Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կարգավորման պլան են առաջարկում" />

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Սիրիայի հարցը

Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կարգավորման պլան են առաջարկում

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, Սոչիում հանդիպել են նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանն ու Հասան Ռոհանին: Դա այդ կազմով առաջին հանդիպումն էր:

Երկժամյա բանակցություններից հետո Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները համատեղ մամուլի ասուլիս են տվել:

Վլադիմիր Պուտինն ասուլիսին պատմել է, որ գլխավորն, ինչի շուրջ պայմանավորվել են Էրդողանի և Ռոհանիի հետ, Սիրիայում խաղաղ կարգավորման վերաբերյալ կոնգրեսի անցկացումն է: Անցկացման ենթադրյալ վայրը Սոչին է: Նա ընդգծել է, որ կոնգրեսին պետք է ներկայացված լինեն սիրիական հակամարտության բոլոր կողմերը:

Պուտինը հաղորդել է, որ կոնգրեսի հիմնական նպատակը պետք է լինի սիրիական համազգային խնդիրների քննարկումը, նոր սահմանադրության մշակումն ու դրա հիման վրա ՄԱԿ վերահսկողության տակ ընտրությունների անցկացումը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշվի հենց սիրիացիների կողմից՝ ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության», – ընդգծել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև բանակցությունները շարունակվելու են:

Դրանից երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Պուտինի խոսքով՝ Ասադն աջակցում է կոնգրեսի և նոր ընտրությունների գաղափարին:

Երեկվա բանակցություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծել Ռուսաստանն ու նրա նախագահը: Տեղեկատվություն այն մասին, թե արդյոք այդ հարցը քննարկվել է Սոչիում, բացակայում է:


Կարդալ ավելին JAMnews-ում