Սադրանքի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել հայ երկրպագու-ուլտրասները " />

Սադրանք «Ղարաբաղ»-«Դյուդելանժ» խաղի ժամանակ․ դրոշով դրոն, անկարգություն և միջազգային սկանդալ

Սադրանքի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել հայ երկրպագու-ուլտրասները

Լուսանկարը՝ Reuters

Ադրբեջանական «Ղարաբաղ» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժ» ֆուտբոլային ակումբների միջև խաղի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որը սկանդալի է վերածվել․ դաշտի վրա դրոն է թռչել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով։ 

• Երիտասարդ ադրբեջանցիները խոսում են Ղարաբաղի մասին

• Թե ինչպես է Հայաստանի հուշանվերների շուկան քաղաքականացվել

• Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների պատմությունը, որոնց հաջողվել է կյանքը նորից սկսել

Խաղը դադարեցվել է 25 րոպեով։ Այդ ընթացքում ինչ-որ մեկը հասցրել է անկարգություններ անել։ 

Արդյունքում «Ղարաբաղը» հաղթել է խաղը, իսկ սոցցանցերը մինչև հիմա եռում են։

Սադրանքի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել հայ ուլտրասները (այդպես են անվանում ամենամոլի ֆուտբոլային երկրպագուներին)։

Դրոնը՝ ստադիոնի վրա

«Ղարաբաղը» խաղում էր «Դյուդելանժ» ակումբի հետ հոկտեմբերի 3-ի երեկոյան Լյուքսեմբուրգի Jozi Bartel մարզադաշտում։

Խաղի 30-րդ րոպեին, երբ հաշիվը 2:0 էր՝ հօգուտ «Ղարաբաղի», մարզադաշտի վրա երկնքում դրոն է հայտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով։

ԼՂՀ-ն չճանաչված հանրապետություն է Հարավային Կովկասում, որի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտություն է բռնկվել 1990-ականների սկզբին։ 

Իրարանցում է սկսվել։ «Ղարաբաղի» պաշտպաններից մեկը փորձել է դրոնին գնդակով հարվածել, իսկ վրդովված ադրբեջանցի երկրպագուները փորձում էին դաշտ ներխուժել։ Նրանցից երկուսին կալանավորել են։

Խաղը դադարեցվել է, դրոնը հեռացել է, Լյուքսեմբուրգի սպորտի նախարարը ներողություն է խնդրել բոլորից և ասել, որ իր երկիրն այդ սադրանքի հետ կապ չունի։

Հարկադիր ընդմիջման ժամանակ ինչ-որ մեկին հաջողվել է մարզադաշտի կողքին գտնվող ավտոկայանատեղիում մի քանի մեքենա կողոպտել։

Պարզվել է, որ դրոնը երկինք է բարձրացվել մարզադաշտի մոտ գտնվող բազմահարկ շենքի տանիքից։

Խաղը վերսկսվել է, և «Ղարաբաղը» հաղթել է 4:1 հաշվով։ 

Պաշտոնական արձագանք Ադրբեջանից

Ադրբեջանի Ֆուտբոլային ասոցիացիայի (ԱՖԱ) մեկնաբանությունը

 «Կատարվածը կասկածի տակ է դնում ֆուտբոլիստների անվտանգությունը, և մենք հույս ունենք, որ նման գործողությունների կանխարգելման համար միջոցներ կձեռնարկվեն ապագայում։ Մենք վստահ ենք, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի և համապատասխան որոշում կկայացնի։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Ղարաբաղի» ֆուտբոլիստներին պրոֆեսիոնալ պահվածքի և հույզերը վերահսկելու համար»։

ԱՖԱ-ն հիշեցրել է նաև, որ «Ղարաբաղ» ակումբը ծնունդով Աղդամից է, որն այժմ գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի արտգործնախարարության մեկնաբանությունը

 «Հավատարմագրված դեսպանին հանձնարարվել է կապ հաստատել Լյուքսեմբուրգի արտգործնախարարության հետ և համոզվել, որ սադրանքի մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»։

Սոցցանցերի արձագանքն Ադրբեջանում

Ադրբեջանական սոցցանցերը եռում են զայրույթից։ 

Շատերը կարծում են, որ կատարվածը կազմակերպիչների մեղքն է, և դրա համար պետք է խստորեն «պատժել» Լյուքսեմբուրգին․ 

«Պետք է դուրս թողնել «Դյուդելանժին» Եվրոպայի լիգայից, թույլ չտալ, որ երկիրը մասնակցի եվրագավաթներին կամ ավելի վատ մի բան անել։ Չէ՞ որ այդ լաթի փոխարեն դրոնը կարող էր ավելի վտանգավոր մի բան բերել և վիրավորել խաղացողներին»։ 

«Հո չե՞ն կարող նրանք մարզադաշտի վրա հակաօդային պաշտպանության միջոցներ տեղադրել», – առարկում էին նրանք, ովքեր համարում են, որ Լյուքսեմբուրգին չի կարելի մեղադրել։

Այսքանով, թերևս, ցենզուրայի մեջ մեկնաբանությունները սահմանափակվում են։ Մնացածը զայրալից արտահայտություններ են հայ երկրպագուների և Հայաստանի հասցեին։

Սոցցանցերի արձագանքը Հայաստանում

Ֆեյսբուքի և Տելեգրամի հայկական տիրույթում նորությունն աննկատ չի մնացել։

Սոցցանցերի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել։ Ոմանք այդ արարքը շատ վառ և հաջող միջոց են համարել իրենց մասին հիշեցնելու համար։ Մյուսներն, ընդհակառակը, նման արարքը ոչ պատշաճ են համարում։ 

Որոշ մեկնաբանություններ․

«Ապրեն  մեր տղաները»։

«Իսկական վակխանալիա է։ Խաղը դադարեցվել է։ Եվ այդ ամենին, էկրանների մոտ նստած և տրիբունաներից լավ տրամադրությամբ հետևում էին հայերը»։

 «Եթե նրանք փախչում են միայն դրոշից, ինչպե՞ս են «ազատագրելու» Ղարաբաղը։ Այնտեղ ամենուր դրոշներ են կախված»։

«Արդյունքում, ըստ ամենայնի, կլորիկ գումարով տուգանվելու է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան»։

«Պետք չէ հպարտանալ կտորով, որի վրա արտացոլված է Հայաստանի բաժանման և գաղութացման խորհրդանիշը։ Ուզում էին դրոշով դրոն բաց թողնել, թող Հայաստանի դրոշը վերցնեին։ 

P.S. Այդ նույն օրը սահմանին զոհվել է երիտասարդ և ուժեղ տղա։ Մեր տղան»։

Պաշտոնական մեկնաբանություններ Հայաստանից դեռ չկան։ 


Կարդալ ավելին JAMnews-ում