Ադրբեջանի համար դա բյուջետային փողերից 10 մլրդ դոլարի ծախս է նշանակում" />

Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանում ատոմակայան կառուցել։ Շատերը կարծում են, որ դա պետք է միայն Ռուսաստանին

Ադրբեջանի համար դա բյուջետային փողերից 10 մլրդ դոլարի ծախս է նշանակում

Ադրբեջանում ատոմային էլեկտրակայան է առաջարկել կառուցել ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ Դրա ղեկավարների կարծիքով՝ այդ կերպ Ադրբեջանը կարող է տնտեսել գազը և ավելացնել արտասահմանին դրա մատակարարումը։ Այդ առաջարկի պաշտոնական արձագանքը դեռ չկա, իսկ փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը վիճում են, թե արդյոք երկրին անհրաժեշտ է ատոմակայան։

Բլեքաութն Ադրբեջանոււմ․ ինչպե՞ս եղավ

Երևանում տրանսպորտային բարեփոխման մասին․ փոփոխությունները շուտ չեն լինելու

Հին թեմա

Այժմ էլեկտրաէներգիայի 90%-ն Ադրբեջանը ստանում է՝ ջերմաէլեկտրակայաններում գազ այրելով։ Մնացած 10%-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները։

Ադրբեջանում ԱԷԿ շինարարության մասին խոսվում էր դեռ ԽՍՀՄ տարիներին։ Նույնիսկ վայրն էր ընտրվել՝ Բաքվից ոչ հեռու, և հիմքը գցվել։ Սակայն այն բանից հետո, երբ 1986թ-ին վթար տեղի ունեցավ Չեռնոբիլի ԱԷԿ-ում, այդ պլաններից հրաժարվեցին։

Եվ ահա այժմ Ռուսաստանն կրկին առաջարկում է Ադրբեջանին մտածել ԱԷԿ-ի մասին՝ միաժամանակ հիշեցնելով, որ երկրում էլեկտրականության սպառումը 2018թ-ին ավելացել է 14%-ով։

ԱԷԿ-ի շինարարությունն Ադրբեջանի համար կարժենա շուրջ 10 մլրդ դոլար, – հաշվարկել է Ռուսաստանի ատոմային էներգետիկայի նախկին փոխնախարար Բուլատ Նիգմատուլինը։ Դա հսկայական գումար է, սակայն այն, ըստ Նիգմատուլինի, կարելի է փոխառությամբ վերցնել հենց Ռուսաստանից․

«Ռուսաստանն այդ նպատակների համար կարող է 3-4 տարով վարկ տրամադրել, և դուք ձեր էներգակիրների արտահանման հաշվին հանգիստ կարող եք մարել այն։ Իսկ կայանի կառուցման բոլոր ծախսերը դուրս կգան արդեն 10-12 տարուց»։

Ատոմակայանների դրական և բացասական կողմերը

ՋԷԿ-ի համեմատ ԱԷԿ-ի գլխավոր առավելությունն այն է, որ այն գրեթե կախված չէ վառելիքի աղբյուրներից (նավթ, գազ, ածուխ)։ Այդ պատճառով էլ ԱԷԿ-ները հարմար են այն երկրներն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, որտեղ վառելիքը քիչ է կամ այն չափազանց թանկ է։

ՀԷԿ-երը, որոնք կախված են գետերի ջրի մակարդակից և բնության այլ քմահաճույքներից, չեն կարող մրցակցել ԱԷԿ-ների և ՋԷԿ-երի հետ։

Համարվում է նաև, որ ԱԷԿ-ն ավելի քիչ է աղտոտում բնությունը։

ԱԷԿ-ի գլխավոր թերությունն այն է, որ այն շատ վտանգավոր է։ Ակնառու օրինակներ են պայթյունները Չեռնոբիլում և Ֆուկուսիմայում։ Բացի այդ, ԱԷԿ-ի շահութաբերությունը շատերի մոտ կասկածներ է առաջացնում։

Փորձագետների մեկնաբանությունները․ թանկ է և վտանգավոր

Նավթագազային էներգետիկայի ոլորտի փորձագետ Իլհամ Շաբանը վստահ է, որ մոտակա 40 տարում Ադրբեջանին ատոմակայան պետք չէ, և ընդհանրապես դա շատ թանկ արժե․

«Չէ՞ որ պետք է նաև հաշվի առնել, որ անձնակազմին նախապատրաստելու վրա շուրջ յոթ տարի կծախսվի։ Ինչի՞ համար է դա պետք։ Դրա համար, որ մտնենք ատոմային էներգետիկա օգտագործող երկրների ցանկի մե՞ջ»։

Աշխարհում այժմ 31 այդպիսի երկիր կա։ Իտալիան լքել է այդ ցուցակը դեռևս 1990 թ-ին՝ Չեռնոբիլի ողբերգությունից վախենալով։ Բելգիան, Գերմանիան, Իսպանիան և մյուս երկրները նույնպես մտադիր են ապագայում հրաժարվել միջուկային էներգիայից։

Տեղի շատ փորձագետներ կարծում են, որ ԱԷԿ-ը Ռուսաստանի հորինած հերթական առիթն է՝ Ադրբեջանի հաշվին փող աշխատելու և երկիրն իրեն կապելու համար։

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև․

«Կարծես, Պուտինին կրկին փող է պետք։ Պարբերաբար Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառում ռազմական տեխնիկա՝ ակնհայտ բարձր գնով։ Ընդ որում, բոլորը նախապես վստահ են, որ մենք այդ տեխնիկան չենք օգտագործելու։ Սակայն ստիպված ենք գնել, քանի որ դա այնպիսի առաջարկ է, որից հնարավոր չէ հրաժարվել։ Եվ Ադրբեջանում մեր իսկ հարկատուների փողերով ԱԷԿ կառուցելու առաջարկը նույն շարքից է։ Ամեն ինչից զատ, Ադրբեջանում ռուսական ԱԷԿ-ի կառուցումն Ադրբեջանին կախվածության մեջ է գցում Ռուսաստանից։ Մենք բավականաչափ մասնագետներ չունենք այդ կայանի սպասարկման համար, չունենք ուրանի և միջուկային այլ վառելիքի պաշարներ, ինչպես նաև դրա հարստացման տեխնիկա։ Այդ ամենը ստիպված ենք լինելու Ռուսաստանից վերցնել, որպեսզի անորոշ ապագայում ինչ-որ կերպ հանենք շինարարության ծախսերը։

Բացի այդ, մայրաքաղաքի մոտակայքում ԱԷԿ-ի առկայությունը երկիրը խոցելի է դարձնում ռազմական առումով։ Այդ ժամանակ ստիպված ենք լինելու կրկին զենիթահրթիռային համալիրներ գնել՝ կրկին ռուսական արտադրության, որպեսզի կայանը պաշտպանենք հնարավոր հարվածներից։ Մի խոսքով, Ադրբեջանը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի այդ առաջարկին։ Եթե մեզ լրացուցիչ էլեկտրաէներգիա անհրաժեշտ լինի, կարող ենք գնել այն Ռուսաստանից կամ Իրանից»։

Իսկ կոնֆլիկտաբան Ավազ Հասանովը կարծում է, որ չի կարելի հույսը դնել միայն նավթի և գազի վրա, իսկ ԱԷԿ-ի առկայությունն Ադրբեջանին չի խանգարի։ 


Կարդալ ավելին JAMnews-ում