Փողոցի մեջտեղով քաշած փշալարը բաժանել է երկու ավանները, որոնք ժամանակին մեկ միասնական ավան էին: " />

Ռուս-ուկրաինական սահման. ժողովուրդների բարեկամության ցանկապատ

Փողոցի մեջտեղով քաշած փշալարը բաժանել է երկու ավանները, որոնք ժամանակին մեկ միասնական ավան էին:

Ըստ zaborona.com-ի նյութի

Լուգանսկի շրջանի Մելովոյեն քաղաքային տիպի ավան է՝ Ուկրաինայի ամենաարևելյան կետը: Այն սահմանակից է ռուսական Ռոստովի շրջանի Չերտկովո ավանին: Խորհրդային տարիներին և մինչև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկիզբն այս երկու բնակավայրերը մեկ ամբողջական ավան էին: Երկու երկրները բաժանեցին մեկ փողոց, և այն նախկին պես կոչվում է «Ժողովուրդների բարեկամության փողոց»:

Բարեկամության վերջը եկավ

Երկու երկրների քաղաքացիներն, ըստ տեղացիների պատմածի, միմյանց հյուր էին գալիս, իսկ սահմանապահները հաճախ էին դրա վրա աչք փակում:

2018թ-ի սեպտեմբերին «ժողովուրդների բարեկամությանը» վերջ տրվեց:

•100 օր, որ մեզ փոխել են

•Փշալարով սահմանափակված կյանք Վրաստանում. տարանջատման գիծ

•Պատմություններ՝ ըստ Կաֆկայի. թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանից դեպի Աբխազիա և հակառակ ուղղությամբ սահմանը հատելիս

Մշուշի մեջ կարելի է չնկատել սպիտակ-կարմիր գծերով ներկված բետոնե տասնյակ բուրգերը, որոնցով փակել են ճանապարհը: Դրանցից հետո ասֆալտը շարունակվում է, սակայն չկան ոչ ավտոմեքենաներ, ոչ հետիոտն:

Լուսանկարը՝ Եվգենի Մալոլետկայի

Բետոնե բլոկերն այն հատվածում են, որտեղ ուկրաինական ճանապարհը հատում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գիծը: 2018թ-ի օգոստոսից այդ մասով չի կարելի անցնել, և բնակիչները ստիպված են շրջանցող ճանապարհից օգտվել:

Այժմ, ուկրաինական մեկ գյուղից մյուսը հասնելու համար պետք է տասնյակ կիլոմետրեր անցնել շրջանցող ճանապարհներով, թեև ճանապարհները փակելուց առաջ այդ տարածությունը մի քանի անգամ ավելի քիչ էր:

Դա պատճառներից մեկն է, թե ինչու է հրշեջ ծառայությունն ու շտապօգնությունն ավան 4 անգամ ավելի երկար ժամանակում են հասնում, քան նախկինում:

Մելովոյեի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար Արթուր Կորոլը պարզաբանում է, որ 2003թ-ին Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է սահմանազատման մասին պայմանագիրը: Այն ժամանակ աշխատում էր երկու պետությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը, որն էլ որոշում էր, թե որտեղով պետք է անցնի սահմանը:

«Այն համընկել է Խորհրդային Միության ժամանակների վարչական սահմանի հետ, – պատմում է Կորոլը: – Սակայն հիմա մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն ապագայի համար «ականներ» է տեղադրել՝ իր ենթակառուցվածքի կտորներ մեր տարածքում,  մեր ենթակառուցվածքների հատվածներ՝ իրենց տարածքում»:

«Ականը» բետոնե եռանկյունիներով փակված ճանապարհն է, որը կապում է Մելովոյե շրջանի մասերը, սակայն փաստացի անցնում է ՌԴ տարածքով: Ինչպես նաև ռուսական երկաթուղին, որի գնացքները տասնմեկ անգամ հատում են ուկրաինական պետական սահմանը:

Բենզին՝ ռուբլու դիմաց

Մելովոյե ավանի ծայրին հետիոտնային-ավտոմոբիլային անցակետ կա: Այնտեղ սովորաբար մեքենաների հերթ է, հաճախ՝ ուկրաինական կողմից:

Վարորդներից մեկն ասում է, որ Ռուսաստան է մեկնում  գրեթե ամեն շաբաթ: Այնտեղ նա լիցքավորում է մեքենան, քանի որ վառելիքը Ռուսաստանում գրեթե կրկնակի էժան է:

Շատերն են Մելովոյե ավանում այդպես ապրուստի փող վաստակում, քանի որ այլ հնարավորություններ չունեն:

Ցանկապատը Ժողովուրդների բարեկամության փողոցը ուղիղ երկու կեսի է բաժանում՝ ռուսական և ուկրաինական հատվածների: Ըստ 2014թ-ի պլանների՝ սահմանին պետք է ցանկապատեր և խրամատներ հայտնվեին: Սակայն 2017թ-ին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործ է բացել նախագծի իրականացման ժամանակ յուրացումների վերաբերյալ:

Մելովոյեի գրանցումով դժվար չէ Ռուսաստան մտնել: Պետք է միայն անցնել երկաթուղային կամրջի ռելսերը, որտեղ գործում է փոքր սահմանային երթևեկության կետը:

Ռելսերի մյուս կողմում տեղակայված է Չերտկովոյի երկաթուղային կայանը: Մելովոյեի և Չերտկովոյի միջև բուֆերային գոտում սահմանն անցնում են նրանք, ովքեր իրավունք չունեն օգտվելու փոքր սահմանային երթևեկության համակարգից՝ երկաթուղային կամրջից:

Լուսանկարը՝ Եվգենի Մալոլետկայի

Մելովոյեի նավթավերամշակման կայանի նախկին աշխատակից Վիկտորն արդեն տասը տարի է՝ թոշակի է անցել և մշտապես բնակվում է Ռուսաստանում: Սակայն վերջերս  նախորդ աշխատավայրից նրան մասնագիտական տոնի առթիվ ֆինանսական պարգև են փոխանցել: Արտասահման մեկնելու անձնագիր նա չունի, այդ պատճառով էլ փողը նրան փոխանցում է Մելովոյեում ապրող իր ընկերն ու գործընկերը: Նա Չերտկովո է գալիս շաբաթը մի քանի անգամ՝ կնոջ համար դեղորայք գնելու և տեղական շախմատային ակումբում խաղալու համար:

«Ինձ դուրս չի գալիս, իհարկե, որ հիմա չի կարելի Ուկրաինա մեկնել, – պատմում է Վիկտորը, – ես այնտեղ այնքան ընկերներ և գործընկերներ ունեմ: Նախկինում հաճախ էինք հավաքվում: Իսկ չէ՞ որ ոմանց հարազատներն էլ են այնտեղ թաղված»:

Երկու պետությունների միջև նոր կառուցված ցանկապատի հատվածը ռուսական կողմից սահմանափակ է: «Նովայա գազետան» գրել էր, որ «Ժողովուրդների բարեկամության» ռուսական հատվածը երեք կողմից Ուկրաինայով է շրջապատված, չորրորդ կողմից այն սահմանափակում է երկաթուղին, որը նույնպես ցանկապատված է: Այդ «կույրաղիքում», ըստ «Նովայա գազետայի» տեղեկատվության, ՌԴ 350 քաղաքացի է ապրում:

«Ափսոս, որ Ուկրաինան սահմանազատում արեց, – պատասխանում է տեղի բնակիչներից մեկը ցանկապատի մասին հարցին: – Մենք առաջ ձեզ մոտ հաճախ էինք գալիս, իսկ հիմա.. էլ ի՞նչ»:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Չերտկովոյում տներ կան, որոնք մինչև հիմա միացված են ուկրաինական կոմունալ ծառայություններին, և այդ պատճառով ռուսաստանցիները կոմունալ ծառայությունների համար վճարում են ուկրաինական գներով: Այդ բնակիչների մի մասը Չերտկովոյից մեկնել է վերաբնակեցման ծրագրով:

Ստեղծվել է «Մեդիացանցի» աջակցությամբ


Կարդալ ավելին JAMnews-ում