Վրաստանի նորընտիր նախագահն արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերին" />

Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել

Վրաստանի նորընտիր նախագահն արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերին

 

Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել, «որն իրեն այդպես է պահում օկուպացիոն գծում»։

Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը։

«Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողություններն օկուպացիոն գծում, որտեղ օրական մարդ են առևանգում, և քանի դեռ այդ գիծը մշտական վտանգ է ներկայացնում, քանի դեռ սողացող օկուպացիա է իրականացվում դեպի մեր տարածքի խորքն՝ ավելի ու ավելի մոտենալով Թբիլիսիին, չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկխոսության վերականգնմանը խանգարող գործոնների թվում նա նշել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունը։

Who is Սալոմե Զուրաբիշվիլի՝ Վրաստանի նոր նախագահը

Միացյալ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքն ու փողոց է դուրս գալիս

Միջազգային դիտորդներ․ ընտրությունները մրցակցային միջավայրում են անցկացվել, սակայն արդար չեն

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Վրաստանում նախագահական ընտրությունների մասին

Ըստ նրա՝ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել, սակայն՝ Արևմուտքի պարտադիր մասնակցությամբ։

«Եթե Արևմուտքը՝ Եվրոպան, և մեր ամերիկացի գործընկերները երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ ինչ-որ ձևով, մենք այդտեղ կլինենք և ուշադիր կվերահսկենք իրավիճակը, որպեսզի չտուժեն մեր սկզբունքները, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանն այսօր եվրոպամետ երկիր է։

«Մենք Արևմուտք ենք, մենք Եվրոպա ենք», – ընդգծել է նա։ Ըստ Զուրաբիշվիլիի՝ ինքը եվրոպամետ նախագահ է լինելու և չի պատրաստվում Ռուսաստանի և Եվրոպայի միջև հավասարակշռության ձգտել։

Վլադիմիր Պուտինի մասին

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Պուտինը փոխվել են, նրանք այնպիսին չեն, ինչպես 2005թ-ին, երբ Վրաստանը բանակացություններ էր վարում Ռուսաստանի հետ ռազմական բազաները դուրս բերելու շուրջ։

«Չեմ կարծում, որ այսօր Պուտինը կհամաձայներ բազաները դուրս բերել։ 2008թ-ի պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Ռուսաստանը որպես անկախ պետություն ճանաչեց Վրաստանի երկու օկուպացված շրջաններ, և դա ծածկում է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած հնարավորություն», – ասում է Զուրաբիշվիլի։

Նրա խոսքով՝ 2005թ-ին, երբ ինքը գլխավորում էր Վրաստանի ԱԳՆ-ն, Թբիլիսիի համար պայմաններն ավելի ձեռնտու էին, քան հիմա։ «Այսօրվա պայմաններում, հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ տրամադրվածությունը, Վրաստանը չի կարող նրա հետ դեմ առ դեմ մնալ։ Մենք պետք է մեր գործընկերների հետ էլ ավելի մոտ լինենք, զգանք նրանց ներկայությունը մեր թիկունքին», – ընդգծել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանը չպետք է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ միայնակ մտնի, դա պետք է անել արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ միայն։

Խորհրդային մտածողության փոփոխման մասին

Զուրաբիշվիլին պատրաստվում է ակտիվ լինել ոչ միայն Վրաստանի սահմաններից դուրս, այլ նաև երկրի ներսում, հայտարարել է նա Բի-Բի-Սիին։

Եվ այնուամենայնիվ, առաջին բանն, ինչում նա տեսնում է իր առաքելությունը, միջազգային քաղաքականությունն է։ «Իմ նպատակն աշխարհի քարտեզի վրա Վրաստանն առավել նկատելի դարձնելն է», – ասում է Զուրաբիշվիլին։

«Իմ նախագահության այս վեց տարիները շատ կարևոր կլինեն Եվրոպային և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման տեսանկյունից։ Այս փուլում մենք պետք է առավելագույնս մերձենանք Եվրոպայի հետ։ Ես միշտ հիշում եմ, թե ինչպես է Լատվիայի 1999-2007թ-ի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան իր երկիրը տարել դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ինչ վերաբերում է երկրի ներսում Սալոմե Զուրաբիշվիլիի ակտիվությանն, ապա, առաջին հերթին, նա անհրաժեշտ է համարում փոխել խորհրդային մտածելակերպը, փոխարինել այն եվրոպականով։

«Ես մեծացել եմ Եվրոպայում։ 30 տարի որպես ֆրանսիացի դիվանագետ եմ աշխատել։ Ես լավ գիտեմ, թե ինչպես է պետք միավորել հասարկությունն ու շարժվել դեպի Եվրոպայի կողմ», – հայտարարել է Զուրաբիշվիլին բրիտանական հեռուստաընկերությանը։

Նրա խոսքով՝ նախագահության ամենաբարդ փուլն առաջին շաբաթներն ու ամիսներն են, մինչ հասարակությունը հանդարտվում է աղմկոտ և որոշակի առումով նվաստացուցիչ նախընտրական արշավից։

Վրաստանի հինգերորդ նախագահն ընտրվել է 2018թ-ի նոյեմբերի 28-ին։ Դրա համար անհրաժեշտ է եղել երկրորդ փուլ անցկացնել։

Նախագահի իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52 տոկոս ձայն, իսկ նրա ընդդիմադիր մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոս։

Ընդդիմությունը՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, չի ճանաչում ընտրությունների արդյունքն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում և փողոցային ակցիաների անցկացման մասին խոսում։ Առաջին ակցիան կկայանա Թբիլիսիի Ազատության հրապարակում կիրակի օրը։

Նոր սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով։ Ներկայիս ընտրությունները վերջինն էին, երբ նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկության միջոցով։ 2024թ-ին նախագահին կընտրի 300 ընտրիչների կոլեգիան, որը կազմված կլինի Վրաստանի խորհրդարանի պատգամավորներից, Աջարիայի և Աբխազական ինքնավարության Գերագույն խորհուրդների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից։

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում