ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան և դժվարացրել դրա ֆինանսավորումը «Սկրիպալների գործի» պատճառով" />

Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներ՝ քիմիական զենքի կիրառման պատճառաբանությամբ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան և դժվարացրել դրա ֆինանսավորումը «Սկրիպալների գործի» պատճառով

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ քիմիական զենք օգտագործելու պատճառով, հաղորդում է Բի-Բի-Սին։

Ի՞նչ պատժամիջոցներ են

Ռուսական իշխանությունների համար կտրուկ բարդացել է Արևմուտքից գումար փոխառելը։ Ամերիկյան բանկերին ուղղակիորեն արգելվել է մասնակցել ռուբլուց բացի այլ ցանկացած արժույթով ռուսական հարկային թղթերով գործարքների։ 

Բացի այդ, Վաշինգտոնը դեմ է հանդես գալու Ռուսաստանին ցանկացած վարկի, ֆինանսական կամ տեխնիկական օգնության տրամադրմանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օրինակ՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։

Նոր արգելքներ են մտցվում նաև Ռուսաստան ժամանակակից տեխնոլոլգիաների և սարքավորումների արտահանման համար։

Ինչո՞ւ են մտցվել պատժամիջոցները։ Սկրիպալների գործը

Ինչպես Թվիթերում գրել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը, նոր պատժամիջոցների կիրառումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն «իր վրա պատասխանատվություն չի վերցրել Սկրիպալների թունավորման համար և չի հրաժարվել քիմիական զենքի կիրառումից»։

2018թ-ի մարտի 4-ին Ռուսաստանի պետական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան թունավորվել են նյարդապարալիտիկ նյութով բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Շրջակա միջավայրի թունավորման պատճառով տուժել է նվազագույնը ևս երկու մարդ, մի կին մահացել է։

Բրիտանիան պնդում է, որ Սկրիպալների թունավորմանը մասնակից է Ռուսաստանը։ Մոսկվան դա կտրականապես հերքում է՝ նշելով, որ բրիտանական կողմը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել։

Պատժամիջոցների հետևանքներն ու դրանց չեղարկման պայմանները

ԱՄՆ Պետդեպում համարում են, որ նոր պատժամիջոցների կիրառման հետևանքով Ռուսաստանի և ԱՄՆ առևտրային կապերը կարող են միլիարդավոր դոլարներով կրճատվել։

Պատժամիջոցները կարող են չեղարկվել այն պայմանով, եթե Ռուսաստանը միջազգային տեսուչների վերահսկողության տակ երաշխավորի քիմիական զենքից հրաժարում ու համաձայնի փոխհատուցում վճարել թունավորումից տուժածներին։


Կարդալ ավելին JAMnews-ում