Այս տեղեկատվությունը հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարն ու հաստատել՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը " />

Ռուսաստանը կշարունակի Հայաստանին զենք մատակարարել

Այս տեղեկատվությունը հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարն ու հաստատել՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը

Ռուսաստանը կշարունակի Հայաստանին զենք մատակարարել 100 մլն դոլարի  վարկային պայմանագրի շրջանակում: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը.

«100 միլիոն արժողությամբ վարկի շրջանակում մատակարարումների իրացումն ընթացքի մեջ է»:

Միաժամանակ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանը զինամթերք է գնում ոչ միայն Ռուսաստանից և Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ անդամներից, այլ նաև այլ երկրներից:

Տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը կարող է դադարել զենք մատակարարել Հայաստանին, հայտնվել էր «Կոմերսանտ» թերթում: Պարբերականը վկայակոչում էր իր աղբյուրները.

 «Ըստ ՌԴ պաշտպանական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ-մենեջերների՝ պայմանագրերի երկրորդ փաթեթի իրացումը, որի արդյունքում Հայաստանը պետք է 100 մլն դոլարի չափով վարկ ստանար, այժմ «մեծ հարցականի տակ է»:

Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունները կապված էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի հետ:

Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են 2008թ-ի «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Երևանի փողոցներում այն ժամանակ բողոքի ակցիաներ էին ընթանում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Այն ժամանակվա իշխանություններն արտակարգ դրություն հայտարարեցին, զորքեր մտցրին: Ցույցը ցրելու ժամանակ մարտի 1-ի գիշերը մարտական զենք կիրառվեց, զոհվեց 10 մարդ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցելու փաստը դուր չի եկել Մոսկվային: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին իրենց նախորդներին հետապնդելու համար: Այդ ֆոնին ակտիվացել են խոսսակցություններն այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում ավարտին հասցնել վարկային համաձայնագրով նախատեսված զենքի մատակարարումը:

Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիորեն հավասարակշռված պատասխանով հանդես եկավ, որն, ըստ ամենայնի, հանգստացրեց Մոսկվային.

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան»:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը «հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումն է»:

Դրանից հետո արդեն Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, որն Հայաստանում էր գտնվում, ասել է, որ զենքի մատակարարումից հրաժարվելու մասին լուրերը «ոչ կոռեկտ տեղեկատվություն են», մատակարարումը կշարունակվի:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում