Պաշտոնական դիմումը նախագահի աշխատակազմին է հանձնել նրա փաստաբանը " />

Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նոր նախագահին՝ խնդրելով վերադարձնել իր քաղաքացիությունը

Պաշտոնական դիմումը նախագահի աշխատակազմին է հանձնել նրա փաստաբանը

Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Կիևում բողոքի ակցիայի ժամանակ. 2017թ. նոյեմբեր. լուսանկարը՝ Դավիթ Պիպիա, JAMnews

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը: Ըստ «Գրոմադսկոյե»-ի, այդ մասին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:

«Շարունակում ենք նոր փուլը և ակտիվ պաշտպանությունը՝ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա վերադարձնելու ուղղությամբ: Եկել է նոր դարաշրջան՝ նոր նախագահ»,- գրել է նա:

Մեկնաբանություն. Սաակաշվիլին Ուկրաինայում. սկիզբ և ավարտ

Պաշտպանը պատմել է, որ մայիսի 22-ին եկել է նախագահի աշխատակազմ և հանձնել դիմումը:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, սահմանային ծառայությանը և Անվտանգության ծառայությանը՝ խնդրելով հանել իր նկատմամբ Ուկրաինա մուտք գործելու արգելքը:

Մարտի 31-ին՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների օրը, Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ ողջունում է Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա.

«Թող գա: Կարծում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին այժմ ամենակարևոր դերն է խաղում, երբ պաշտպանում է Ուկրաինայի ժողովրդավարությունը Եվրոպայում, և դա ցույց է տալիս իր գործողություններով: Նա լուրջ դիվանագետ է և լուրջ խորհրդատու բոլոր մարդկանց համար, բոլոր թեկնածուների համար, ովքեր այսօր մուտք են գործում քաղաքականություն <…> Ես կարծում եմ, որ այնպիսի մարդու օգնությունը, ինչպիսին Սահակաշվիլին է, բոլորին պետք կգա»:

Ինչպես է Սաակաշվիլին ձեռք բերել և կորցրել Ուկրաինայի քաղաքացիությունը

Ուկրաինայի քաղաքացություն Վրաստանի նախկին նախագահին տվել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն 2015թ., երբ Սաակաշվիլին նշանակվեց Օդեսայի շրջանի նահանգապետ: 2016թ. վերջին Սաակաշվիլին հրաժարական ներկայացրեց և նախագահ Պորոշենկոյին մեղադրեց կոռուպցիայի և բարեփոխումներ անցկացնելու ցանկության բացակայության մեջ: Սաակաշվիլին հայտարարեց, որ ստեղծում է սեփական կուսակցությունը և անցնում է ընդդիմություն:

2017թ. հուլիսին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Նման որոշման համար պատճառ հանդիսացավ այն, որ Սաակաշվիլին իբր քաղաքացիության համար դիմելիս թաքցրել է Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը:

2017թ. դեկտեմբերին Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրեց «ի վնաս պետության շահերի՝ հանցավոր կազմակերպության մասնակիցներին աջակցելու և հանցավոր կազմակերպությանն օժանդակելու մեջ». իբր նա բողոքի ակցիաներ կազմակերպելու համար գումար էր ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչին մոտ կանգնած անձանցից: Սաակաշվիլին այդ ժամանակ ձերբակալվեց, բայց Ուկրաինայի դատարանը հաջորդ օրը նրան ազատ արձակեց:

2018թ. փետրվարին Սաակաշվիլին Ուկրաինայից արտաքսվեց Լեհաստան: Այժմ նա ապրում է Նիդերլանդներում:

Ռեպորտաժ Ուկրաինայից այն մասին՝ ինչպես է դասավորվել Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական կարիերան այդ երկրում   


Կարդալ ավելին JAMnews-ում