Սահակաշվիլիի դաշնակիցները նույնպես հարցնում են, թե ով է ֆինանսավորում նրա կուսակցությունն ու բողոքի ակցիաները:" />

Սաակաշվիլին՝ Պուտինի գործակա՞լ: Արձագանքն Ուկրաինայի դատախազության մեղադրանքներին

Սահակաշվիլիի դաշնակիցները նույնպես հարցնում են, թե ով է ֆինանսավորում նրա կուսակցությունն ու բողոքի ակցիաները:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր առաջին անգամ մեկնաբանել է Միխեիլ Սաակաշվիլիի կարճ կալանքը: Նրա ասել է, որ շոկի մեջ է այն բանից, թե ինչ տեղի ունեցավ Կիևի կենտրոնում:

«Բանակը նրա համար չէ պահում ճակատը, որ թշնամին գործի խորը թիկունքնում: Մենք դիմադրում են Մոսկվայի ֆինանսավորած արշավին, և ես այդ հարցում զգում եմ հասարակության աջակցությունը», – հայտարարել է Պորոշենկոն:  

Ինչի՞ համար է մեղադրվում Սաակաշվիլին

Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի գլխավոր դատախազության աշխատակիցներն անվտանգության ծառայության հետ միասին Կիևում՝ Կոստելնայա փողոցի ութհարկանի տան տանիքում ձերբակալեցին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Սակայն նրան բանտ հասցնել չհաջողվեց. Սաակաշվիլիի կողմնակիցներն արգելափակեցին իրավապահների մեքենան և ազատեցին Օդեսայի նախկին մարզպետին:

Սաակաշվիլին մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը և հանցավոր գործունեությանը ցուցաբերած աջակցության համար՝ ի վնաս պետության: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն աուդիո և վիդեոձայնագրություններ էր ներկայացրել, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Սաակաշվիլին նվազագույնը 300 հազար դոլար է ստացել Սերգեյ Կուրչենկոյից՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համախոհից, որի հանդեպ ներկայումս Ուկրաինայի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել և որն այժմ թաքնվում է Ռուսաստանում:

Լուցենկոյի խոսքով՝ իրավապահներն «անում են ամեն ինչ», որպեսզի Սաակաշվիլին կանգնի արդարադատության առջև: Դատախազությունը Սաակաշվիլիի հանդեպ հետախուզում է հայտարարել: Երբ Լուցենկոն խոսում էր այդ մասին, Սաակաշվիլին նրանից մոտ 100 մետր հեռավորության վրա էր գտնվում:

Ի՞նչ ապացույցներ ունի քննությունը

Լուցենկոյի խոսքով՝ Սաակաշվիլիի գործը հետաքննել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը: Գաղտնալսվել են Սաակաշվիլիի և նրա համախոհների հեռախոսները: Ձայնագրություններից մեկում, որն արվել է հակահետախուզության ծառայության կողմից, Սաակաշվիլին խոսում է մի մարդու հետ, որն, ըստ քննության, Սերգեյ Կուրչենկոն է:

Ուկրաինական հատուկ ծառայությունները հավաքագրել են մի մարդու, որը միջնորդ էր Սաակաշվիլիի և Կուրչենկոյի միջև: Նա պետք է փողը փոխանցեր Սաակաշվիլիի համախոհ Սևերիոն Դանգաձեին՝ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության ստորաբաժանումներից մեկի առաջնորդին:

Լուցենկոն պնդում է, որ Կուրչենկոյից Սաակաշվիլին գումար է ստացել երկու անգամ՝ նոյեմբերի 10-ին և 19-ին: Լուցենկոն ցուցադրեց այդ հանդիպումների տեսագրությունները, սակայն դրանց իսկությունը դեռևս պետք է դատարանը պարզի:

Այս տեղեկատվությունը ստանալուց հետո Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) գործել է հետևյալ կերպ. դեկտեմբերի 4-ին ձերբակալել է Դանգաձեին: Նույն օրն ուշ գիշերին անցկացվել է ՈւԱԾ և դատախազության համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ որոշում է ընդունվել, որ բավականաչափ ապացույցներ կան Սաակաշվիլիին ձերբակալելու համար: Այդ նույն հանդիպմանը պլանավորվել է նաև գործողությունը: Դեկտեմբերի 5-ի առավոտյան հատուկջոկատայիններն շարժվել են դեպի Սաակաշվիլիի տուն:

Գործողության մասին ոչինչ չի իմացել ՆԳՆ-ն: Գործողությանը մասնակցած աղբյուրը Հրոմադսկոյեին հաղորդել է, որ պատճառը տեղեկատվության արտահոսքից խուսափելու ցանկությունն է եղել:

Սաակաշվիլին դուռը չի բացել: Հատուկջոկատայինները մոտ կես ժամ են ծախսել այն կոտրելու վրա: ՍակայնՍաակաշվիլին ներսում չի եղել. նա պատուհանով բարձրացել է տանիք և այնտեղից հարևաններին խնդրել ոստիկանություն կանչել:

Մինչ Կոստելնայա փողոցում տեղի էին ունենում այդ իրադարձություններն, Ուկրաինայի գլխավոր դատախազը եկել էր Գերագույն Ռադա Սաակաշվիլիի դեմ ապացույցներ ներկայացնելու:

Լուցենկոն պատգամավորներին հաղորդել է, որ երկու բանագնաց է ձերբակալվել, որոնք պետք է Սաակաշվիլիի մարդկանց փոխանցեին Կուրչենկոյից ստացած մեկուկես մլն դոլարը:

Փողը, որը Կուրչենկոն փոխանցում էր Սաակաշվիլիին, պետք է ուղղվեր բողոքի ակցիաների անցկացմանը: Դրա դիմաց Սաակաշվիլին պետք է ապահովեր Կուրչենկոյի հանցավոր խմբավորման շահերը, հաղորդել էր գլխավոր դատախազը:

Լուցենկոն ասում է, որ իրավապահ մարմիններն արձանագրել են Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից կես միլին դոլար գումարի ստացում, որը Ռուսաստանից էր ուղարկված (խոստացված մեկուկես միլիոնի մասերը):

Գլխավոր դատախազի խոսքով՝ գումարի փոխանցումը վերահսկում էին հատուկ ծառայությունները, իսկ թղթադրամների համարները գրանցվել էին:

«Մեզ հաջողվել է ուժային սցենարի զարգացման և արյունահեղության վտանգը չեզոքացնել: Կարծում եմ, պետք է շնորհակալություն հայտնել ՈւԱԾ-ին, առաջին հերթին, Կիևի փողոցներում տիրող հանգստության և Կիևում «ռուսական ձմեռ» մոսկովյան պլանի չեզոքացման համար», – ասել է Լուցենկոն:

Ինչպիսի՞ն էր արձագանքը մեղադրանքներին

Սաակաշվիլին կտրականապես հերքել է իր հանդեպ առաջադրված մեղադրանքները:

«Թքած ունեմ, թե ինչ է խոսում Լուցենկոն: Նրանք ստախոս տականքներ են», — ասել է Սաակաշվիլին Հրոմադսկոյեին:

Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Սաակաշվիլիից մեղադրանքների հստակ պատասխան են պահանջում ոչ միայն իրավապահներն, այլ նաև նրա համախոհներն ու դաշնակիցները:

Պատգամավոր Մուստաֆա Նայեմը հոկտեմբերին Սաակաշվիլիի կողքին էր կանգնած Ռադայի դիմաց անցկավող ակցիայի ժամանակ: Նա այն պատգամավորներից մեկն է, որոնց Ուկրաինայում եվրալավատես են անվանում և որոնք հավատարիմ են Սաակաշվիլիին (նրանք Սաակաշվիլիի կուսակցության անդամ չեն, հաճախ համաձայն չեն պայքարի նրա մեթոդների հետ, սակայն աջակցում են նրա շատ հարցերում):

Նայեմը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Լուցենկոյի մեղադրանքներն անտեսելը սխալ է.

«Դատախազության այսօր առաջադրած մեղադրանքներին ի պատասխան լռելը ելք չէ: Լիովին հնարավոր է, որ Յուրի Լուցենկոյի հրապարակած նյութերը կեղծ են: Սակայն «Կուրչենկոյի ֆինանսավորումն» այն դեպքն է, երբ չես ուզում վարկածներ առաջ քաշել: Արդյո՞ք Դանգաձեն Միխեիլի վստահված անձն է եղել: Արդյո՞ք նա կամ իր շրջապատը կապի մեջ է եղել Սերգեյ Կուրչենկոյի հետ: Արդյո՞ք Սաակաշվիլիի թիմն ինչ-որ աջակցություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունից: Լռությունը, կարգախոսներն ու խուսափողական պատասխաններն անընդունելի են: Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում առանց պատասխանի ցանկացած հարց, կասկած կամ փաստ, որը հնարավոր չէ բացատրել, կարող է մահացու լինել»:

Եվս մեկ պատգամավոր Բորիսլավ Բերյոզան գրում է.

«Վրաստանի նախկին նախագահի որոշ համախոհներ, հասկանալով, որ վառածի հոտ է գալիս, ֆեյսբուքի միջոցով նրանից խնդրել են պատասխանել այդ մեղադրանքներին: Դե պատասխանի՛ր, Միխեիլ Նիկոլոզի Սաակաշվիլի, իսկ որտեղի՞ ց ես վերցրել քաղուժիդ ֆինանսավորման գումարըԻսկ դրանից առաջ չէ՞ր հետաքրքրում: Չէ՞ր հետաքրքրում, թե ինչ արժե Գերագույն Ռադայի մոտ խփած վրանային ավանը կերակրելը: Ի՞նչ արժե վրանների շուրջօրյա ջեռուցումը… Շատ հետաքրքիր է իմանալ այս բոլոր հարցերի պատասխանները, այլ ոչ թե հերթական հիստերիան տեսնել այն մեսիջով, թե այդ հարցերը տվողներն օլիգարխների վարձկաններն են… Բոլորը սպասում են անունների և թվերի: Սպասում են նույնիսկ նրանք, ովքեր բոլորովին վերջերս կանգնած էին բեմում Սաակաշվիլիի կողքին և ուրախությամբ աջակցում էին նրա բոլոր գործողություններին»:

Քաղաքագետ, Կիևի քաղաքական հետազոտությունների և կոնֆլիկտաբանության կենտրոնի ղեկավար Միխայիլ Պոգրեբինսկին ասում է, որ իշխանությունները պայքարում են Սաակաշվիլիի դեմ որպես քաղաքական ընդդիմադրի.

 «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սաակաշվիլին փող ստանալ Յանուկովիչից: Իշխանությունը պայքարում է իր քաղաքական հակառակորդների դեմ: Այդ մարդիկ հասարակությունում վստահություն չունեն, ինչպես նաև ինքը՝ Սաակաշվիլին: Նրանք անվստահության առումով գրեթե նույն մակարդակի վրա են: Սակայն Կիևում ուժեղ են ընդդիմադիր տրամադրությունները: Պետք է պարզել, թե որքանով են Լուցենկոյի ներկայացրած տվյալները մտացածին: Պարզ է, որ Սաակաշվիլին մեղադրվում է ոչ այն բանի համար, որ նա փող է վերցրել: Պորոշենկոյի և ներկայիս իշխանության շատ ընկերներ փող են վերցնում, ումից որ ցանկանում են, սակայն նրանց մատների արանքով են նայում… Սաակաշվիլիին ուզում են պատժել պետական հեղաշրջման փորձ անելու համար: Ծիծաղելի է: Կարծում եմ՝ իրական ժամկետի Միխեիլը չպետք է սպասի: Նրան առավելագույնը տնային կալանքի տակ պահեն, որպեսզի նա մարդկանց փողոց դուրս չբերի»:

Սաակաշվիլին հրաժարվում է գնալ դատախազություն և կոչ է անում քննիչներին գալ իր մոտ՝ Ռադայի դիմաց սարքած վրանային ավան և այնտեղ իրեն հարցաքննել:

«Սակայն մենք համբերատար ենք: Որքան էլ այս ամենը ձգվի, միևնույն է, բերելու է քննիչի մոտ: Այդպիսի բան հաստատ լինելու է», — պատասխանել է Լուցենկոն: 

Արևմտյան քաղաքական գործիչների արձագանքը

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին… Մենք լավ հարաբերություններ ունենք Ուկրաինայի իշխանությունների հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այն ամենին, ինչ նրանք անում են», — հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Թվիթերում գրել է.

«Ես, իհարկե, սպասում եմ լսել ավելի շատ փաստեր Սաակաշվիլիի դեմ մեղադրանքներում, սակայն այն եզրակացությունը, թե ինչպես է ուկրաինական կառավարությունը գլուխ բերել (մեղադրանքները), այսօր ակնհայտ է՝ ոչ այնքան լավ»:

Եվրամայդանը սատարող քաղաքական գործիչ, Շվեդիայի ԱԳՆ նախկին ղեկավար Կարլ Բիլդտն էլ ավելի կոշտ քննադատությամբ է հանդես եկել.

«Ուկրաինայից ստացվող նորությունները ստիպում են մտածել: Քաղաքական ձերբակալություններն արմատապես կխաթարեն երկրի հեղինակությունն Արևմուտքում: Ի վերջո, դա անվտանգության խնդիր է»:

Բիլդտի ևս մեկ թվիթ.


Կարդալ ավելին JAMnews-ում