Սպորտի պատմության մեջ խոշորագույն կեղծիքի դետեկտիվ պատմությունը" />

Ռուսաստանը չի մասնակցում 2018թ-ի Օլիմպիադային: Ինչպե՞ս աշխարհն իմացավ ռուսական սպորտում կիրառվող դոպինգի մասին

Սպորտի պատմության մեջ խոշորագույն կեղծիքի դետեկտիվ պատմությունը

Սոչիի Օլիմպիական այգին, Ռուսաստան, 2017թ-ի ապրիլ: REUTERS/Maxim Shemetov

Դեկտեմբերի 5-ին կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նստաշրջանը: Որոշում է ընդունվել. Ռուսաստանի հավաքականը Փխենչխանում 2018թ-ին կայանալիք Օլիմպիական խաղերին չի մասնակցելու: «Մաքուր» մարզիկները, որոնք չեն կասկածվում դոպինգ ընդունելու համար, կարող են մասնակցել օլիմպիական դրոշի ներքո:

Սակայն ռուսական հիմնն ու պետական խորհրդանիշներն արգելված են: ՄՕԿ-ում ռուսական Օլիմպիական կոմիտեի մասնակցությունը կասեցվել է:

Նման աննախադեպ դաժան որոշման պատճառն այն է, որ Ռուսաստանը հրաժարվում է ընդունել այն փաստը, որ երկրում գործել է սպորտում դոպինգի կիրառման աջակցության պետական ծրագիր:

 

Դոպինգային սկանդալի պատմությունը

1980թ-ին Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան ՄՕԿ-ից հավատարմագրում և իրավունք էր ստացել Օլիմպիական խաղերի համար նմուշների անալիզներ անցկացնել Օլիմպիադա-80-ի մեկնարկից բառացիորեն մի քանի օր առաջ, որն անցկացվում էր Մոսկվայում:

2005թ-ին քիմիական գիտությունների թեկնածու Գրիգորի Ռոդչենկովը գլխավորեց այդ լաբորատորիան:

2014թ-ի Օլիմպիական խաղերին Հակադոպինգային կենտրոնը (Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նոր անվանումը) հատուկ լաբորատորիա կազմակերպեց Սոչիում, որը նույնպես Ռոդչենկովն էր գլխավորում:

2015թ-ի նոյեմբերի 11-ին Ռոդչենկովը Հակադեպինգային կենտրոնի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (ՀՀԴԳ) նրան մեղադրեց ռուսաստանցի օլիմպիականների ավելի քան հազար դոպինգ-նմուշների միտումնավոր ոչնչացման համար:

Հրաժարականից երկու ամիս անց, ինչպես պնդում է Ռոդչենկովն, «անձնական անվտանգության նկատառումներով» նա մեկնեց Ռուսաստանից:

2016թ-ի փետրվարին՝ նրա մեկնելուց անմիջապես հետո, Ռոդչենկովի երկու գործընկերները հանկարծամահ եղան: Ռուսական հակադոպինգային գործակալությունում (ՌՀԴԳ) ղեկավար պաշտոններ զբաղեցնող Վյաչեսլավ Սինյովն ու Նիկիտա Կամաևը մահացան համապատասխանաբար 50 և 51 տարեկան հասակում: Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ Կամաևը մահացել է սրտի կաթվածից, իսկ Սինյովի մահվան պատճառը նախկինի պես անհայտ է:

Հետագայում Ռոդչենկովը խոսում էր այն մասին, որ Ռուսաստանից մեկնելուց առաջ իրեն սպառնացել են, պատմում է NYT-ը:

2016թ-ին Գրիգորի Ռոդչենկովը The New York Times-ի թղթակիցների հետ զրույցում պատմել է, որ Սոչիի Օլիմպիադայի ժամանակ ռուսական սպորտային իշխանությունները մի համակարգ էին մշակել, որի շնորհիվ ռուս մարզիկները դոպինգ էին օգտագործում, իսկ հակադոպինգային լաբորատորիան միտումնավոր դա թաքցնում էր:

«Հաղթանակի կոկտեյլը»

Ռոդչենկովի խոսքով, բազմամյա հետազոտությունների արդյունքում նա 3 արգելված նյութից կոկտեյլ է հնարել և տվել այն տասնյակ ռուս մարզիկների: Գիշերները Սոչիի լաբորատորիայում աշխատում էին հատուկ պատրաստված մարդիկ, որոնք գերգաղտնի պայմաններում փոխում էին ռուս օլիմպիացիների մեզի «կեղտոտ» նմուշները «մաքուրներով», որոնք վերցված էին մի քանի ամիս առաջ:

Ռոդչենկովը պնդում էր, որ հակադոպինգային կանոնների շրջանցման նման համակարգն արտոնված էր սպորտի նախարարության և անձամբ Վիտալի Մուտկոյի կողմից, որն այն ժամանակ նախարարության ղեկավարն էր: Այդ հակաօրինական գործողություններն իրականացնելու գործում Հակադոպինգային կենտրոնի աշխատակիցներին օգնում էին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Այդ հարցազրույցի հրապարակման օրը Ռոդչենկովն ամերիկացի կինովավերագրող Բրայան Ֆոգելի հետ միասին, որն օգնել էր նրան մեկնել Ռուսաստանից և ամեն կերպ աջակցում էր դոպինգային սկանդալի մանրամասների բացահայտմանը, առաջարկել էին Համաշխարհային հակադոպինգային գործակալությանն ու ՄՕԿ-ին կիսվել Ռուսաստանի կողմից հակադոպինգային կանոնների խախտման մասին իրենց ունեցած տեղեկատվությամբ:

Այժմ Ռոդչենկովը գտնվում է ամերիկյան իշխանությունների պաշպանության տակ, քանի որ ՀՀԴԳ ինֆորմատոր է: Նրա գտնվելու վայրը չի բարձրաձայնվում: Ռուսաստանում Ռոդչենկովի հանդեպ քրեական գործ է հարուցվել:

NYT-ի 2016թ-ի հրամարակումից մեկ շաբաթ անց հայտնի է դարձել, որ ՀՀԴԳ-ն հրավիրել է կանադացի իրավաբան Ռիչարդ Մաքլարենին ղեկավարել Գրիգորի Ռոդչենկովի առաջադրած մեղադրանքների հետաքննման հանձնաժողովը:

Մաքլարենի հանձնաժողովն ուսումնասիրել է ռուսաստանցի մարզիկների մեզի մի քանի կոնտեյներ, որոնք պահվում են Շվեյցարիայում: Բոլոր տարաների վրա կափրիչների ներքին կողմից խազեր են հայտնաբերվել, ինչն անուղղակի ապացույց է, որ նմուշները կեղծել են:

Հանձնաժողովի գլխավոր նպատակը ոչ թե ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտագործման հստակ դեպքեր բացահայտելն էր, այլ պարզելը, թե իրոք Օլիմպիադայի կանոնները խախտվել են ռուսական իշխանությունների ակտիվ մասնակցությամբ:

Հետաքննության արդյունքները Ռուսաստանի համար սփոփիչ չէին: Մաքլարենի ամփոփիչ զեկույցում ասվում էր, որ Ռոդչենկովի մեղադրանքները ճիշտ  են:

Քանի որ Մաքլարենի հանձնաժողովի աշխատանքի արդյունքները հաստատեցին հակադոպինգային կանոնների խախտմանը ռուս պաշտոնյաների մասնակցությունը, ՄՕԿ-ը բավականին կոշտ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հանդեպ. պարաօլիմպիական հավաքականն ամբողջությամբ հեռացվեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիադայից: Մի շարք ռուսաստանցի մարզիկներ զրկվեցին Սոչիում նվաճած մեդալներից: Որոշ մարզիկներ ընդմիշտ որակազրկվեցին:

Ռուսական իշխանությունները զեկույցին արձագանքեցին մի քանի մանր պաշտոնյաների հեռացնելով, բայց ոչ ավելին:

Սոչիում Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կողմից դոպինգի կիրառման քննարկման նոր ալիքն առաջացավ այն բանից մեկ շաբաթ առաջ, երբ NYT—ը հրապարակեց Ռոդչենկովի այն ժամանակվա օրագրերը, երբ նա գլխավորում էր Հակադոպինգային կենտրոնը և ակտիվորեն պատրաստվում Սոչիի Օլիմպիադային:

Իսկ 2 օր առաջ հրապարակվել են Ռոդչենկովի նոր մեկնաբանությունները, որոնցում նա պնդում է, որ ռուսական սպորտային պաշտոնյաները փորձել են ոչ միայն թաքցնել սեփական մարզիկների դոպինգի կիրառումն, այլ նաև կեղծել արտասահմանցի մարզիկների նմուշները:  Ռոդչենկովը պատմել է, թե ինչպես է սպորտի փոխնախարար Յուրի Նագորնիխն իրեն խնդրել փոխարինել ուկարինացի երկամարտիկ Վիտա Սեմերենկոյի «մաքուր» նմուշները:


Կարդալ ավելին JAMnews-ում