Ինչո՞ւ է Ուկրաինական եկեղեցին այդքան սկզբունքային հարց դարձել Ռուսաց եկեղեցու համար։ Մի քանի վարկած" />

Ռուսաց եկեղեցին խզել է հարաբերությունները հունականի հետ Ուկրաինայի եկեղեցու անկախությունը ճանաչելու համար

Ինչո՞ւ է Ուկրաինական եկեղեցին այդքան սկզբունքային հարց դարձել Ռուսաց եկեղեցու համար։ Մի քանի վարկած

Ռուսաց ուղղափառ եկեղեցին կդադարեցնի էվկարիստական շփումն Էլլադայի (հունական) եկեղեցու առաջնորդի հետ, քանի որ նա ճանաչել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան (անկախությունը), հաղորդում է ռուսական «Նովայա գազետան»։

Այսուհետ Ռուսաց եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը ժամերգությունների ընթացքում չի հիշատակելու հույն արքեպիսկոպոսին, ինչպես և չի հիշատակում Կոստանդնուպոլսի պատրիարքին։

Ինչպես հաղորդել է Ռուսաց պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը, Ռուսաց եկեղեցին ռուս ուխտագնացներին խորհուրդ չի տալու այցելել Էլլադայի եկեղեցու այն հայրապետների թեմերը, որոնք սատարել են Ուկրաինական եկեղեցու ճանաչման մասին որոշմանը։

Մեկնաբանություն․ եկեղեցին և հասարակությունը Վրաստանում․ հարկադրանքը չափազանց շատ չէ՞

Գահախաղ։ Ի՞նչ է տեղի ունենում Վրաց եկեղեցում

Պատրիարք Կիրիլը։ REUTERS 

Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան․ հարցի նախապատմությունը 

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու անկախության ճանաչման մասին որոշումն Էլլադայի արքեպիսկոպոսարանի հայրապետական ժողովն ընդունել է 2019թ-ի հոկտեմբերի կեսին Աթենքում։

Մինչ այդ, 2019 թ-ի հունվարին Ստամբուլում պաշտոնապես ձևակերպվել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան։ Կոստանդնուպոլսի եկեղեցու առաջնորդ պատրիարք Բարդուղիմեոսը ստորագրել է տոմոս՝  հրաման Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կարգավիճակի մասին։ Այն ճանաչում և հռչակում է դրա անկախությունը։

Այդպիսով, Ուկրաինական եկեղեցին կրկին անկախություն է ձեռք բերել 1686 թ-ից հետո, երբ դարձել էր Ռուսաց ուղղափառ եկեղեցու մի մասը։

Ավելի վաղ Ուկրաինան ուներ երեք ուղղափառ եկեղեցի․ Մոսկվայի պատրիարքության Ուկրաինական ուղղափառ եկեղեցին, Կիևի պատրիարքության եկեղեցին և Ուկրաինայի ավտոկեֆալ եկեղեցին։

Վերջին երկուսը պաշտոնապես չէր ճանաչում ոչ մի ուղղափառ եկեղեցի, իսկ Մոսկովյան պատրիարքության եկեղեցին ենթարկվում էր Մոսկվային։

2018թ-ի վերջին հայտարարվել է միասնական Ուկրաինական եկեղեցու ստեղծման մասին։

Ռուսաց ուղղափառ եկեղեցին կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելուն և մինչև հիմա չի ճանաչում այն։ Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի հայտարարումից անմիջապես հետո Ռուսաց եկեղեցին խզել է կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ։

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի ստանալը համարում էր իր գլխավոր քաղաքական ձեռքբերումներից մեկը։ Նա բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համար անկախություն ձեռք բերելն ազգային ինքնության և ազգային անվտանգության բաղկացուցիչ է։

Ինչո՞ւ է Ուկրաինական եկեղեցին այդքան սկզբունքային հարց դարձել Ռուսաց եկեղեցու համար

Ուկրաինական եկեղեցին մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար մի քանի պատճառներով։

Առաջինն ու թերևս հիմնականը՝ քաղաքականն է: Ուկրաինական ավտոկեֆալիան էլ ավելի կնվազեցնի Ուկրաինայի վրա ռուսական ազդեցությունը: Ռուսական հասարակությունում դա ընկալվում է որպես Մոսկվայի քաղաքականության պարտություն, ինչը բնավ շահեկան չէ Կրեմլի համար, որի պրոպագանդան վերջին ժամանակներս ամբողջությամբ կառուցվում է Ուկրաինայում տարած «հաղթանակի» վրա:

Երկրորդ պատճառը հսկայական կարողությունն է, որն ունի ուկրաինական եկեղեցին և որը տնօրինում է ռուսական եկեղեցին: Ուկրաինայում գործում է ավելի քան 12 հազար եկեղեցի և հոգևոր հաստատություն, ինչը կազմում է ռուսական եկեղեցու ընդհանուր ունեցվածքի կեսը:

Երրորդ և ոչ պակաս կարևոր պատճառը պատմական և խորհրդանշական է: Ռուսաստանն ու ռուսական եկեղեցին իրենց պատմության հաշվարկը վարում են հենց Կիևի իշխան Վլադիմիրի կողմից Կիևյան Ռուսիան քրիստոնեական դարձնելու պահից: Այսպիսով, Ռուսաստանը չի պատրաստվում ուկրաինական եկեղեցուն զիջել այդ կարևոր պատմական ժառանգությունը:

Ռուսաստանն արդեն Կոստանդնուպոլսի հետ կապեր խզելու փորձ ունի: Պատճառը կրկին նախկին ռուսական մետրոպոլիան էր, որը Ռուսաստանը չէր ցանկանում կորցնել: Դա տեղի է ունեցել 1996թ-ին, երբ Կոստանդնուպոլիսը ճանաչել է Էստոնական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան: Այն ժամանակ Մոսկվայի և Կոստանդնուպոլսի միջև հարաբերությունների խզումը մի քանի ամիս տևեց: Սակայն Էստոնիան Ուկրաինա չէ, որի հանդեպ Ռուսաստանը մինչև հիմա հատուկ սեփականատիրական զգացմունքներ ունի:

«Մենք երբեք չենք համաձայնի մեր եկեղեցու սուրբ կանոնական սահմանների փոփոխությանը, քանի որ Կիևը սուրբ Ռուսիայի հոգևոր օրրանն է, ինչպես Մծխեթան՝ Վրաստանի և Կոսովոն՝ Սերբիայի համար», – հայտարարել է Ռուսաստանի պատրիարք Կիրիլը դեռ 2016թ-ին:

«Անկախ ուկրաինական եկեղեցու ստեղծմամբ ռուսական կայսրական նախագիծը պարզապես կավարտվի: Եթե Ռուսաստանի պատմությունը չսկսվի Կիևյան Ռուսիայից և Վլադիմիր իշխանի փառաբանությունից, ապա ինչի՞ց այն պետք է սկսվի: Ո՞րտեղից պետք է Ռուսաստանը սկսի հաշվարկել իր պատմությունը: Ոսկե հորդայի՞ց», — Բի-Բի-Սիին տված հարցազրույցում հայտարարել է Կիևի պատրիարքարանի ներկայացուցիչ եպիսկոպոս Եվստատին:


Կարդալ ավելին JAMnews-ում