Դեկտեմբերի 11-ին, ենթադրաբար, կարող է կայանալ Վրաստանի նախկին նախագահի վերաբերյալ դատական նիստը" />

Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել

Դեկտեմբերի 11-ին, ենթադրաբար, կարող է կայանալ Վրաստանի նախկին նախագահի վերաբերյալ դատական նիստը

Ուշ երեկոյան ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել: Նա նշել է, որ կհրաժարվի նաև բռնի սնվելուց, եթե դատարանը որպես խափանման միջոց ընտրի 60 օր կալանքը, և այդ ժամանակահատվածում չի պատրաստվում սնունդ ընդունել, հաղորդել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:

Տեղեկատվությունն այն մասին, որ Միխեիլ Սաակշվիլիին կալանքի տակ են առել նրա ընկերոջ տանը Կիևում, հայտնվել է դեկտեմբերի 9-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 0:34: Այդ գիշերը նա անցկացրել նախնական կալանքի մեկուսարանում: Սաակաշվիլիի ձերբակալումը տեղի է ունեցել առանց ուժի կիրառման: Գործողությունն անցկացրել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը:

Երեկ գիշերը Սաակաշվիլիին այցելել են փաստաբանները: Նրա մոտ են գտնվել բժիշկները. փաստաբանների խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահն ուժեղ մրսած է, հնարավոր է թոքերի բորբոքում ունենա, իսկ կալանքից հետո նրա ճնշումն է բարձրացել:

Նրանց խոսքով՝ Սաակաշվիլին հերքում է բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը: «Նա հույսը դրել է ուկրաինացի ժողովրդի վրա», — հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:

«Միխեիլ Սաակաշվիլին իր կնոջը՝ Սանդրա Ռուֆոլսին, խնդրել է իր գլխավոր խոսնակն ու հանրային ներկայացուցիչը լինել, պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունը», — ընդգծել է փաստաբանը մեկուսարանից դուրս գալուց հետո:

Պավել Բոգոմազովը՝ Միխեիլ Սաակաշվիլիի մյուս փաստաբանը, նշել է, որ ենթադրաբար դեկտեմբերի 11-ին դատական գործընթացը կսկսվի և կորոշվի խափանման միջոցը: Դատախազությունը պահանջում է տնային կալանք ընտրել. դատավորի նշանակած ժամկետի ընթացքում Վրաստանի նախկին նախագահը հատուկ էլեկտրոնային թևնոց կկրի, որը ցույց կտա նրա գտնվելու վայրը:

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Սաակաշվիլիի կալանքի մասին, Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի մոտ, ուր նրան տարել էին, «Նոր ուժերի շարժման» (Սաակաշվիլիի կուսակացությունն Ուկրաինայում) հարյուրավոր ներկայացուցիչներ և Ուկրաինայի շարքային քաղաքացիներ էին հավաքվել, որոնք աջակցում են Վրաստանի նախկին նախագահին: «Ամո՜թ». վանկարկում էին նրանք՝ արգելափակելով շենքի մուտքն ու ելքը: Ողջ գիշեր նրանք անցկացրել են ՈւԱԾ գրասենյակի մոտ՝ ցրտից փրկվելով մետաղական տակառներում վառած կրակի շուրջ տաքանալով:

REUTERS/Valentyn Ogirenko


Կարդալ ավելին JAMnews-ում