Իշխանությունները հակասական տեղեկատվություն են հաղորդում ռադիոակտիվ վարակի մասին և մեղադրում արտաքին ուժերին իրավիճակը սրելու համար " />

Ռուսաստան․ Խորհրդավոր միջուկային միջադեպ

Իշխանությունները հակասական տեղեկատվություն են հաղորդում ռադիոակտիվ վարակի մասին և մեղադրում արտաքին ուժերին իրավիճակը սրելու համար

Օգոստոսի 8-ին Սպիտակ ծովի ջրային տարածքի ծովային պլատֆորմում՝ Արխանգելսկի շրջանի Նենոկս գյուղի մոտ, նոր զենքի փորձարկումները ողբերգական ավարտ են ունեցել․ յոթ մարդ է զոհվել, փորձարկման մասնակիցներից 6-15 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է «Նովայա գազետան»։

Հակասական տեղեկություններ

Փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթյունի մասին հաղորդումներից անմիջապես հետո պաշտպանության նախարարությունը սկսել է հերքել, թե շրջակա միջավայր արտանետումներ են կատարվել և ռադիացիոն ֆոնը բարձրացել է։

Միայն օգոստոսի 9-ի գիշերն է «Ռոսատոմը» պաշտոնապես հաստատել միջուկային փորձարկումների անցկացումը՝ հաղորդելով հինգ մասնագետների մահվան մասին։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է երկու զինծառայողի մահը։

Եվ միայն 3 օր անց են հրապարակվել ռադիացիոն ֆոնի մասին պաշտոնական տվյալները․ պայթյունից հետո նորման գերազանցվել է 4-16 անգամ։

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը ռադիացիոն ախտահարման մասնագիտացում ունեցող մոսկովյան կլինիկա է եկել արխանգելսկի 10 բժիշկ, որոնք առաջին օգնություն են ցուցաբերել պայթյունից տուժածներին։ Ըստ չհաստատված տվյալների՝ բժիշկները, որոնք ռադիացիայի չափաբաժին ստացած հիվանդների հետ են աշխատել, այժմ իրենք էլ պետք է հետազոտություն անցնեն։

Չկայացած տարհանում

Փորձարկման վայրին ամենամոտ գտնվող Նենոկս գյուղի բնակիչները լրագրողներին հաղորդել են, որ զինվորականներն իրնեց հայտարարել են սպասվող տարհանման մասին։

Մեկնաբանություն տալու խնդրանքին պաշտպանության նախարարությունում սկզբից պատասխանել են, որ բնակիչներին առաջարկել են չտարհանվել, այլ «ինքնակամ մեկնել», քանի որ պայթյունի վայրում «վտանգավոր աշխատանքներ» են սպասվում, սակայն այդ պլանից նույնպես հրաժարվել են, քանի որ աշխատանքները չեղարկվել են։

Նենոկս գյուղի բնակիչները։ Լուսանկարը՝ Վկոնտակտե

Ի՞նչն է պայթել

«Ռոսատոմի» հաղորդագրության համաձայն, «սնուցման ռադիոիզոտոպային շարժիչի» պայթյուն է տեղի ունեցել։ Դրան հանգեցրել է «ողբերգական պատահականությունների շղթան»։

Արխանգելսկի մարզի պատահարն իր Թվիթերում հիշատակել է ԱՄՆ նախագահ Թրամփը, որը հաղորդել է, որ, ըստ ամենայնի, վթարը տեղի է ունեցել նոր զենքի փորձարկման ժամանակ։

Ռուս և արտասահմանցի փորձագետներն այն կարծիքին են, որ հավանաբար խոսքը միջուկային շարժիչ կայանով «Բուրեվեստնիկ» նոր բալիստիկ հրթիռի մասին է։ Այդ զենքի մշակման մասին առաջին անգամ անցյալ տարի հաղորդել է նախագահ Պուտինը։

Իշխանությունների արձագանքը

Արխանգելսկի շրջանի մարզպետ Իգոր Օռլովը հեռուստահարցազրույցի ժամանակ շրջանում տիրող իրավիճակի շուրջ գույների խտացման համար մեղադրել է ինչ-որ արտաքին ուժերի․

«Այն, թե ինչպես էին ճոխացրել իրավիճակը, այն, թե ինչ նպատակային և համակարգային էին փորձում խուճապ առաջացնել մարդկանց գլխներում և հասարակությունում ընդհանուր առմամբ, ակնհայտ մարտահրավեր է, որի հետ մենք բախվել ենք»։

«Ինչո՞ւ գյուղի տարհանում անհրաժեշտ չէ։ Շատ պարզ է․ այնտեղ մարդիկ չկան։ Նրանց, ովքեր այնտեղ ապրում են, իշխանությունները մարդ չեն համարում», – այսպես է Նենոկսի չկայացած տարհանումը մեկնաբանել հայտնի լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ Լև Շլոսբերգը։


Կարդալ ավելին JAMnews-ում