Մանրամասներ․ ո՞ւմ են փոխանակում յուրաքանչյուր կողմից, ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ է դա նշանակում" />

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 35-ական բանտարկյալների փոխանակում է կատարվել

Մանրամասներ․ ո՞ւմ են փոխանակում յուրաքանչյուր կողմից, ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ է դա նշանակում

Ռուսաստանը և Ուկրաինան բանտարկյալներով են փոխանակվել «35-ը 35-ի դիմաց» սխեմայով, ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան։

Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի կողմից ազատ արձակված ուկրաինացիներով ինքնաթիռը։

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան է ժամանել Ուկրաինայի կողմից ազատ արձակված ռոսաստանցիներով ինքնաթիռը։

Կիևի թռիչքուղում ուկրաինացիներին դիմավորել են նրանց հարազատներն, ինչպես նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Առաջինն ինքնաթիռից իջել են 24 ուկրաինացի նավաստիները։ Նրանք ձերբակալվել էին Կերչի նեղուցում 2018թ-ի նոյեմբերի 25-ին ուկրաինական և ռուսական ռազմանավերի միջև բախման ժամանակ։ Նրանք մեղադրվում են սահմանի ապօրինի հատման համար։ Վերադարձածների թվում են քաղբանտարկյալներ Ալեքսեյ Սիզոնովիչն, Օլեգ Սենցովն, Ալեքսանդր Կոլչենկոն, Պավել Գրիբը, Նիկոլայ Կարպյուկը, Ստանիսլավ Կլիխը, Վլադիմիր Բալուխը, Ռոման Սուշչենկոն, Էդեմ Բեկիրովը, Արթուր Պանովը և Եվգենի Պանովը։

• Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը քիչ էր մնացել մահանար ռուսական բանտում

• «Տրանսպորտային պատերազմն» Ուկրաինայի և Ռուաստանի միջև խորանում է։ Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ սպասել

Սեպտեմբերի 5-ին Կիևում կալանքից ազատել էին Վլադիմիր Ցեմախին՝ խոցված մալայզիական «Բոինգի» գործով կարևորագույն վկային։

Նա Դոնբասում 2015թ-ին անջատողականների հակաօդային պաշտպանության պետն է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգությունը։

Հետագայում Ցեմախն առևանգվել է այնտեղից ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և կալանավորվել։

Ենթադրաբար, ցուցակներում նրան ներառելը պնդել է Ռուսաստանը, և դա է դարձել գործարքի ձգձգման պատճառ։

Նիդերլանդների արտգործնախարարությունը հայտարարել է, որ ուշադիր ուսումնասիրելու է Ցեմախի ազատ արձակման բոլոր հանգամանքները։ Այդ երկիրն է քննում խոցված «Բոինգի» գործը, և քննիչներն Ուկրաինային էին դիմել նրան հարցաքննելու թույլտվություն տալու համար։

___________________________

11.30, սեպտեմբերի 7

Մեկշաբաթյա ուշացումով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկված անձանց փոխանակումը սկսվել է։

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ռազմագերի նավաստիների փաստաբան Նիկոլայ Պոլոզովը պաշտոնապես հաղորդել է, որ Մոսկվայի մեկուսարանից 23 ուկրաինացի նավաստի է դուրս բերվել, որոնք բանտում էին 2018-ի նոյեմբերից, հաղորդում է ուկրաինական «Հրոմադսկոյե» ալիքը։

Էլ ո՞վ է Ուկրաինային փոխանցվելու, դեռ հայտնի չէ։ Սակայն «Հոմադսկոյեն» հաղորդել է, որ Կիևում օմբուդսմենի գրասենյակից դուրս են եկել ռուսական բանտերում գտնվող քաղբանտարկյալների՝ Պավել Գրիբի, Օլեգ Սենցովի, Ալեքսանդր Կոլչենկոյի, Եվգենի Պանովի և այլոց հարազատները։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում կալանքի տակ գտնվող ռուսաստանցիներին, որոնց կփոխանակեն ուկրաինացիների հետ, ըստ նախնական վարկածի, նրանք պետք է մեկնեն «Բորիսպոլ» ռազմական օդանավակայանից։ Նրանց թվում է լրագրող Կիրիլ Վիշինսկին է, պնդում է փաստաբանը։

Մոսկովյան օդանավակայաններից մեկում սպասվում է Կիևից մեկնած օդանավի վայրէջքը (ընդ որում, երկու երկրների միջև անմիջական ավիահաղորդակցություն չկա)։

Իսկ Կիևին, ըստ Flightradar կայքի, մոտենում է Ռուսաստանի նախագահի ամառային ջոկատի ինքնաթիռը։

Ովքե՞ր են ուկրաինացի քաղբանտարկյալները Ռուսաստաանում

• 24 ուկրանացի ռազմանավաստի։ Նրանք ձերբակալվել են 2018-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ուկրաինական և ռուսական ռազմանավերի միջև բախման ժամանակ։ Նրանք մեղադրվում են սահմանի ապօրինի հատման համար։

• Օլեգ Սենցով։ Ուկրաինացի կինոռեժիսոր և գրող։ Կալանավորվել է 2014թ-ի գարնանը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ժամանակ։ 2015թ-ի օգոստոսին դատապարտվել է խիստ ռեժիմի գաղութում 20 տարվա ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով։

Սենցովն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մի շարք միջազգային իրավապաշտպան և կինեմատոգրաֆիստական կազմակերպություններ նրան աջակցություն են հայտնել։

2018թ-ի մայիսին գաղութում Օլեգ Սենցովն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին։ Հացադուլը տևել է 145 օր։

• Վլադիմիր Բալուխ, Ղրիմի բնակիչ, ֆերմեր, ուկրաինամետ ակտիվիստ, որը 2014թ-ից միայն Ուկրաինայի քաղաքացի է և հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից։ 2016թ-ի նոյեմբերի 29-ին իր տան վրա կախել է «Երկնային հարյուրյակի հերոսների փողոց» ցուցանակը։

Դեկտեմբերի 8-ին կալանավորվել է զենքի ապօրինի պահպանման, ավելի ուշ՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության համար։ Դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը նրան քաղբանտարկյալ է ճանաչել։

• Նիկոլայ Կարպյուկ․ ուկրաինացի հասարակական և քաղաքական գործիչ, ՈւՆԱ-ՈւՆՍՕ կուսակցության նախկին փոխնախագահ։ 2014-ին ձերբակալվել է Ռուսաստան մտնելիս և մեղադրվել դաշնային զորքերի դեմ հանցագործությունների համար, որոնք կատարել է առաջին չեչենական պատերազմի ժամանակ։ 2016լթ-ի մայիսին դատապարտվել է 22,5 տարվա բանտարկության։ Ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը Նիկոլայ Կարպյուկին քաղբանտարկյալ է ճանաչել։

• Պավել Գրիբ, 19-ամյա ուկրաինացի ուսանող, որը 2017թ-ի սեպտեմբերին կորել է Բելառուսի տարածքում։ Ինչպես պարզվել է, նա այնտեղ էր մեկնել մի աղջկա հետ հանդիպելու, որի հետ նամակագրության մեջ էր։

Բելառուսում ձերբակալվել է և տեղափոխվել ռուսական Կրասնոդար քաղաքի բանտ։ Գրիբը մեղադրվել է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ իբր նա իր ծանոթ  աղջկան դրդել է ինքնաշեն ռումբ պայթեցնել ռուսական դպրոցի ավարտական հավաքույթի ժամանակ։

Ընդհանուր առմամբ, ըստ Կիևի տվյալների, Ռուսաստանում Ուկրաինայի մինչև 70 քաղաքացի կա, որոնք ձերբակալվել կամ դատապարտվել են քաղաքական շարժառիթներով։

Բանտարկյալներն Ուկրաինայում, որոնցով իր քաղաքացիներին փոխանակում է Կիևը

Նրանք, ըստ տարբեր աղբյուրների, ընդհանուր առմամբ 33-35 հոգի են։ Բացառությամբ մեկի, բոլորը մասնակցել են Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտությանն ու ձերբակալվել՝ մեծ մասը զենքը ձեռքին։

Միակ քաղաքացիական անձը՝ լրագրող Վիշինսկին, Կիևում ՌԻԱ ռուսական տեղեկատվական գործակալության ներկայացուցչության ղեկավարն է։

Նա կալանավորվել է «Դոնբասի հակամարտությունն արդարացնող տեղեկությունների տարածման ճանապարհով պետական դավաճանության համար»։ Երեք օր առաջ Վիշինսկին բանտից տնային կալանքի է անցել անհայտ անձի անձնական երաշխավորությամբ։

Բանտարկյալների և գերիների փոխանակման առաջին փորձը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռնարկվել է օգոստոսի 30-ի գիշերը։

30-ի գիշերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օգոստոսի 30-ի գիշերը բանտարկյալների փոխանակում է սկսվել։ Ինչպես հաղորդում էր Հրոմադսկոյեն, վկայակոչելով տարբեր աղբյուրներ, Ռուսաստանում բանտարկության մեջ գտնվող ուկրաինացիների մի մասն արդեն Ուկրաինայի ճանապարհին էր։ Սակայն իշխանությունները դեռ պաշտոնապես դա չէին հաստատում։

«Փոխանակումն ավարտվել է․ նավաստիները, Սենցովը, Կարպյուկը, Բալուխը, Գրիբը տուն են մեկնում», – այս հաղորդագրությունը տարածել էր Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան։ 

«Փոխանակումը դեռ չի ավարտվել, գործընթացը շարունակվում է», – հաղորդել էին Ուկրաինայի նախագահի գրասենյակից և Անվտանգության ծառայությունից։

«Փոխանակման մեկնարկի համար ևս որոշ ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման համար», – հաղորդում էր ռուսական «Ինտերֆաքս» պետական գործակալության աղբյուրը։

Ուկրաինացի նավաստիներից մեկի փաստաբան Այդեր Ազամատովը Հրոմադսկոյեին հաստատել էր, որ Ռուսաստանում բանտարկության մեջ գտնվող ուկրաինացի նավաստիներին գիշերը Կիև են տարել։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանտարկյալների փոխանակման հույս ունի, սակայն հավելել էր, որ դա կմեկնաբանեն միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտվի։ Հրոմադսկոյեի թղթակիցը Դանիլյուկին հանդիպել էր «Բորիսպոլ» օդանավակայանում։

REUTERS/Valentyn Ogirenko 


Կարդալ ավելին JAMnews-ում