Նավերն անհետանում են ռադարներից, Uber-ն ու Google maps-ը մարդկանց սխալ տեղ են տանում " />

Ռուսաստանում, հնարավոր է, խեղաթյուրում են GPS տվյալները Պուտինի անցուդարձը թաքցնելու համար

Նավերն անհետանում են ռադարներից, Uber-ն ու Google maps-ը մարդկանց սխալ տեղ են տանում

Անհետացած նավը

Այս տարվա հունիսին կապիտան Գուրվան Լը Մեուրն իր առևտրային նավն ուղղում էր դեպի ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ: Ինչ-որ պահի ինչ-որ մի բան է տեղի ունենում, և նրա նավն անհետանում է ռադարներից:

«Սկզբից մենք տագնապի ազդանշան լսեցինք, – CNN-ի թղթակցին պատմել է Լը Մեուրը: – Մենք արագ հայտնաբերեցինք, որ մեր նավի գտնվելու վայրը, որը ցույց էր տալիս GPS-ը, տարբերվում էր իրականից 20 ծովային մղոնով»:

Տագնապն աշխատել է այն պատճառով, որ նավի նավիգացիոն համակարգը, որը GPS-ի հիման վրա է աշխատում, ցույց էր տալիս, որ այն ոչ թե ծովում է, այլ Գելենջիկի օդանավակայանի տարածքում:

Լը Մեուրն այդ մասին հայտնել է ԱՄՆ ափային պահպանությանը: Դրա ներկայացուցիչներն ավելի ուշ հայտնել են, որ ավելի քան 20 նավ, GPS-ի տվյալների համաձայն, այդ պահին նույնպես գտնվել է Գելենջիկի օդանավակայանում:

Փորձագետները պնդում են, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ինչ-որ մեկը միտումնավոր խանգարել է GPS-ի աշխատանքը: Համակարգը ոչ միայն խաթարվել է, այլ դիտավորյալ մոլորության մեջ է գցվել: Իսկ ո՞վ է կանգնած այս դեպքի ետևում: Ամեն ինչ ցույց է տալիս, որ  GPS-ի աշխատանքին միջամտությունը տեղի է ունենում Ռուսաստանի տարածքից:

Նման դեպքեր

2017թ-ին կտրուկ աճել է Ռուսաստանի տարածքում GPS-ի աշխատանքի խաթարման դեպքերի քանակը: Windward ընկերության վերլուծաբաններն ավելի քան 450 դեպք են գրանցել, երբ ռադարների տվյալները չեն համընկել նավերի իրական գտնվելու վայրի հետ: Հաճախ ռադարները ցույց են տվել, որ նավերը գտնվում են Սանկտ Պետերբուրգի, Սոչիի կամ Գելենջիկի օդանավակայանների տարածքներում:

2016թ-ին Uber-ի և Google maps-ի օգտատերերը մի քանի անգամ հաղորդել են հավելվածների աշխատանքի նման խաթարումների մասին: Երբ մարդիկ գտնվել են Կրեմլի տարածքում, հավելվածները ցույց են տվել, իբր նրանք գտնվում են Վնուկովո օդանավակայանում, որը Մոսկվայի ծայրամասում է:

2016թ-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նրա մոտ նույնպես պարբերաբար խեղաթյուրվում է GPS ազդանշանը, երբ նա մեքենայում է: Այլևս ոչ մի մեկնաբանություն ռուսական կողմից չի եղել:

Ի՞նչ են ասում փորձագետները

Որոշ փորձագետներ պնդում են, որ այդ խաթարումներին անմասն չեն ռուսական իշխանությունները: Դա, ինչպես կարծում են նրանք, արվում է Վլալդիմիր Պուտինի տեղաշարժը թաքցնելու նպատակով:

«Արդյո՞ք ես համարում եմ, որ GPSի աշխատանքի այդ խախտումները Ռուսաստանում արտոնված են իշխանության կողմից, – CNN-ին պատմել է Օսթինի Տեխասի համալսարանի դասախոս Թոդ Համֆրիսը: – Ես կասեմ, որ ավելի շատ հիմքեր ունեմ «այո» ասելու, քան «ոչ»»:

Համֆրիսը, հիմնվելով իր սեփական հետազոտությունների վրա, պնդում է, որ GPS-ը շատ հեշտ է խաբել: 2013թ-ին նա ինքն է փորձարկում անցկացրել ցույց տալու համար, թե որքան խոցելի է GPS-ը: Նախապես պայմանավորվելով 80մլն դոլար արժողությամբ զբոսանավի տիրոջ հետ, նա այնպես է արել, որ, դուրս գալով ծով, այն չի հայտնվել ռադարների վրա: Միաժամանակ ափային ազդանշանը նույնպես չի աշխատել:

Բրեդ Փարքինսոնը GPS-ի հիմնական մշակողներից մեկն է: Նա է ղեկավարել այդ համակարգի օգտագործմամբ ինքնաթիռի առաջին «կույր» վայրէջքը:

«Այսօր բավականին շատ են GPS ընդունիչները, որոնց շատ հեշտ է խաբել, – ասում է նա: Դրանց անվտանգությունը հնարավոր էր կատարելագործել մշակման ժամանակ, սակայն, անկեծղ ասած, այդպիսի բան չի արվել: Դրանում պարզապես տնտեսական անհրաժեշտություն չի եղել»:


Կարդալ ավելին JAMnews-ում