Դա քաղաքական գործարք է լինելու, կարծում են վրացի փորձագետները" />

«Ռուսթավի-2»-ին տիրանալուց երեք շաբաթ անց նոր սեփականատերը որոշել է վաճառել ընդդիմադիր հեռուստաալիքը

Դա քաղաքական գործարք է լինելու, կարծում են վրացի փորձագետները

«Ռուսթավի-2»-ի նոր սեփականատեր, գործարար Քիբար Խալվաշին, որը մեկ ամիս դեռ չկա, ինչ տիրացել է հեռուստաընկերությանը, պատրաստվում է այն վաճառել։

Հուլիսին բազմամյա դատավարությունից հետո իշխանություններին մոտ գործարարը վերադարձրել է այդ ընդդիմադիր հեռուստաընկերության հանդեպ իր իրավունքները։ Այժմ նա ասում է, որ հեռուստաընկերությունը ծանր ֆինանսական դրության մեջ է, և նա չի կարող այն փրկել։

Փորձագետները դրանում քաղաքական որոշում են տեսնում․ ըստ ամենայնի, նոր գնորդն իշխանությանն ավելի հավատարիմ և վստահելի մարդ է լինելու։

_________________

«Ես որոշել եմ վաճառել «Ռուսթավի-2»-ը թափանցիկ մրցույթի հիման վրա նրան, ով ամենաթանկ գինը կառաջարկի», — ասված է Քիբար Խալվաշիի այսօր տարածված հայտարարությունում։

Հեռուստաընկերության 100% մասնաբաժնի տեր Խալվաշին ասում է, որ վաճառում է այն, քանի որ դրա վարկային պարտավորությունը մոտենում է 70 մլն լարիի (շուրջ $24 մլն), որից 27 մլն լարին՝ պետական բյուջեին ($9,2մլն)։

«Այսօր կան բոլոր փաստացի և իրավական հիմքերն ընկերության անվճարունակության մասին գործը վարույթ ընդունելու համար», – հայտարարել է Խալվաշին։

Քիբար Խալվաշի։ Լուսանկարը՝ Մզիա Սագանելիձե, Ռադիո Թավիսուպլեբա

Ամենավարկանիշային և իշխանությունների հանդեպ քննադատորեն տրամադրված հեռուստաընկերության վաճառքի մրցույթի ռեկորդային ժամկետներ են սահմանվել․ ինչպես նշվում է Խալվաշիի հայտարարությունւմ, մրցույթը պետք է ավարտվի մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ հեռուստաընկերությունը լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ է։

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է հաստատեն իրենց մտադրությունների լրջությունը՝ 1 մլն ԱՄՆ դոլար փոխանցելով հատուկ հաշվեհամարին։ Մրցույթում հաղթելու դեպքում երաշխիքի գումարը կներառվի վճարի գումարի մեջ, մրցույթը չշահածների գումարները կվերադարձվեն, իսկ եթե հաղթողը նախանշված ժամկետներում չվճարի ընկերության վաճառքի գումարն ամբողջությամբ, նա կկորցնի երաշխիքի գումարը։

Խալվաշին ասում է, որ պատրաստ է խոսել ցանկացածի հետ, ով պատրաստ է գնել հեռուստաընկերությունն ու դուրս բերել ճգնաժամից, բացի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից, որի ազդեցության տակ է հեռուստաընկերությունը եղել երկար տարիներ։

«Միակ մարդն, ում հետ ես մտադիր չեմ խոսել, «Ռուսթավի-2»-ի նախկին ոչ ֆորմալ սեփականատեր և ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին է», – հայտարարել է Խալվաշին։

Ծանր ֆինանսական իրավիճակի համար պատասխանատվությունը Խալվաշին ամբողջությամբ դնում է հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիայի վրա։

«Ես բազմիցս ասել եմ, որ․․․ «Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենն օգտագործել է բոլոր միջոցներն՝ ընկերությանը վնաս հասցնելու համար։ Այսօր ես լիակատար պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Նիկա Գվամարիայի մի քանի տարվա հոգածության և փայփայանքի արդյունքում «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը աղետային դրության մեջ է հայտնվել», – ասված է Խալվաշիի հայտարարությունում։

«Դա քաղաքական գործարք է լինելու»

Վրացի փորձագետներն ու քաաղաքական դիտորդները վստահ են, որ, առևտրային շահերից ելնելով, «Ռուսթավի-2»-ը ոչ ոք չի գնի, և եթե անգամ գնորդ հայտնվի, դա անպայման քաղաքական գործարք է լինելու։

Քաղաքական փորձագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով՝ Խալվաշիի հայտարարությունն այն մասին, որ նա վաճառում է հեռուստաալիքն, աբսուրդ է, քանի որ նա ինքն է հակագովազդ անում, հայտնելով «Ռուսթավի-2»-ը 70 մլն լարիի պարտքի մասին։

«Ի՞նչ է ասում Քիբար Խալվաշին։ Ես սիբիրախտով հիվանդ անասուն ունեմ, և վաճառում եմ այն 1000 լարիով։ Նրա հայտարարությունը լիակատար աբսուրդ է․․․», – ասել է Խուխաշվիլին Ինտերպրեսնյուս գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ իրավիճակը բարդացնում է այն, որ այլ հավակնորդներ էլ կան, որոնք «Ռուսթավի-2»-ի նկատմամբ իրենց իրավունքների մասին են հայտարարում և պատրաստվում են դատվել։

«Այս իրավիճակում լրիվ ապուշ պետք է լինի նա, ով որոշի գնել այդ ընկերությունը։ Հետևաբար, պարզ չէ, ինչի համար է Խալվաշին զբաղվում ընկերության հակագովազդով և միաժամանակ վաճառում այն։ Սա է այս ողջ պատմության տարօրինակությունը։ Դա անպայման քաղաքական գործարք է լինելու, որը ոչ մի ընդհանրություն չի ունենալու առևտրային տրամաբանության հետ», – ասում է Խուխաշվիլին։

Քաղաքագետ Վախթանգ Ձաբիրաձեն կարծում է, որ իշխանությունները «Ռուսթավի-2»- ի գնորդի նոր թեկնածու արդեն ունեն։

«Դա չեզոք մարդ է լինելու, սակայն անպայման իշխանությունների հետ կապ ունեցող», – կարծում է նա։

«Ռուսթավի-2»-ի շուրջ գրեթե 4 տարի շարունակվող դատավարությունն ավարտվել է հուլիսի 18-ին։ Հեռուսատաընկերությունը նոր սեփականատեր ունի։ Դա իշխանություններին մոտ գործարար Քիբար Խալվաշին է։

Այդ ամենը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանը հրապարակել է «Ռուսթավի-2»-ի գործով իր վճիռը։

Դատավարական գործընթացն ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատերերի միջև սկսվել է Վրաստանում 2012թ-ի իշխանափոխությունից հետո։ Իշխանություններն այն ներկայացնում էին որպես «մասնավոր անձանց միջև վեճ», սակայն դիտորդների համար ակնհայտ էր, որ «մասնավոր անձանց» հետևում կանգնած է երկրի գործող ղեկավարությունը, որը ձգտում է ազատվել ուժեղ ընդդիմադիր լրատվամիջոցից։

Նիկա Գվամարիան, որը գլխավորում էր ամենապոպուլյար վրացական հեռուստաալիքը յոթ տարի շարունակ, ազատվել է աշխատանքից հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ կողմից։ Այժմ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Օգոստոսի 1-ին Վրաստանի դատախազությունը հաղորդել է ծառայողական դիրքի օգտագործմամբ «Ռուսթավի-2»-ի փողերի և ունեցվածքի հնարավոր յուրացման փաստի առթիվ հետաքննություն սկսելու մասին։

Օգոստոսի 9-ին Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Գվամարիային «ձեռնարկությունում կամ այլ կազմակերպությունում շահադիտական նպատակներով ղեկավարման, ներկայացուցչական կամ այլ հատուկ լիազորությունների օգտագործման համար, որը զգալի վնաս է հասցրել»։ Այս հանցագործությունը որպես պատիժ տուգանք կամ մինչև երկու տարվա ուղղիչ աշխատանքներ, կամ վեց ամսից մինչև երկու տարվա տնային  կալանք, կամ երեքից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում։

 


Կարդալ ավելին JAMnews-ում