նրան Վրաստան արտահանձնելու համար:

Սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին հատել է լեհուկրաինական սահմանը, երբ նրա կողմնակիցների ամբոխը նրան տեղափոխել է ուկրաինական կողմ՝ ճեղքելով իրավապահների շղթան: Դատարանը Սահակաշվիլին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար:


Կարդալ ավելին JAMnews-ում