Ընդդեմ անարդար ընտրությունների բազմամսյա ցույցերի առաջնորդներն այժմ պետք է ռեստորանին երեք հազար դոլար վճարեն" />

Թե ինչպես «Արմենիա» մոսկովյան ռեստորանը հաղթեց ռուսական ընդդիմությանը

Ընդդեմ անարդար ընտրությունների բազմամսյա ցույցերի առաջնորդներն այժմ պետք է ռեստորանին երեք հազար դոլար վճարեն

Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը հաղթել է տեղի ընդդիմությանը, որը մի քանի ամիս բազմահազարանոց ցույցեր էր անում՝ պահանջելով անկախ թեկնածուներին թույլ տալ մասնակցել տեղական ընտրություններին։

Ռեստորանը, որը տեղակայման առումով գտնվում է ցույցերի էպիկենտրոնում, միակն էր Մոսկվայում, որն օգոստոսին դատի էր տվել կազմակերպիչներին՝ ընդդիմադիր առաջնորդներ Նավալնուն, Սոբոլին և Յաշինին։

Եվ ահա հրապարակվել է դատարանի վճիռը․ ցույցերի կազմակերպիչները ռեստորանի տերերին պետք է վճարեն 241,5 հազար ռուբլի [մոտ $3,000]։

Մոսկովյան ընտրություններ՝ նինձա կրիաներով և այլ հերոսներով

Մեկնաբանություն։ Ռուսաստան․ ընտրություններն ավարտվել են, սկսվել է ամենահետաքրքիրը

Մոսկվա․ բազմամյա ազատազրկում թվիթների և բողոքի ցույցերին մասնակցելու համար

Ինչպես գրում է «Լենտաչ» պարբերականը, ռեստորանի ներկայացուցիչը պնդում էր, որ հուլիսի 27-ին՝ ամենամասշտաբային ցույցի օրն, ավելի քան 550 հազար [շուրջ $8,500] եկամուտ է կորցրել։ Մասնավորապես, ինչպես հայցում նշել են ռեստորանի ներկայացուցիչներն, այդ օրը պլանավորված էր (և ցույցի պատճառով ձախողվել էր) 40-հոգանոց խնջույք՝ 396 հազար ընդհանուր արժողությամբ [շուրջ $6,000]։

Պատասխանողների փաստաբանները պնդել են, որ «Արմենիան» ոչ մի կերպ չի հիմնավորել, թե ինչու է ռեստորանը ստիպված եղել փակվել։ Նրանք նշել են նաև, որ խնջույքի արժեքի տպած պատճենը չի կարելի համարել վնասի թույլատրելի ապացույց։

Բացի այդ, ըստ պաշտպանների հաշվարկի, նման հայտարարագրված գումարի դեպքում խնջույքի յուրաքանչյուր այցելու պետք է ուտեր նվազագույնը չորս կիլոգրամ ուտելիք։

Սակայն «Արմենիայի» ներկայացուցիչը հայտարարել է, որ «խնջույքի համար դա շատ չէ», և դատավորը նրա հետ համաձայնել է։

Երբ ռեստորանը հայց է ներկայացրել դատարան, ի պատասխան հազարավոր օգտատերեր սկսել են բացասական գնահատակալ դնել դրա ֆեյսբուքյան էջին և այնքան են իջեցրել դրա վարկանիշը (հինգից երկու բալ), որ ռեստորանն ընդհանրապետ ստիպված է եղել փակել էջը։ Այս մասին պատմել է «Կոմերսանտ» թերթը։

Ռուսաստան․ դրախտ գողերի համա՞ր

Մեկնաբանություն․ Ռուսաստանի գլխավոր խնդիրը 2024 թվականն է, երբ Պուտինը պետք է հեռանա նախագահի պաշտոնից

Ակցիայի օրը՝ հուլիսի 27-ին, ոստիկանությունը 1,373 մարդ է բերման ենթարկել, տասնյակները ծեծվել են առանձնակի դաժանությամբ։

Մոսկովյան լրագրող Սերգեյ Եժովը պատմել է, որ ընկերությունը, որին պատկանում է «Արմենիան», վերջերս է պայմանագիր ստացել ՌԴ ՆԳՆ-ից։

Օգոստոսի 22-ին ևս մեկ հայց է ներկայացվել Ալեքսեյ Նավալնու և Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված մի քանի թեկնածուների դեմ։ Այն Մոսկվայի մետրոպոլիտենից է։

_______________________________________

Մոսկվայում և Պետերբուրգում յուրաքանչյուր շաբաթ հուլիսի 20-ից ընդհուպ մինչև սեպտեմբերի 8-ը ցույցեր էին անցկացվում։ Մեծ մասամբ ակցիաներն արտոնված չէին իշխանությունների կողմից, այդ պատճառով էլ դրանք ուղեկցվում էին մասնակիցների զանգվածային ծեծով և կալանքով։

Ամենացցուն դեպքերից մեկը դարձավ լրագրող Իլյա Ազարի կալանքը, որին ոստիկանները տարել էին բնակարանից, որում մենակ էր մնացել նրա երկու տարեկան աղջիկը։

Ամենազանգվածային ցույցը կայացել է օգոստոսի 10-ին, Մոսկվայում ակցիային մասնակցում էր ավելի քան 60 հազար մարդ։

Ցույցերի մի քանի մասնակիցներ արդեն 2-5 տարվա ազատազրկման են դատապարտվել այնպիսի զանցանքների համար, ինչպես «թվիթի հրապարակումը», «աղբամանը ոստիկանի ուղղությամբ նետելը», «ոստիկանի սաղավարտին դիպչելը»։

Ընտրությունների արդյունքները․

•Մոսկվայում, որտեղ քաղաքային խորհրդարանի (Մոսկվայի քաղաքային դումա) պատգամավորներ էին ընտրվում, իշխանությունները չկարողացան մեծամասնություն ստանալ։  45-ից 20 տեղը ստացել են ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների առաջադրած թեկնածուները։ Նախորդ ընտրություններին նման ընտրատարածքներն ընդամենը յոթն էին։

•Սակայն Ռուսաստանի բոլոր 16 սուբյեկտներում, որտեղ մարզպետ էր ընտրվում, ընտրվել են շրջանների գործող ղեկավարները, որոնց Կրեմլն էր նշանակել։


Կարդալ ավելին JAMnews-ում