Ռեպորտաժ աշխարհի ամենամիավվարակակիր տարածաշրջաններից մեկից" />

Ռուսաստանը դառնում է ՄԻԱՎ տարածման կենտրոններից մեկը

Ռեպորտաժ աշխարհի ամենամիավվարակակիր տարածաշրջաններից մեկից

Ռուսաստանը ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Միջինում 87 ռուսաստանցի է տարեկան մահանում ՁԻԱՀ-ից: Ռուսաստանի մեկ միլիոն քաղաքացի ՄԻԱՎ-վարակակիր է: Խնդիրը, որի վրա աչք են փակում Ռուսաստանում, որոշ շրջաններում արդեն համաճարակի բնույթ է սկսել կրել:

Այդ շրջաններից մեկն Իրկուտսկի շրջանն է: Այնտեղ 33.5 հազար ՄԻԱՎ-վարակակիր մարդ է ապրում: Շրջանը Ռուսաստանում առաջիններից մեկն է վարակի տարածման տեմպերով: «Նովայա գազետայի» թղթակիցներն այցելել են Իրկուտսկի շրջան և իմացել, թե ով և ինչպես է այդ շրջանում պայքարում հիվանդության դեմ:

Պայքար վարակի դեմ՝ պետական մակարդակով

Իրկուտսկում ՁԻԱՀ դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնը բացվել է 1989թ-ին: Սակայն հիվանդության դեմ իրական պայքարով զբաղվել են արտասահմանյան կազմակերպությունները՝ Սորոսի հիմնադրամը, «Բժիշկներ առանց սահմանների»-ն, Ամերիկյան Կարմիր Խաչը: Նրանց օգնությունն ինչ-որ կերպ թույլ էր տալիս պայքարել ՄԻԱՎ դեմ:

Սակայն 2012թ-ին իրավիճակը փոխվեց: Այն բանից հետո, երբ Ռուսաստանում ընդունվեց «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքը, որը թույլ էր տալիս արտասահանյան գործակալ անվանել և սահմանափակել ցանկացած ոչ առևտրային կազմակերպության իրավունքները, որոնք ֆինանսական օգնություն էին ստանում արտասահմանից: Այդ ժամանակ Իրկուտսկից հեռացավ UNAIDS-ը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի ՄԱԿ միացյալ ծրագիրը: Նրան հետևեցին նաև մնացածները:

ՄԻԱՎ դեմ պայքարի տեղական կազմակերպությունները

ՄԻԱՎ դեմ պայքարի և կանխարգելման պետական կենտրոններից բացի շրջանում մնացին միայն փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ խնդրով: Օրինակ, «Նավիգատորը», որը զբաղվում է թմրանյութերից կախվածություն ունեցողներին ստերիլ ներարկիչներ տրամադրելով:

«Նավիգատորը» բացել է Ալեքսեյը, որը ՄԻԱՎ-ով է վարակվել 90-ականներին: Նա այն ժամանակ հերոինային թմրամոլ էր և վարակվել էր այն պատճառով, որ կրկնակի էր օգտագործել ներարկիչը:

Ալեքսեյը կարծում է, որ ժամանակն է, որ բոլորն ազատվեն այն կարծրատիպից, թե ՄԻԱՎ-ը վարակ է, որը գոյություն ունի բացառապես մարգինալ շրջանակներում: Ըստ նրա՝ Իրկուտսկում վարակվելու դեպքերի երկու երրորդը տեղի է ունենում կնոջ և տղամարդու միջև սեռական կապից:

Իրկուտսկի ԼԳԲՏ համայնքը

Իրկուտսկի միակ ԼԳԲՏ «Միքս» ակումբ են այցելում քաղաքի գրեթե բոլոր գեյերը, լեսբուհիներն ու տրանսվեստիտները: Դրա հիմնադիրներ Ստանիսլավի և Եվգենիի հպարտության առիթ է այն, որ «Միքսի» բոլոր այցելուները կարող են անվճար ՄԻԱՎ-թեստավորում անցնել: Ըստ նրանց՝ սովորական դեղատանն այդպիսի թեստն արժե մոտ 500 ռուբլի (8 դոլար), իսկ ակումբի այցելուներին խորհուրդ է տրվում այն անցնել ոչ պակաս, քան 4 ամիսը մեկ հաճախականությամբ:

Ստանիսլավն ու Եվգենին կարծում են, որ ՄԻԱՎ և ՁԻԱՀ դեմ պայքարի գլխավոր խնդիրը քաղաքային ՁԻԱՀ-կենտրոնի հետ շփում հաստատելու անհնարինությունն է, որը պետք է լինի այդ խնդրի լուծման գլխավոր կազմակերպիչը: Նրանք պատմում են, որ Ռուսաստանում միասեռականների շրջանում ՄԻԱՎ-ով վարակված լինելու միջին ցուցանիշը կազմում է 18 տոկոս, սակայն ՁԻԱՀ-կենտրոնի ղեկավարությունը հրաժարվում է հատուկ դասախոսություններ անցկացնել ԼԳԲՏ-համայնքի հետ:

Ռուսաստանում նախկինի պես զարգացած է հոմոֆոբիան, անգամ՝ բժիշկների շրջանում: Նրանցից շատերը դիտավորյալ հրաժարվում են բուժել գեյերին ու լեսբուհիներին:

Բժշկական ճանապարհով վարակվելը

Իրինան իր ախտորոշման մասին իմացել է հղիության երկրորդ ամսում: Նրա ամուսինը հրաժարվել է հավատալ, որ Իրինան վարակվել է բժշկական ճանապարհով, և հեռացել է նրանից:

Իրինան առողջ երեխա է ունեցել, դաստիարակում է նրան և զուգահեռ զբաղվում իր փոքր բիզնեսով: Իրինան գլխավոր հերքումն է այն բանի, թե ՄԻԱՎ-ը մարգինալների հիվանդություն է: Նա հաջողակ, գեղեցիկ, լավ վաստակող կին է:

«Ես ֆինանսապես լավ աճ եմ ունեցել՝ շնորհիվ ախտորոշման: Հասկանում ես, որ կյանքն ավարտվել է, սևագիր գրելու ժամանակ չունես: Այժմ ես կրկին բիզնեսի ոլորտում եմ, կարող եմ ինձ թույլ տալ զբաղվել նրանով, ինչ ուզում եմ: Իրկուտսկում ես լեգենդ եմ: Ես տղաների գիտեմ՝ սովորական թմրամոլների, նրանք հիմա հաջող բիզնես ունեն, մեկուկես միլիոն արժողությամբ մեքենա: Իսկ հետո հանդիպում եմ հարևանիս, որն ախտորոշում չունի, և նա 12 հազարով պահակ է աշխատում: Ի՞նչ աքացի է պետք քեզ տալ, որ դու սկսես աշխատել», – ասում է Իրինան:

Նրա խոսքով՝ սկզբում հեշտ չէր ընդունել ախտորոշումը, բայց հետո այն դարձել է ինքնազարգացման խթան:


Կարդալ ավելին JAMnews-ում