«Նովայա գազետան» ապացույցներ է ձեռք բերել, որ սադիստները «Վագների խմբի» անդամ են, և պարզել է նրանցից մեկի ինքնությունը" />

Ռուս վարձկանները Սիրիայում մարդ են տանջել և գլխատել՝ ընթացքը նկարահանելով

«Նովայա գազետան» ապացույցներ է ձեռք բերել, որ սադիստները «Վագների խմբի» անդամ են, և պարզել է նրանցից մեկի ինքնությունը

Ռուսական «Նովայա գազետան» շոկային տեսանյութ է տարածել, որում մի քանի զինված անձինք, որոնք ռուսերեն են խոսում, կռանահարում են գետնին ընկած քաղաքացիական հագուստով տղամարդուն, այնուհետև կտրում գլուխն ու ձեռքերն, այրում մարմինը։

Ըստ թերթի տեղեկությունների՝ տեսանյութի առաջին մասը համացանցում է հայտնվել դեռ 2017թ-ի հունիսին։ Սակայն այն ժամանակ ոչ ոք չէր կարողացել պարզել ոչ զոհի ինքնությունը, ոչ նրան տանջողների։ Մեկնաբաններն ընդամենը ենթադրել էին, որ տեսանյութում «Վագների խումբ» ռուսական մասնավոր ռազմական ընկերության մարտիկներն են, որոնք Սիրիայում են գործում։ Սակայն 2019թ-ի նոյեմբերին համացանցում է հայտնվել տեսագրության շարունակությունը, որից պարզ է դարձել, թե ինչ է պատահել զոհի հետ, ինչպես նաև հնարավոր է եղել պարզել զինյալներից մեկի ինքնությունը։

Ռուս լրագրողներին ծուղակն են գցել և գնդակահարել Կրեմլի հետ սերտ կապ ունեցող անձանց հրահանգով

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ է։ Հիշեք նրա պատերազմները»

Ռուսական բիզնեսը Սիրիայում գործում է Հարավային Օսիայի միջոցով

Զոհն ու մարդասպանները․ ովքե՞ր են նրանք

Արաբական մամուլը պարզել է զոհի ինքնությունը, կտտանքների վայրն ու ժամը։ Ինչպես գրում է Jesr Press-ը, սպանվածը Մոհամեդ Թահա Իսմայիլ ալ-Աբդուլան է, որը հայտնի է նաև որպես Համադի Թահա ալ-Բուտա։ Ըստ պարբերականի տվյալների՝ Համադին զորակոչվել է սիրիական բանակի պահեստազոր։ Այնուհետև դարձել դասալիք, սակայն նրան բռնել են։ Մահապատժի վայրը Jesr Press-ը նույնականացնում է սիրիական Խոմս բնակավայրի Շայիր հանքի հետ։ Դա ևս մեկ անգամ հաստատում է գլխատմանը «Վագների խմբի» ռուս զինյալների մասնակցությունը, քանի որ, ըստ «Նովայա գազետայի», հենց այդ ստորաբաժանումն է տվյալ շրջանում եղել 2017թ-ի գարնանից։

Ռուսական պարբերականը նույնականացրել է զինյալներից մեկին, որը տեսանյութում է հայտնվել, FindClone ծառայության միջոցով, որը թույլ է տալիս դիմագծերի օգնությամբ մարդու լուսանկարը գտնել «Վկոնտակտե» սոցցանցում։ Արդյունքում՝ մեծ է հավանականությունը, որ դա Ստանիսլավ Դ․-ն է․ նրա մասնակցությունը «Վագների խմբին» և բազմաթիվ գործուղումները Սիրիա հաստատվում են փաստաթղթերով, որոնք առկա են «Նովայա գազետայի» խմբագրությունում։

Տեսագրության հերոսները միմյանց դիմում են «Պամիր» և «Գայլ» մականուններով։

Տեսանյութի մյուս մասնակիցների ինքնությունը ցանկության դեպքում կարող է պարզել պաշտոնական հետաքննությունը Ռուսաստանում։ «Նովայա գազետան» հայտարարում է, որ պատրաստ է նյութերը փոխանցել դատախազությանը, քննչական կոմիտեին և ՆԳՆ-ին։

Ռուս վարձկանները Սիրիայում և այլ երկրներում

«Վագների խումբը» ոչ պաշտոնական գաղտնի ռուսական զինված կազմավորում է, որը հաճախ կոչվում է «Վագների մասնավոր ռազմական ընկերություն»։ Անվանման հիմքում դրա ղեկավարի ազդակոչն է։ Ըստ միջազգային լրատվամիջոցների տվյալների՝ «Վագները» Դմիտրի Ուտկինն է, որը 2013թ-ին ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության փոխգնդապետ էր։

Սիրիայում մարտական գործողություններին նախագահ Բաշար Ասադի կողմից, ըստ առկա տվյալների, «Վագների խումբը» մասնակցում է 2014թ-ից։ Այս ստորաբաժանում վարձկաններին ընդունում են Ռուսաստանում, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում գտնվող ինքնահռչակ հանրապետություններում։ Ռուս վարձկանների հստակ թիվն անհայտ է, սակայն այն հարյուրների է հասնում։

2017թ-ի հունիսին «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը» ներառվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Վագների խմբի» զինյալները մասնակցում են նաև մարտական գործողությունների Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Լիբիայում։ Հենց այս խմբի գործունեությունն էր ուսումնասիրում հայտնի ռուս լրագրող Օրհան Ջեմալն ու նրա գործընկերները, որոնք հուլիսին սպանվեցին Կենտրոնական Աֆրիկայում։


Կարդալ ավելին JAMnews-ում