Պրահայում բանակցությունների ավարտից հետո կսկսվի 2011թ-ին ստորագրված համաձայնագրի գործնական իրագործումը" />

Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են սահմանին բեռների մոնիթորինգ սկսել՝ ներառյալ աբխազական և հարավօսական հատվածը

Պրահայում բանակցությունների ավարտից հետո կսկսվի 2011թ-ին ստորագրված համաձայնագրի գործնական իրագործումը

Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են գործարկել 2011թ-ին ստորագրած համաձայնագիրը, որը երկու երկրների միջև «առևտրայինմիջանցքների» ստեղծում և երրորդ կողմի իրականացմամբ բեռների տեղաշարժի վերահսկողություն է ենթադրում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ռուսական «Կոմերսանտ»պարբերականին:

Այդ փաստաթղթի համաձայն՝ մոնիթորինգը պետք է իրականացվի ռուս-վրացական սահմանի և՛ աբխազական, և՛ հարավօսական հատվածներում:

Ինչպես հայտարարել է Աբաշիձեն Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից հետո, կողմերը պայմանավորվել են գործել «փոքր քայլերի մեթոդով» և քննարկել միայն այն հարցերը, որոնք իրականում կարելի է լուծել՝ «կարմիր գծերը չհատելով»:

«Մենք որոշել ենք գործարկել 2011թ-ի պայմանագիրը, որը թույլ է տալիս մեր երկրներին առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերություններ զարգացնել», – «Կոմերսանտին» հաղորդել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը:

Համաձայնագիրը հաստատել է նաև Գրիգորի Կարասինը:

Ռուս դիվանագետի խոսքով, Շվեյցարիայի իշխանությունների ներկայացուցիչները Մոսկվա և Թբիլիսի կայցելեն մարտի վերջին չլուծված մնացած հարցերը քննարկելու համար: Նախևառաջ բոլոր կողմերը պետք է կողմնորոշվեն, թե որտեղ են տեղակայված լինելու մաքսակետերը: Դրանից հետո Ռուսաստանն ու Վրաստանը պետք է համաձայնագիր կնքեն շվեյցարական SGS ընկերության հետ: «Մենք պատրաստ ենք դա անել, գործնական ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել: Այժմ կշարունակենք շարժվել այն ուղղությամբ, որ այդ ամեն ինչն աշխատի»,  – վստահեցրել է Գրիգորի Կարասինը:

Զուրաբ Աբաշիձեի հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն, որը վրացական պատվիրակությունն է գլխավորել 2011թ-ին: Նա վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, թե որքան դանդաղ է գնում համաձայնագրի իրականացումը: «Անհասկանալի է, թե ինչ դանդաղ քայլերի մասին է խոսքը, երբ համաձայնագրի ստորագրումից արդեն 5 տարի է անցել», – գրել է Կապանաձեն իր ֆեյսբուքյան էջում:

  • «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրվել է 2011թ-ի նոյեմբերի 9-ին: Այն նախապայման է դարձել Վրաստանի համաձայնության  համար, որպեսզի Ռուսաստանը մտնի Համաշխարհային առևտրային կազմակերպություն: Թբիլիսին համաձայնության դիմաց այն ժամանակ պահանջում էր սահմանի աբխազական և հարավօսական հատվածներում (Պսոու գետի և Ռոկիի թունելի հատվածներ) վերահսկել բեռների տեղաշարժը:
  • Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի և Աբխազիայի միջև երեք «առևտրային միջանցք» է ստեղծվում: Դրանցից մեկը ներառում է Աբխազիայի տարածքը, երկրորդը՝ նախկին Հարավօսական ինքնավար շրջանի, երրորդը՝ Վերին Լարս անցակետի տարածքը: Այդ միջանցքներ մտնող և այդտեղից դուրս եկող բեռները պետք է վերահսկվեն հրավիրված ընկերության ներկայացուցիչների կողմից, որոնք պետք է տեղեկատվությունը փոխանցեն Թբիլիսիին և Մոսկվային: Հետևաբար, վերահսկողությունն իրականացվելու է սահմանի և՛ աբխազական, և՛ հարավօսական հատվածներում՝ Ռոկիի թունելի և Պսոու գետի մերձակայքում: Այդ առաքելության իրականացման համար կողմերն ընտրել են շվեյցարական ընկերություն:
  • Ռուսաստանի և Վրաստանի կողմից ստորագրված փաստաթղթում նշված չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքական կարգավիճակը:

 

 Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն:

 


Կարդալ ավելին JAMnews-ում