Այսպիսի եզրակացության են եկել 2018թ-ի հուլիսին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսատանցի երեք լրագրողների մահվան պատճառների անկախ հետաքննության հեղինակները" />

Ռուս լրագրողներին ծուղակն են գցել և գնդակահարել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց հրահանգով

Այսպիսի եզրակացության են եկել 2018թ-ի հուլիսին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսատանցի երեք լրագրողների մահվան պատճառների անկախ հետաքննության հեղինակները

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուսաստանցի երեք լրագրողներից մեկի՝ Ալեքսանդր Ռաստորգուևի թաղմանը։ Մոսկվա, 2018թ-ի օգոստոսի 7։ REUTERS/Մաքսիմ Շեմետով

Ռուսաստանցի լրագրողներ Օրհան Ջեմալն, Ալեքսանդր Ռաստորգուևն ու Կիրիլ Ռադչենկոն սպանվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում 2018թ-ի հուլիսին ռուսական իշխանությունների և հավանաբար անմիջականորեն Վլադիմիր Պուտինի հետ կապված անձանց հրահանգով։

Այսպիսի եզրակացության են եկել անկախ հետաքննության հեղինակները, որը տևել է ավելի քան կես տարի մի քանի երկրների լրագրողների մասնակցությամբ։ Հետաքննությունը հրապարակվել է ռուսական «Նովայա գազետայում», այն պատասխանում է բոլոր հարցերին ինչո՞ւ են լրագրողները մեկնել Աֆրիկա, ո՞վ, ինչի՞ համար և ի՞նչ հանգամանքներում է նրանց գնդակահարել։

Առաջարկում ենք հետաքննության եզրակացությունների կարճ տեսությունը։

Սպանված լրագրողներն աֆրիկյան երկրում ռուս վարձկանների մասին հետաքննություն էին իրականացնում

Ուղևորության նպատակը

Մի խումբ ռուսաստանցի լրագրողներ Կենտրոնաաֆրիկյան հանրապետություն  (ԿԱՀ) էին մեկնել՝ հաստատելու կամ հերքելու այդ երկրում ռուս վարձկանների կազմակերպված խմբի ներկայության մասին տեղեկությունները։

Ըստ ռուսական և միջազգային լրատվամիջոցների տեղեկատվության՝ ռուս վարձկանները, որոնք հայտնի են «Վագների խումբ» անվանմամբ, այդ երկրում ապահովում են ռուս ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի բիզնեսի՝ ոսկու արդյունահանման անվտանգությունը։

Ո՞վ է Եվգենի Պրիգոժինը

Եվգենի Պրիգոժինը քրեական անցյալ ունեցող պետերբուրգցի ձեռնարկատեր է։ Նրան համարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից։

Պրիգոժինը Ռուսաստանում և դրա սահաններից դուրս լայնորեն հայտնի է որպես «Պուտինի խոհարար»։ Այս մականունը նա ստացել է, քանի որ նրա ընկերությունը ռուսական ուժային կառույցներին պարեն ապահովելու հսկայական պետական կապալներ է ստանում։

Պրիգոժինին է պատկանում նաև Համացանցային հետազոտությունների գործակալությունը, որն առավել հայտնի է որպես «Տրոլերի ֆաբրիկա»։

Հենց այս գործակալությանն են մեղադրում ԱՄՆ-ում 2016թ-ի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի համար, երբ սուր մրցակցության պայմաններում իշխանության եկավ երկրի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը։

Կարո՞ղ է արդյոք պարզվել, որ ԱՄՆ նախագահը ռուս գործակալ է

Եվ հենց այդ գործակալությանն են մեղադրում 2016թ-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների վրա ազդելու փորձի համար, երբ հասարակության փաստացի պառակտման պայմաններում ձայների մեծ մասը տրվեց Եվրամիությունից Բրիտանիայի ելքի օգտին։

Ո՞վ է ցանկանում, որ Բրիտանիան լքի Եվրամիությունը, և ով՝ ոչ։ Նախապատմություն և փաստարկներ

Բացի այդ, բազմաթիվ միջազգային աղբյուրներ հաստատում են, որ Պրիգոժինի վերահսկողության տակ գտնվող «Վագների խումբը» վարձկաններ էր ուղարկել՝ Սիրիայում և Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու։

Ի՞նչ է տեղի ունեցել ԿԱՀ-ում պաշտոնական վարկած

Լրագրողների սպանությունից հետ ԿԱՀ են այցելել մի խումբ ռուս քննիչներ։ Նրանք այդ երկրում երեք օր են անցկացրել։ Նրանց աշխատանքի արդյունքները դեռ չեն հրապարակվել։

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը պնդում է, որ «լրագրողները զոհվել են կողոպուտի փորձի հետևանքով»։

Ի՞նչ է տեղի ունեցել ԿԱՀ-ում․ անկախ հետաքննության արդյունքները

Հետաքննությունների կառավարման կենտրոնի անկախ լրագրողներն ուսումնասիրել են իրենց գործընկերների մահվան հանգամանքները։ Նրանց վարկածը հետևյալն է։

Օրհան Ջեմալն, Ալեքսանդր Ռաստորգուևն ու Կիրիլ Ռադչենկոն սկսել են հետաքննել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսական ռազմական ներկայությունը Հետաքննությունների կառավարման միջազգային կենտրոնի աջակցությամբ։ Այն ֆինանսավորվում է գործարար Միխայիլ Խոդորկովսկու կողմից, որը բնակվում է Լոնդոնում և ռուսական իշխանությունների ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սուր քննադատ է։

Այդ նույն կենտրոնն էլ հենց կազմակերպել էր Ջեմալի, Ռաստորգուևի և Ռադչենկոյի մահվան հետաքննությունը։

Նախկինում Միխայիլ Խոդորկովսկին «Յուկոս» խոշոր նավթային ընկերության ղեկավարն ու Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Սակայն Պուտինի հետ նրա կոնֆլիկտը հանգեցրեց նրան, որ «Յուկոսը» պետականացվեց, իսկ Խոդորկովսկին տասը տարի անազատության մեջ անցկացրեց։

Լրագրողները ԿԱՀ-ում կապերի վերաբերյալ խնդրանքով դիմել էին իրենց գործընկեր մոսկվացի լրագրող Կիրիլ Ռոմանովսկուն։ Ռոմանովսկին աշխատում է «ՖԱՆ» ռուսական տեղեկատվական գործակալությունում, որը համարվում է Եվգենի Պրիգոժինի կառույցների հետ կապ ունեցող։

Այդ պահից սկսած՝ Ջեմալը, Ռաստորգուևն ու Ռադչենկոն դատապարվել էին, կարծում են հետաքննության հեղինակները։

Ռոմանովսկին նրանց խորհուրդ էր տվել ԿԱՀ-ում դիմել Մարտին անունով մի օգնականի։ Սակայն անկախ հետաքննությունն այն եզրակացության է եկել, որ այդպիսի մարդ երբեք գոյություն չի ունեցել, և այդ անվան տակ հանդես էր գալիս տեղի ոստիկանության աշխատակիցը, որը սերտորեն համագործակցում էր այդ երկրում «Վագների խմբի» ներկայացուցիչների հետ։

Լրագրողներին ծուղակն են գցել և գնդակահարել։ Կատարվածը ներկայացվել է որպես կողոպուտ, պնդում են անկախ հետաքննության հեղինակները։

Որպես իրենց վարկածի ապացույց Հետազոտությունների կառավարման կենտրոնի լրագրողները ներկայացրել են բազմաթիվ փաստաթղթեր և լուսանկարներ։

Առանձնահատուկ արժեք ունեն բջջային կապի օգտատերերի զանգերի ցանկերը, որոնք լրագրողներին տրամադրել են օպերատորները։

Որոշ տեղեկությունների աղբյուրները հեղինակները հրաժարվել են մատնանշել անվտանգության նկատառումներով։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում