Սակայն դատարանի վճիռը քննադատում են ոչ միայն Սաակաշվիլիի կողմնակիցներն, այլ նաև Վրաստանի գործող նախագահը" />

Սաակաշվիլին Վրաստանում երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, հնարավոր է նրան Ուկրաինայից Թբիլիսի արտահանձնեն

Սակայն դատարանի վճիռը քննադատում են ոչ միայն Սաակաշվիլիի կողմնակիցներն, այլ նաև Վրաստանի գործող նախագահը

REUTERS/Վալենտին Օգիրենկո

Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել այսպես կոչված «Գիրգվլիանիի գործով» և 3 տարվա ազատազրկման է դատապարտել նրան: Բացի այդ, դատարանն արգելել է Սաակաշվիլիին նաև մեկ տարի և 5 ամիս պետական պաշտոններ զբաղեցնել: Դատավճիռը հրապարակել է դատավոր Գեորգի Արևաձեն:

Սաակաշվիլին մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման համար: Քննության վարկածով, նա ապօրինի խոստում է տվել սահմանադրական անվտանգության դեպարտամենտի այն ժամանակվա ղեկավար Դաթա Ախալայային 2006թ-ին Սանդրո Գիրգվիլիանիի աղմկահարույց սպանության համար դատապարտվածներին ներում շնորհել: Արդյունքում, շրջանցելով ներման հարցերի հանձնաժողովը, Սաակաշվիլին ներում է շնորհել այդ սպասնության համար դատապարտված 4 անձանց:

 Սանդրո Գիրգվլիանիի գործը

Սանդրո Գիրգվլիանիի սպանությունը Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկն էր: Այդ սպանությունն ու դրան հետևած իրադարձությունները քննադատության ալիք բարձրացրին այն ժամանակվա վրացական իշխանությունների հասցեին: Այդ գործը հարցականի տակ դրեց վրացական դատական համակարգի անկախությունն ու ժողովրդավարական բարեփոխումների ամրությունը, որոնք անցկացվում էին Վրաստանի կառավարության կողմից:

Սանդրո Գիրգվլիանին

«Վրաստանի միացյալ բանկ» առևտրային բանկի միջազգային բաժնի ղեկավար, 28-ամյա Սանդրո Գիրգվլիանին հայտնաբերվել էր Թբիլիսիի ծայրամասում գտնվող գերեզմանոցում 2006թ-ի հունվարի 28-ին, նրա մարմնի վրա բազմաթիվ վերքեր կային: Սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն 2006թ-ի փետրվարի 12-ին «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաընկերության նյութից:

Իր մահից առաջ Գիրգվլիլանին Թբիլիսիի կենտրոնի բարերից մեկում վիճել էր ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Գործով մասնակից էին նաև ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի կինը, ինչպես նաև սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դաթա Ախալայան, որոնք նույնպես բարում էին գտնվում:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Գիրգվլիանիի սպանությունը տեղի էր ունեցել հենց սահմանադրական անվտանգության դեպարտամենտի մի քանի աշխատակիցների հետ վեճի պատճառով:

Այդ գործով ձերբակալվել էր դեպարտամենտի 4 աշխատակից: Դատարանը նրանց դատապարտել էր 8 և 7 տարվա ազատազրկման: Սակայն Գիրգվլիանիի ընտանիքի փաստաբանները պնդում էին, որ դատարանը չի պատժել իրական մեղավորներին:

Գիրգվլիանիի մայրը՝ Իրինա Ենուկիձեն, փորձել էր հանդիպել այն ժամանակվա նախագահ Սաակաշվիլիի հետ, սակայն նրան չէր հաջողվել: Ինքը Սաակաշվիլին սպանությունից մեկուկես ամիս անց հայտարարել էր, որ ցանկացած այդպիսի գործ «իր անձնական ողբերգությունն է»: Միաժամանակ նա «շատ ծիծաղելի» էր անվանել ՆԳՆ ղեկավարին պաշտոնանկ անելու հասարակության մի մասի պահանջները:

«Նման բան կարող էր տեղի ունենալ Անգլիայում, Ֆրանսիայում, հաճախ այդպիսի բան է կատարվում ԱՄՆ-ում: Վրաստանն արդեն պատասխանել է այդ հանցագործությանն այնպես, ինչպես կպատասխանեին այդ երկրներում… Ում պետք էր կալանավորել, կալանավորվել են, այն, ինչ պետք է հետաքննել, հետաքննվելու է»,- այն ժամանակ հայտարարել էր նախագահը:

2009թ-ին «Մաեստրո» հեռուստաընկերությունը գաղտնի տեսագրության կադրեր էր ցուցադրել, որոնցում երևում էր, որ այդ գործով դատապարտվածները հատուկ պայմաններում էին պատիժը կրում՝ նրանց համար հատուկ առանձնացված տարածքում, մաքուր օդին անցկացվող պիկնիկներով և նույնիսկ խորովածով: Կադրերում երևում էր, որ դատապարտյալներին մի քանի մարդ է սպասարկում:

2009թ-ի սեպտեմբերի 7-ին Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված 4 սպաներն ազատ արձակվեցին 384 այլ բանտարկյալների հետ միասին, որոնց ներում էր շնորհվել նախագահի հրամանով:

Ներման հարցերով պետական հանձնաժողովի անդամները կտրականապես հերքեցին իրենց մասնակցությունը Գիրգվլիանիի գործով դատապարտվածներին ներում շնորհելու գործում: Հանձնաժողովի նախագահ Էլենե Թևդորաձեն հայտարարեց, որ դա նախագահի անձնական որոշումն էր:

Գիրգվլիանիի ընտանիքը հայց ներկայացրեց Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Քառամյա ուսումնասիրություններից հետո 2011թ-ի ապրիլին դատարանը մասնակիորեն բավարարեց հայցն ու Վրաստանի իշխանություններին պարտավորեցրեց 50 հազար եվրոյի փոխհատուցում տրամադրել ընտանիքին:

Եվրոպական դատարանը վճռեց, որ Վրաստան պետությունը մեղավոր չէ Գիրգվլիանիի սպանության համար, սակայն այդ գործի հետաքննությունն ու իշխանությունների արձագանքը սպանությանը «վրդովիչ» և «անընդունելի» անվանեց:

«Վրաստանի իշխանությունները չեն կարողացել Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործի արդյունավետ հետաքննություն ապահովել… Քննությանը չէր հերիքում անհրաժեշտ անկախություն, անաչառություն, օբյեկտիվություն և հիմնավորվածություն», – ասված էր Ստրասբուրգի դատարանի եզրակացությունում:

Դատարանն առանձին անդրադաձել էր դատապարտյալներին ներում շնորհելու հարցին. «Դատարանն ապշած է… դատապարտյալների հանդեպ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ոչ խելամիտ կարեկցությամբ», – ասված էր ՄԻԵԴ 2011թ-ի ապրիլի 26-ի որոշման մեջ:

Մ

Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի այս որոշումը «քաղաքական» էր անվանել:

«Նախագահի ներում շնորհելու իրավունքը ոչ մի կերպ չի սահմանափակվում, և այն, որ ինձ դատում են դրա համար, խոսում է այդ գործընթացի ամբողջապես քաղաքական բնույթի մասին: Դա նաև վկայում է այն մասին, որ վրացական իշխանությունը 5 տարվա ընթացքում իմ դեմ ոչ մի զգալի բան չի գտել՝ կոռուպցիայի ոչ մի փաստ, ոչ էլ այլ իրավախախտումներ», – գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքում:

Դատարանի որոշումը քննադատության են արժանացրել Սաակաշվիլիի կողմնակիցները, բայց ոչ միայն նրանք: Քննադատորեն է արտահայտվել նաև Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Տագնապ է առաջացնում այն, որ դատախազությունը քրեական հետապնդման համար որպես հիմք է օգտագործել Սահմանադրության՝ ներում շնորհելու իրավունքի մասին հոդվածը», – հայտարարել է Մարգվելաշվիլին:

«Այդպիսով, Սաակաշվիլին իրավական գործիք է ստեղծել դատապարտյալների պայմանական-վաղաժամ ազատ արձակման համար», – կարծում է դատարանը:

Նա դատարանի որոշումն անվանել է «սահմանադրական իրավունքի սխալ մեկնաբանություն և նախագահի ինստիտուտի թուլացման փորձ, ինչը լրջորեն վնասում է Վրաստանի քաղաքական իմիջին»:

Նրա խոսքով՝ նա և իր աշխատակազմի անդամները ծանոթացել են համաշխարհային պրակտիկային և չեն կարողացել գտնել երկրներից որևէ մեկի պատմության մեջ գեթ մեկ դեպք, երբ ներում շնորհելու մասին օրենքի կիրառումը դատավճռի հիմք է հանդիսացել:

Դատական գործընթացին ներկա էին Սաակաշվիլիի կողմնակիցները, դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա կայացավ: Սաակաշվիլիի կողմնակիցների կարծիքով՝ դատարանը կատարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվերը:

Սաակաշվիլիի փաստաբան Սոֆիո Գոգլիչիձեն հայտարարել է, որ այսօր դատարանը «խախտել է Սահմանադրությունը»:

 «Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական հետապնդման է ենթարկվում: Մեղադրական դատավճիռն անհնար էր այն ապացույցների հիման վրա, որոնք ներկայացված էին այս գործում», – հայտարարել է փաստաբանը:

Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ուկրաինայի ազգային ոստիկանության նախկին ղեկավար Խաթիա Դեկանոյիձեն չի բացառում, որ Թբիլիսիի դատարանի որոշումը կարող է հիմք հանդիսանալ Ուկրաինայից Սաակաշվիլիին արտահանձնելու համար:

«Ես չեմ բացառում Սաակաշվիլիի արտահանձնումը, քանի որ երկու երկրների վարչական ռեսուրսն այսօր ուղղված է մեկ մարդու դեմ», – հայտարարել է Դեկանոիձեն:

Սաակաշվիլին արդեն 4 տարի է՝ չի կարողանում Վրաստան վերադառնալ: Նրա դեմ գործ է հարուցվել 4 էպիզոդով՝ ծառայողական դիրքի չարաշահում, խաղաղ ցույցի ցրում, հեռուստատեսության ավերում և փակում, պատգամավորի ծեծ և բյուջետային միջոցների մսխում:


Կարդալ ավելին JAMnews-ում