Հարցեր և պատասխաններ. որո՞նք են իշխանության փաստարկները և ինչ է լինելու" />

Ռուսաստանում ավելացել է կենսաթոշակային տարիքն, ու աճել են հարկերը: Ինչո՞ւ են ոչ պոպուլյար որոշումներ կայացվել

Հարցեր և պատասխաններ. որո՞նք են իշխանության փաստարկները և ինչ է լինելու

Կանայք զբոսնում են Մոսկվայի Գոգոլի անվան պուրակում: Լուսանկարը՝ REUTERS/Lucy Nicholson

Նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից գրեթե մեկ ամիս անց իշխանությունները վճռել են ծայրահեղ ոչ պոպուլյար միջոցներ ձեռնարկել. ավելացրել են կենսաթոշակային տարիքն ու այն հարկը, որն ազդում է բոլոր սպառողական ապրանքների գների վրա: Ո՞րն է նման քայլի պատճառը:

•  Ի՞նչ սպասի Ռուսաստանն ու աշխարհը Վլադիմիր Պուտինի հաղթանակից 

Հարկերը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն առաջարկել է ավելացնել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)՝ այն 18-ից դարձնելով 20%: Ըստ ամենայնի՝ 20% հարկը կսկսի գործել 2019թ-ից, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

ԱԱՀ-ն տարբեր ապրանք արտադրողներից պետության գանձած հարկն է: Հարկը հաշվի է առնվում արտադրողի կողմից արտադրանքի արժեքը հաշվարկելիս, հետևաբար, հարկի մեծության փոփոխությունն ազդում է սպառողի համար նախատեսված գնի վրա:

Երկու տոկոսով ԱԱՀ բարձրացումը ռուսական տնտեսության ներկայիս պայմաններում կարող է մեկ տոկոս գների աճի բերել: Փորձագետները պնդում են, որ, քանի որ Ռուսաստանի բնակչության եկամուտները չեն աճում, գների աճը կհանգեցնի որոշ ապրանքատեսակների պահանջարկի նվազեցմանը:

Կենսաթոշակները

ԱԱՀ ավելացմանը զուգահեռ Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել ավելացնել կենսաթոշակային տարիքը:

  • Տղամարդկանց կենսաթոշակային տարիքը մոտակա 10 տարվա ընթացքում 60-ից կբարձրացվի 65:
  • Կանանց կենսաթոշակային տարիքը կաճի 8 տարով և 2034թ-ին կկազմի 63 տարի:

Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդի բյուջեն արդեն մի քանի տարի է, ինչ չի լցվում, և կառավարությունն, ըստ ամենայնի, փորձում է այդ կերպ հավասարակշռել այն: Այն, որ տղամարդկանց և կանանց կենսաթոշակային տարիքների միջև տարբերությունը կրճատվում է, ռուսական իշխանությունները փաստարկում են «հասարակությունում կնոջ կարգավիճակի փոփոխմամբ» և «ընտանիքի անդամների վրա կենցաղային ծանրաբեռնվածության հավասար բաշխմամբ»:

Ռուսաստանում կյանքի միջին տևողությունը կազմում է 77 տարի կանանց համար և 66 տարի՝ տղամարդկանց համար:

 

Ռուսական կենսաթոշակի միջին չափը 120-140 եվրո է: Նախկին պատգամավորներինը, պաշտոնյաներինն ու իրավապահ մարմինների աշխատակիցներինը 10-15 անգամ բարձր է:

Պատճառներն ու հետևանքները

Ռուսական իշխանությունները պնդում են, որ մի քանի տարուց կարելի է տնտեսության վրա այս միջոցների դրական ազդեցությունը զգալ:

Սակայն ԱԱՀ բարձրացման հետևանքով վայրկենական գների աճ տեղի կունենա, իսկ կենսաթոշակային տարիքի բարձրացումը ռուսաստանցիներից շատերի համար ողբերգություն կլինի. նրանք երկար տարիներ ցածր վարձատրվող աշխատանք են կատարել հենց կենսաթոշակի հույսով:

Փորձագետներից շատերի կարծիքով՝ այդպիսի ոչ պոպուլյար միջոցների գլխավոր պատճառը ռուսական տնտեսության բարդ վիճակն է, որը չի կարող աճ գրանցել արդեն մի քանի տարի շարունակ: Դա գլխավորապես երկու հիմնարար գործընթացի՝ Ղրիմի բռնակցման և ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու համար միջազգային պատժամիջոցների և ռուսական արտահանման գլխավոր ապրանքներ հանդիսացող նավթի և գազի գների անկման արդյունք է:

Դժգոհություններ հասարակությունում

Կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին իշխանությունները հայտարարել են ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը, որն այժմ անցկացվում է Ռուսաստանում: Բառացիորեն միանգամից արհմիությունների համառուսական միավորումը բողոքի առցանց հանրագիր ստեղծեց: Դրա տեքստում ասվում է, որ «Ռուսաստանում կենսաթոշակային տարիքի բարձրացման համար այսօր հիմքեր չկան»:

Այսօրվա դրությամբ կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ հանրագիրը գրեթե մեկուկես միլիոն մարդ է ստորագրել:

Ռուսաստանի նախագահի վարչակազմը վախենում է այդ ոչ պոպուլյար միջոցի պատճառով հնարավոր ցույցերից և պատրաստվում է մեղմել բարեփոխումը, գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:


Կարդալ ավելին JAMnews-ում