Մարիա Զախարովան անդրադարձել է վրաց-ռուսական հարաբերությունների մի քանի ցավոտ հարցերի" />

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ. «Վերջապես Վրաստանը ճանաչեց, որ օսերն ու աբխազներն իրենց քաղաքացիները չեն»

Մարիա Զախարովան անդրադարձել է վրաց-ռուսական հարաբերությունների մի քանի ցավոտ հարցերի

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները անշեղորեն բարելավվում են: Այս մասին ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երբ 2012 թ-ին «Վրացական երազանքը» ռուս-վրացական հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու հետաքրքրվածություն հայտնեց, մենք անմիջապես արձագանքեցինք դրան: Սկսվեց կարգավորման գործընթաց, ինչը մի քանի տարվա ընթացքում դրական արդյունքներ տվեց», — հայտարարել է Զախարովան:

«Դոժդին» տված հարցազրույցում Զախարովան բավականին շատ է խոսել Վրաստանի մասին և անդրադարձել է մի քանի հստակ հարցերի:

Թաթունաշվիլիի գործը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն Արչիլ Թաթունաշվիլիի՝ Վրաստանի քաղաքացու գործը, որը վերջերս է չպարզված հանգամանքներում մահացել Հարավային Օսիայի միլիցիայում, «անցանկալի միջադեպ» է անվանել: Նա կարծում է, որ այն չի փչացնի այն դրական արդյունքները, որոնք կան Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում վերջին տարիներին:

«Վրաստանում և Վրաստանի սահմաններից դուրս շատերին դուր չի գալիս երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նրանք շահարկում են Թաթունաշվիլիի գործը, սակայն, չնայած ցինիկ պրոպագանդիստական շահարկումներին, նրանց չհաջողվեց հարաբերություններում ետընթաց գրանցել», — հայտարարել է Զախարովան:

 Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլին ձերբակալվել է Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների կողմից 2018թ-ի փետրվարի 22-ին: Հաջորդ օրը չպարզված հանգամանքներում Թաթունաշվիլին մահացել է:

Վրացական լրատվամիջոցները

Որոշ անգաժավորված վրացական լրատվամիջոցներ աշխատում են այն ուղղությամբ, որ վրացիների մեջ Ռուսաստանի քաղաքականության և հենց Ռուսաստանի հանդեպ ատելություն սերմանեն, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվում, ասել է Զախարովան:

Վրաստանի կառավարության 9 քայլը իշխանության 6 տարիների ընթացքում՝ ուղված Ռուսաստանի հետ հարաբերությունների շտկմանը

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Վրաստանում ավանդաբար ներքաղաքական քննարկումների գլխավոր թեման են: Վրացական լրատվամիջոցների մեծ մասը բոլոր դժբախտությունների համար մեղադրում է Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ պատմական հակամարտությունների կարգավորման համար իրական ելք գտնենլու փոխարեն, հայտարարել է Զախարովան:

«Հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են զգացել այն ջերմությունը, որով վրացիներն ընդունում են ռուսներին: Այլ բան է «Օկուպացված տարածքների մասին օրենքը»: Մինչև այդ օրենքը չչեղարկվի, ոչ ոք ապահովագրված չէ սադրանքներից, և մենք պարտավոր ենք այդ մասին զգուշացնել մեր քաղաքացիներին», — հայտարարել է Զախարովան:

Մետաղալարե ցանկապատեր

Զախարովան պնդում է, որ Հարավային Օսիան վաղուց է Վրաստանին առաջարկում «վերստուգել գոյություն ունեցող քարտեզներն ու միասին որոշել, թե որ հատվածով է անցնում սահմանագիծը» Հարավային Օսիայի և Վրաստանի միջև».

«Տեղի բնակչության համար կարևոր է, որպեսզի այդ գիծն իրոք գոյություն ունենա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սահմանը խախտելուց խուսափելու համար»:

Սակայն, նրա կարծիքով, Վրաստանը չի ցանկանում ընդունել այդ առաջարկը, «իբր մշտապես տեղաշարժվող սահմանի վերաբերյալ շահարկումների  մշտական թեմա ունենալու համար»: Այդ պատճառով էլ Հարավային Օսիան ստիպված է միակողմանի ռեժիմով աշխատել սահմանագծման վրա:

Այդ առիթով վրացական կողմի բողոքները Զախարովան «վարձու ստատիստների շոու» է անվանել:

 Վրաստանի նոր խաղաղ պլանի մասին

Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներն իրենց Վրաստանի քաղաքացի չեն համարում և չեն ցանկանում ապագայում դառնալ: «Քայլ դեպի ավելի լավ ապագա» նոր խաղաղ պլանը, որը վերջերս է Վրաստանը հրապարակել, փաստացի ճանաչում է այդ իրողությունն, ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ այդ փաստաթուղթն աբխազներին և օսերին առաջարկում է օգտվել վրացական պետական ծրագրերից՝ չպահանջելով Վրաստանի քաղաքացիություն ընդունել:

«Թբիլիսին հերթական խաղաղ նախաձեռնությամբ է հանդես եկել… Տեքստում հատկապես ընդգծվում է. Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության մասնակցությունը վրացական ծրագրերում, նրանց համար սահմանված արտոնությունները, չեն նշանակում, որ նրանք պետք է վրացական քաղաքացիություն ստանան: Այդպիսով, պաշտոնական Թբիլիսին, վերջապես, խոստովանեց այն, ինչ վաղուց է պարզ. Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները Վրաստանի քաղաքացիներ չեն և չեն ցանկանում Վրաստանի քաղաքացիություն ստանալ նույնիսկ մեծ արտոնությունների գնով»,հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այդ փաստը հույս է ներշնչում, որ Վրաստանը վերջնականապես կհամակերպվի այդ իրողության հետ, «դա բոլորի համար լավագույն ելքը կլինի»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 4-ին կոնֆլիկտային շրջանների վերաբերյալ նոր խաղաղ նախաձեռնությամբ հանդես եկավ: «Քայլ դեպի ավելի լավ ապագա». այսպես է այն կոչվում:

Նախաձեռնությունը ենթադրում է մի շարք առաջարկներ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին: Դրանք վերաբերում են առևտրին, տնտեսական գործունեությանն ու կրթությանը. բացի այդ, նրանց առաջարկվում է, ինչպես Վրաստանի քաղաքացիներին, Եվրոպայի երկրների հետ ազատ առևտուր և առանց վիզայի մուտք Եվրամիության երկրներ:


Կարդալ ավելին JAMnews-ում