Նա և նրա կողմնակիցներն արդեն լքել են Օդեսան և Կիևում նոր կուսակցություն են ստեղծում: Տեսանյութ և լուսանկարներ" />

Սահակաշվիլին մտադիր է Ուկրաինայում իշխանափոխություն անել

Նա և նրա կողմնակիցներն արդեն լքել են Օդեսան և Կիևում նոր կուսակցություն են ստեղծում: Տեսանյութ և լուսանկարներ

Այս տեսանյութը մի քանի րոպեների ընթացքում պատմում է Միխայիլ Սահակաշվիլիի մեկուկես տարվա աշխատանքի մասին որպես Ուկրաինայի Օդեսա շրջանի մարզպետ: Նոյեմբերի 8-ին նա լքել է իր պաշտոնը՝ սկանդալային մամուլի ասուլիսին հայտարարելով, թե շարունակելու է պայքարել Ուկրաինայում կոռուպցիայի հանդեպ հաղթանակի համար:

«Մենք Ուկրաինայի իշխանության արմատական փոփոխություն ենք սկսում», – այսպիսի կարգախոսով  Միխայիլ Սահակաշվիլին ու նրա կողմնակիցներն Ուկրաինայում «Նոր ուժերի շարժում» նոր կուսակցության ստեղծման գործընթաց են մեկնարկել:

 

 

Նոյեմբերի 27-ին Կիևում հայտարարվել է նոր շարժման բաց խորհուրդ անցկացնելու մասին: Ուկրաինայի բոլոր բնակիչները հրավիրվել են մասնակցելու. ակտիվիստներն ամբողջ շաբաթվա ընթացքում Կիևի փողոցներում թռուցիկներ էին բաժանում «Նոր ուժերի շարժման» մասին տեղեկատվությամբ և հանդիպմանը մասնակցելու հրավերով:

 

 

Այն գաղափարի մանրամասները, թե ինչպես է կուսակցությունը մտադիր «նոր մարդիկ ներգրավել Ուկրաինայի ղեկավարություն», Սահակաշվիլին պատմել է Ֆեյսբուքի իր էջում վերջերս անցկացրած ուղիղ եթերի ընթացքում:

«Շատերն առաջարկում էին իրենց պատրաստի կուսակցությունները վերանվանել, նրանք ի սրտե ցանկանում են ինչ-որ բանով աջակցել: Մենք չենք ուզում այդպիսի ճանապարհով գնալ: Կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ կկարողանանք գրանցել քաղաքական ուժն ու կհասնենք դրա զարգացմանը», – «Ինտերֆաքս-Ուկրաինա» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Նոր ուժերի շարժման» առաջնորդներից մեկը՝ Դավիթ Սակվարելիձեն:

Նոյեմբերի սկզբին Սակվարելիձեն լքել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Միխայիլ Սահակաշվիլին այսպես է մեկնաբանել այդ հրաժարականը. «Այժմ կաշառակերներն ու բոլոր տեսակի տականքները կարող են իրենց հաղթանակը տոնել»:

Իսկ մինչ այդ Սակվարելիձեն Օդեսայի շրջանի դատախազն է եղել (մանրամասն տեղեկատվությունը՝ մի փոքր ներքևում):

«Ստեղծվող «Նոր ուժերի շարժման» առաջնորդները մտադիր են արդարադատության նախարարությունում գրանցել իրենց քաղաքական կուսակցությունը, այլ ոչ թե վերանվանել գյություն ունեցողներից մեկը», – ասել է Սակվարելիձեն և ընդգծել, որ Ուկրաինայի շատ առաջադեմ քաղաքական ուժեր են հրավիրված նոր կուսակցությանն անդամագրվելու կամ գործընկերային հարաբերություններ հաստատելու:

Նոյեմբերի 27-ին Կիևում հայտարարվել է շարժման բաց խորհուրդ անցկացնելու մասին: Ուկրաինայի բոլոր բնակիչները հրավիրվել էին մասնակցելու. ակտիվիստներն ամբողջ շաբաթվա ընթացքում Կիևի փողոցներում թռուցիկներ էին բաժանում «Նոր ուժերի շարժման» մասին տեղեկատվությամբ և հանդիպմանը գալու հրավերով:

JAMnews-ի տեղեկատու.

Սահակաշվիլիի թիմն Ուկրաինայում

·Ոստիկանության գեներալ Գիորգի Լորտկիպանիձեն Միխայիլ սահակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանի ՆԳ փոխնախարարն է եղել: 2015թ-ին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Լորտկիպանիձեին ուկրաինական քաղաքացիություն տրամադրեց որպես «Ուկրաինայի համար պետական հետաքրքրություն ներկայացնող անձի»: 2015թ-ի հունիսին էլ Լորտկիպանիձեն դարձավ Օդեսայի ներքին գործերի շրջանային վարչության պետ:

Այս պաշտոնում մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում նա սատարում էր Օդեսայում Սահակաշվիլիի քաղաքականությանը:

2016թ-ի նոյեմբերի 7-ին Լորտկիպանիձեն հայտարարեց իր պաշտոնից հեռանալու մասին՝ հայտարարելով, որ ոստիկանությունում առկա համակարգի պայմաններում այլևս չի կարող աշխատել: Որպես պատճառներից մեկը Լորտկիպանիձեն նշեց Օդեսայում ոստիկաններ ընտրող ատեստացիոն հանձնաժողովի որոշումը ոստիկանության 400 աշխատակիցներին հեռացնելու մասին, այն դեպքում երբ մոտ հազար աշխատակցի պակաս կար:

· Դավիթ Սակվարելիձեն Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ է նշանակվել 2008թ-ի նոյեմբերին: 2012թ-ին նա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է եղել «Ազգային շարժում» կուսակցությունից: 2015թ-ի փետրվարին ուկրաինական քաղաքացիություն է ստացել և նշանակվել Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: 2015թ-ի սեպտեմբերից Օդեսայի շրջանի դատախազն է:

Նա Ուկրաինայի գլխավոր դատախազի միակ տեղակալն էր, որը միաժամանակ և՛ ղեկավար էր, և՛ ստորադաս՝ գլխավոր դատախազի տեղակալ և շրջանի դատախազ:

2016թ-ի մարտին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հեռացրեց իր տեղակալ Դավիթ Սակվարելիձեին նրա զբաղեցրած բոլոր պաշտոններից և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեց «դատախազական էթիկայի կոպիտ խախտման և դատախազի պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար»: Այդ հրամանից անմիջապես հետո Շոկինը լքեց գլխավոր դատախազի պաշտոնը:

Օդեսայում ուրիշ դատախազ նշանակվեց: Այս դեպքերից հետո Օդեսայի դատախազության պատուհանների տակ գրեթե կես տարի «հակադատախազական Մայդան» էր տեղակայված: Նոր դատախազը հրաժարական տվեց, Մայդանն ավարտվեց, Սակվարելիձեն հայտարարեց Ուկրաինայում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին:

· Տնտեսագետ Ալեքսանդր Բորովիկը 2015թ-ի փետրվարից Ուկրաինայի էկոնոմիկայի առաջին փոխնախարարն է եղել: 2015թ-ի մայիսին վարչապետ Արսենի Յացենյուկի հետ կոնֆլիկտի պատճառով նա հեռացավ զբաղեցրած պաշտոնից և դարձավ Օդեսայի շրջանի փոխմարզպետը Սահակաշվիլիի վարչակազմում:

2015թ-ի հեկտեմբերին նա Օդեսայի քաղաքապետի համար իր թեկնածությունն էր առաջադրել «Պյոտր Պորոշենկոյի բլոկից» Միխայիլ Սահակաշվիլիի աջակցությամբ: Պարտվելով ընտրություններում, սակայն դառնալով քաղաքային խորհրդի պատգամավոր՝ 2016թ-ի մայիսին Բորովիկը կրկին հրաժարական տվեց ուժի մեջ մտած պետական ծառայության մասին օրենքի պատճառով, որի համաձայն Ուկրաինայի պետական պաշտոնյաներն իրավունք ունեին միայն մեկ՝ ուկրաինական քաղաքացիություն ունենալու:

Չցանկանալով հրաժարվել գերմանական անձնագրից՝ Բորովիկը դարձավ «Սահակաշվիլիի խորհրդականը» հասարակական սկզբունքներով, սակայն ամբողջությամբ անհետացավ տեղեկատվական դաշտից:

· Մարիա Գայդար

2015թ-ի հուլիսին Սահակաշվիլին Օդեսային մարզպետի սոցիալական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակեց Ռուսաստանի քաղաքացի, ռուս ռեֆորմատոր Եգոր Գայդարի դստերը՝ Մարիա Գայդարին: Նույն տարվա օգոստոսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գայդարին քաղաքացիություն տրամադրեց այն պայմանով, որ նա հրաժարվի արտասահմանյան անձնագրից: Որոշ ժամանակ անց Մարիան լրատվամիջոցներին հաղորդեց, որ ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել: 2015թ-ի հոկտեմբերի ընտրությունների արդյունքում Գայդարը դարձավ Օդեսայի շրջանային խորհրդի պատգամավոր՝ հետագայում պատգամավորի պաշտոնը համատեղելով մարզպետի տեղակալի պաշտոնի հետ:

2016թ-ի մայիսին պետական ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որի համաձայն, Ուկրաինայի պետական պաշտոնյաները միայն ուկրաինական քաղաքացություն կարող են ունենալ, Գայդարը մարզպետի տեղակալի պաշտոնից հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ կշարունակի աշխատանքը որպես Սահակաշվիլիի խորհրդական: 2016թ-ի ամռանից Գայդարը նույնպես անհետացավ Օդեսայի տեղեկատվական դաշտից:

JAMnews-ը մանրամասն ներկայացրել է Ուկրաինայում Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքական արկածները «WHO IS Mr. Սահակաշվիլին Օդեսայում» վերտառությամբ նյութում:

Նոյեմբերի 27-ին Կիևում կայացած հանրահավաքին մի քանի հազար մարդ էր եկել: Լուսանկարը՝ «Ուկրաինսկայա պրավդայի»

 

 

 Հրապարակվել է՝ 28.11.2016

 


Կարդալ ավելին JAMnews-ում